Երդվում են առաջին կուրսեցիները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Երդվում են առաջին կուրսեցիները

Երդվում են առաջին կուրսեցիները

Այսօր տոն էր Արցախի պետական համալսարանում, տոնական էր բոլորի տրամադրությունը, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ կրթօջախը  համալրվեց նոր առաջին կուրսեցիներով, որոնք եկել են նոր շունչ տալու համալսարանական կյանքին: Համալսարանում ավանդույթ է, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունն անց է կացվում զոհված ուսանողների հուշաքարի մոտ:

 

Միջոցառման սկզբում զոհված ուսանողների հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակ խոնարհեցին: Սրբատեղի դարձած հուշակոթողի մոտ երդվելով, ուսանողները խոստանում են արժանի հետևորդը լինել նրանց սկսած պայքարին, նրանց արյանն ու գենին: Նրանք 72-ն էին, ովքեր նետվեցին ու մահապարտվեցին հանուն հայրենիքի: Ցավոք ձեռք բերված խաղաղությունը փխրուն էր, անկախ հայրենիք ունենալու համար հավերժի ճամփորդ դարձան նաև Լևոն Միրզոյանը, Վլադիմիր Նարինյանը, Արայիկ Բաբայանը:

 

Այնուհետև ուսանողները երդվեցին հարուստ գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին չընկրկել դժվարությունների առջև, մաքառել գիտության բարձունքները նվաճելու համար, վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմար գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, հարգանքի խորին զգացումով համակվել դեպի դասախոսական կազմը՝ որպես կրթության և գիտության նվիրյալների, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման ուղին բռնած մայր բուհը:

 

2015թ. թվով 487 առաջին կուրսեցիներով են համալրվել ուսանողների շարքերը: Նրանք երդվեցին իրենց մտավոր զարգացմամբ ու բարձր հայրենասիրությամբ դառնալ մեր երկրի անկախության ու ազատության երաշխավորը:

 

Ընդունելության քննություններում բարձր գնահատականների արժանացած ուսանողներին ստուգման գրքույկներ ու ուսանողական տոմսեր հանձնեցին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: Նրանք շնորհավորական խոսք ուղղեցին առաջին կուրսեցիներին:

 

«Արցախցին դարերի ընթացքում ռազմիկ է եղել, բայց հայրենիքի նվիրյալ զինվոր կարելի է դառնալ միայն ու միայն մաքառելով, ձեռք բերելով գիտություն, կրթություն: Վստահ եմ, որ Ձեր ուժը, եռանդը գործի կդնեք ի փառս Հայաստանի և Արցախի», — իր խոսքում նշեց Վահրամ Բալայանը:

 

ԱրՊՀ ռեկտորը, շնորհավորելով ուսանողներին, մաղթեց իրենց գործով դառնալ արժանի քաղաքացիներ և նպաստել հայրենիքի կայացմանը:

 

Միջոցառման վերջում ներկաների համար ցուցադրվեց պարային բեմադրության:

«Ապառաժ»

1