Երբ լռեն թնդանոթները…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Երբ լռեն թնդանոթները…

Երբ լռեն թնդանոթները…

Ապրիլյան իրադարձությունները, հիրավի,  կարելի է անվանել Արցախյան երկրորդ պատերազմ: Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, որը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով, մեկ անգամ եւս ստիպեց աշխարհի մեծ թվով երկրների եւ կազմակերպությունների ուշադրությունը սեւեռել Անդրկովկասում շուրջ երեք տասնամյակ տեւող մե՛րթ սառը, մե՛րթ թեժ հակամարտությանը: Այս անգամ եւս հնչող գնահատականները տարաբնույթ էին:

 

Տասնամյակներ տեւող այս հակամարտությունը գնալով վեր է ածվում ավելի բարդ եւ խճճված պատկերի, որն այսօր պատճառ է դարձել հայկական քաղաքական եւ դիվանագիտական մտքի պառակտման ու հակամարտության կարգավորման միասնական տեսլականի բացակայության: Սա անթույլատրելի է հաղթանակած ու հրադադար պարտադրած կողմի համար:

 

Որեւէ բան պետք չէ բարդացնել եւ, առավել եւս, ընկնել մանրուքների հետեւից: Արեւի տակ ազատ եւ անկախ ապրելու համար որեւէ մեկը պարտավոր չէ արդարանալ որեւէ մեկի առջեւ. սա կարճ եւ պարզագույն բանաձեւն էր եւ է, որով պետք է առաջնորդվի հայկական արտաքին եւ ներքին քաղաքական միտքը:

 

Արցախի Հանրապետության ծնունդը արտառոց դեպք չէր աշխարհում, եւ պետք չէ այդ փաստին դիտել տարբեր տեսանկյուններից: Աշխարհում առկա բոլոր պետությունների պես մի օր էլ հռչակվեց մեր պետականությունը, հռչակվեց իր ազգաբնակչության կամարտահայտության հիման վրա, հռչակվեց այս աշխարհում ընդունված նորմերով ու սկզբունքներով, հռչակվեց եւ ստիպված եղավ իր փխրուն ուսերին վերցնել մեծ մարտահրավերներ: Պայքարեց, մաքառեց եւ կանխեց իր նմանի կողմից իրեն ուղղված ագրեսիան ու թելադրեց փխրուն խաղաղություն:

 

Արդեն 25 տարի` Արցախի Հանրապետությունը իրողություն է: Չկա եւ չպետք է լինի հակամարտություն: Կա խնդիր եւ սպառնալիք. հարեւան Ադրբեջանի Հանրապետությունը սպառնում է եւ հստակ գործողություններով փորձում է ոչնչացնել ամբողջական մի երկիր եւ նրա բնակչությանը, միջազգային ընդունված եւ հռչակված բառապաշարով՝ ցեղասպանություն է իրագործում: Այս դեպքում` ինչ ասել է հակամարտություն եւ բանակցություն: Ինչի շուրջ եւ ում հետ պետք է բանակցել. սա է ամբողջ հարցը:

 

Իհարկե, մեծ հպարտությամբ եւ երախտագիտությամբ պետք է արձանագրել կարեւոր փաստը՝ հայկական բանակը կանխում է թշնամու ցանկացած ոտնձգություն եւ երաշխավորում Արցախի բնակչության անվտանգությունը:

 

Սակայն, չլուծված է մնում հիմնական խնդիրը: Մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի այսպես եւ ինչպե՞ս պիտի լուծվի հայ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը:

 

Պետք է հստակ կոչով դիմել համայն աշխարհին՝ ընդունել եւ ճանաչել մեզ համաշխարհային ընտանիքի մեջ` որպես նույն տեսակ, որը վտանգված է:

 

Այլեւս բավական է: Մեր ազատ եւ լիիրավ ապրելու իրավունքը չպետք է խաղաքարտ դարձնել: 25 տարի տեւող խեղաթյուրված քաղաքականությունն իրենց կյանքով սրբագրել են անկախության սերնդի մարտիկները: Այսպես այլեւս անթույլատրելի է: Սա ոչ ազատագրական, ոչ էլ հայրենական պատերազմ է: Սա ապրելու իրավունքի պատերազմ է, որը կարելի էր եւ շրջանցել: Մեր ժողովրդի համար մեծ ճոխություն է` ամեն հարց լուծել մարդկային կյանքով:

 

Ժողովուրդն անհամբեր սպասում է՝ ի՞նչ է լինելու, երբ լռեն թնդանոթները…

<<Ապառաժ>>-ի խմբագրական, 2 մայիս, 2016թ

1