Երբ լուսանկարելն օգնում է մարդ մնալ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երբ լուսանկարելն օգնում է մարդ մնալ

Երբ լուսանկարելն օգնում է մարդ մնալ

Ապրիլյան պատերազմին որպես զինվոր առաջնագիծ մեկնած լուսանկարիչ Արեգ Բալայանն աշխատանքային գործիքը տանն էր թողել։

Անորոշությունը շատ էր, չգիտեին՝ ուր են գնում, ինչ է սպասվում իրենց։ Իսկ այն, ինչ հասկանալի էր, լուսանկարչության համար տեղ չէր թողնում։

Արդեն 10 տարի Արցախի քաղաքացի դարձած երիտասարդն ապարատը հետը «Եղնիկներ» տարավ որոշ ժամանակ անց ու սկսեց նկարել իր ապրածը։

«Իրականում լուսանկարելն օգնում էր մարդ մնալ, փնտրել, գտնել ինչ-որ լուսավոր բաներ, բռնվելու տեղ։ Այնտեղ դրա կարիքը շատ կար։ Ընդհանրապես, ստեղծագործելը շատ օգնում է մարդ մնալուն»,- ասում է Արեգը։

Նրա «Վերջապես հանգիստ» անվանմամբ լուսանկարը «Ավրորա» լուսանկարչական մրցույթում առաջին տեղն է գրավել։ Ընդհանուր առմամբ, մրցույթին 1237 աշխատանք էր ներկայացվել 48 երկրից։ Դրանց մի մասը «Մարդասիրության աչքերով» խորագրի ներքո ներկայացվել  է «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ի երեկոյան՝ մրցանակաբաշխությանը։

 

 

 

 

Մրցույթում երկրորդ տեղն զբաղեցրել է Սարգիս Բուլղադարյանի (Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարը, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) «Անագե պատերի հետեւում» լուսանկարն է:

Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը (Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի եւ Աննա Կարոլին դե Լիման (Բրազիլիա)՝ «Ռաջաստանցի տղան» լուսանկարի համար: Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհել է 2500 ԱՄՆ դոլար պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլար պարգեւ:

Ամփոփվել է նաեւ «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը։ 27 երկրից 184 ֆիլմերի հիմնական թեման փախստականների խնդիրներն են։ Ժյուրիի նախագահ, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ասել է, որ իրենց համար անսպասելի էր մրցույթի աշխարհագրական լայն ընդգրկումը` մասնակիցներ են եղել Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Միացյալ Նահանգներից, Հայաստանից։

Ժյուրիին զարմացրել է մրցույթում Միջին Արեւելքի փոքր ներկայացվածությունը։ Ոչ մասնագիտական ժյուրին նախ առանձնացրել է մրցույթի գաղափարին համահունչ ֆիլմերը, հետո կինեմատոգրաֆիստները մասնագիտական աչքով դիտել են դրանք ու ընտրել հաղթողներին։ Լավագույնն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը՝ «Հայր» ֆիլմի համար (Ուկրաինա):

Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ «Տոնածառ» ֆիլմի (Հայաստան) եւ Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկվադոր) համար:

«Ինչպես աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, կա հումանիզմի մասին ավելի սխեմատիկ պատկերացում՝ տատիկին օգնեց, փողոցն անցկացրեց եւ այլն։ Սա սխեմատիկ ու մի քիչ պրիմիտիվ պատկերացում է՝ առանց հասկանալու խորքային իմաստը, թե ինչ է կատարվում աշխարհում։ Մենք փակված ենք մեր մեջ, ինչը, ցավոք, թողնում է իր հետքը։ Ես կուզենայի մտահորիզոնը լայնանար, պատճառահետևանքը հասկանային» ,- անդրադառնալով հայ ռեժիսորների ֆիլմերին՝ ասել է Էդգար Բաղդասարյանը։

Հաղթող ֆիլմի հեղինակը պարգեւատրվել է 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակները՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլար մրցանակով: Երկու մրցույթների 10 մրցանակակիրները նաեւ բացառիկ հնարավորություն են ստացել մայիսի 28-ին ներկա գտնվելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը։

Մրցութային  ժյուրիների անդամ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը նշել է, որ այս տարի ցանկանում են աշխարհի ուշադրությունը հրավիրել մի գաղափարի վրա, որը ձեւակերպել են որպես
«Երախտագիտություն՝ ի գործ»։ Երախտագիտությունը բառերից բացի նաեւ գործնական քայլերի կարիք ունի։ «Ավրորա»-ի միջոցով հայերը շնորհակալություն են հայտնում 102 տարի առաջ իրենց փրկած մարդկանց՝ տարբեր ծրագրերով աջակցելով աշխարհում ապրող ամենակարիքավորներին։

«Այստեղ, ինչպես ցանկացած գաղափարի մեջ, շատ կարեւոր է արվեստի դերը, հատկապես՝ արդիական, որովհետեւ արվեստը յուրովի ամփոփում է ու գտնում այն բանալիները, որոնցով խոսքերը դառնում են էմոցիա, հետո՝ գործ։ Այդ պատճառով մենք կազմակերպել ենք այս մրցույթների շղթան, որպեսզի հավաքենք մարդասիրական մտքերը նաեւ արվեստի աշխարհից»,-նշել է Արման Ջիլավյանը։

Երկու մրցութային ժյուրիների անդամները հույս ու վստահություն են հայտնել, որ հաջորդ տարի տեխնիկապես եւ մասնագիտական առումով ավելի բարձրորակ աշխատանքներ կստանան։

«Մարդասիրության աչքերով» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 6-ը:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

mediamax.am

1