Երբ վրիպումներն անթույլատրելի են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Երբ վրիպումներն անթույլատրելի են

Երբ վրիպումներն անթույլատրելի են

Օրեր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական եւ հոբելյանական` 15-րդ հեռուստամարաթոնը:
Արդեն 15 տարի է, ինչ հայկական իրականության մեջ տարին մեկ օր հայրենիքի հոգսով ու հուսով է ապրում հայության մի ստվար զանգված` իրենց լուման ներդնելով հայրենիքի կերտման եւ հզորացման համար:

 

 

Համահայկական այս մասշտաբային նախաձեռնության գաղափարը կայանում է աշխարհասփյուռ հայության համախմբման շուրջ: Ոչ այնքան կարեւոր է անհատի կողմից տրամադրվող գումարը, որքան նախաձեռնության մասնակից մեր հայրենակիցների քանակը:
Չնայած այն բանի, որ վերջին տարիներին կրկնապատկվել էր հեռուստամարաթոններից գոյացած գումարը, այս տարի ոչ միայն առավելություն չկար, այլեւ լուրջ թվով` շուրջ 8 մլն դոլար պակաս էր անցած տարվա դրամահավաքից:

 

 

Սա խոսում է այն մասին, որ պետք է զգուշորեն մոտենալ մի հարցի, ինչ կապված է ավելի քան 10 մլն հայության հետ: Հեռուստամարաթոնի ամենամյա մասնակիցների թվի քանակական եւ որակական սահմանափակումներն այս տարի լուրջ մտածելու տեղիք պետք է տան հիմնադրամի ղեկավարությանը:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը այն եզակի նախաձեռնությունն է հայության շրջանում, երբ միավորվում են հայության քաղաքական, հասարակական, մշակութային, հոգեւոր բոլոր հատվածները: Այս առումով այն քաղաքական լուրջ գործընթաց է:

 

 

Հայության համախմբումը որեւէ հարցի շուրջ միայն դրական ազդեցություն կարող է ունենալ, եւ այն վտանգավոր է հատկապես մեր հակառակորդների /կամ թշնամիների/ համար:
Համահայկական այս կարեւորագույն նախաձեռնության համար վտանգավոր կարող է լինել վերջին հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարից սիրիահայությանը հատկացվելիք մասնաբաժնի վերաբերյալ վերջերս շրջանառության մեջ գտնված ապակայունացնող հայտարարությունները: Սիրիահայությանը` հեռուստամարաթոնից տրվող գումարի չափի վերաբերյալ հրապարակային քննարկումները կամ շահարկումները, եթե ոչ նույնիսկ միտումնավոր, ապա պարզապես կարելի է որակել քայքայիչ գործունեություն:
Սիրիահայությանն այս շրջանում օգնության ձեռք են մեկնել հազարավոր հայեր աշխարհի տարբեր ծագերից: Կազմակերպված ձեւով տարբեր բնույթի օգություն է ցուցաբերվել եւ Սիրիայի մեր հայրենակիցներին, եւ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն ժամանած սիրիահայերին:

 

 

Աշխարհասփյուռ հայության կողմից սիրիահայությանը տրամադրված օժանդակության համար գոհունակություն են հայտնել սիրիահայ տարբեր ներկայացուցիչներ:
Այսինքն` այն, ինչ չի քննարկվում սիրիահայության շրջանում` կապված հեռուստամարաթոնից սիրիահայությանը տրամադրվող գումարի չափի վերաբերյալ, փոխարենը քննարկում են տարբեր քաղաքական, հասարակական շրջանակներ:

 

Սա լավ բանի չի հանգեցնում: Այն քարոզչական առումով խանգարում է պարզապես համահայկական գործընթացի արդյունավետությանը:
Հայկական սփյուռքի կազմակերպված աշխատանքների դեմ կազմակերպված ծավալուն աշխատանք են տանում թուրքական եւ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները: Եվ չմոռանանք, որ Ադրբեջանը բոլորովի վերջերս, ՀՀ-ից ու ԼՂՀ-ից բացի, իր երկրի թշնամի է համարել նաեւ հայկական սփյուռքը:

 

Սեւակ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

1