Երբ դժվարություններից չես երկնչում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երբ դժվարություններից չես երկնչում

Երբ դժվարություններից չես երկնչում

Շարժման ակունքներում կանգնած մեր տղաներն այնքան մաքուր ու անշահախնդիր են, որ նրանց հետ առնչվելիս նոր լիցքեր ես ստանում ու մտածում. ահա այսպիսի տղաներով  է մեր երկիրը կանգուն մնում ու դիմանում բոլոր փորձություններին: Նրանց որդիները՝ այսօրվա մեր դիրքապահները, ոգեշնչված հայրերի՝ 90-ականների սխրանքներով, ոչ միայն ետ չմնացին իրենց հայրենասիրական բարձր հատկանիշներով, այլև հաճելիորեն զարմացրին ողջ հայությանը` ստիպելով մոռանալ բոլոր այսրոպեական տարաձայնությունները: Ուրեմն, հող հայրենին հուսալի ձեռքերում է..

 

Կամո Միրզոյանն առաջին նվիրյալների շարքերում էր: 1990 թվականին դեռ խորհրդային կայսրապետությունը կանգուն էր, և Կամոյին էլ բոլորի պես զորակոչեցին խորհրդային բանակ. Սոչիում պիտի ծառայեր: Սակայն նա այն տղաներից չէ, որ հանգիստ ծառայեր, երբ Արցախն էր վտանգված: Վեց ամիս հետո՝ 1991-ի կեսերին փախավ խորհրդային բանակում ծառայությունից, միացավ կռվող տղաներին: Խնածախ գյուղում 2 կամավորական ջոկատ էր կազմավորվել, ինքը միացավ Արմեն Ավագյանի հրամանատարությամբ կազմավորված Դաշնակցության ջոկատին և առաջին մարտը, որին մասնակցեց, Ջամիլլուի մարտն էր՝ 91-ի դեկտեմբերի 26-ին: Այդ հենակետն իսկական չարիքի էր վերածվել Ստեփանակերտի համար: Ջամիլլուի կրակակետն անհապաղ լռեցնել էր պետք, որին էլ ձեռնամուխ եղավ Խնածախի կամավորական ջոկատը և պատվով դուրս եկավ առաջին փորձությունից:

 

Դրան հետևեց Բերքաձորի (Հասանաբադ) համար մղված մարտը, Մալիբեյլուի վնասազերծումը: Հետո, 1992 թվականի փետրվարի 26-ին մասնակցեց Խոջալլուի մարտերին. օդանավակայանի աջ կողմով մարտեր մղելով մտան Խոջալլու: Այնուհետև Կամոն մասնակցեց Սառնաղբյուր (Աղբուլաղ) գյուղի ազատագրման մարտերին, որտեղ մնացին մինչև ապրիլի կեսերը: Հետագա խոշոր ռազմագործողությունը Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր, որին գյուղի վաշտը մասնակցել է, այսպես կոչված, 26-րդ պահակակետից, որը տեղակայված էր Կրկժանից վեր: Կամավորական փոքր ջոկատները միավորելու անհրաժեշտություն կար, և Այգեստանի, Լուսաձորի ու Խնածախի ջոկատները միավորվեցին մեկ միասնական վաշտի մեջ: «Մի քանի անգամ հետախուզության ենք դուրս գալիս Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ, ապա 1992 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսում ենք ռազմագործողությունը. մեկ ժամվա ընթացքում 3 բարձունք ենք գրավում՝ ուշադրությունը Շուշիից մեզ վրա սևեռելու նպատակով: Այդ ընթացքում Այգեստանի ջոկատը 3 վիրավոր և մեկ զոհ է տալիս, Լենինականի  ջոկատից էլ, շրջապատման մեջ ընկնելով, զոհվում են 13 հոգի: Թուրքերը մեզ վրա մեծ ուժեր են կենտրոնացնում, և ստիպված ետ ենք նահանջում: Հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, համալրում ստանալով, «Պանուր» կոչվող սրբավայրից նորից հարձակման ենք անցնում` հետ վերադարձնելով հանձնած 3 բարձունքներն ու սկսում շարժվել դեպի թուրքական Քյոսալար գյուղը: Դրանից հետո Խայփալու գյուղով մայիսի 17-ին մտնում ենք Շռլան և 7-8 գյուղ մաքրելով, առաջ ենք շարժվում: Նույն օրը մտնում ենք Բերդաձորի ենթաշրջանի 10 Վերստ կոչվող գյուղը: Լաչին մտնելիս մի հետաքրքիր դեպք պատահեց. մեր վաշտը հանդիպեց մի «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի՝ լիքը սննդամթերքով ու զինամթերքով, կողքին էլ խորովածի տաք-տաք շշեր: Երևում է` հենց նոր էին  թուրքերը խուճապահար թողել-հեռացել. խորովածն էլ չէին հասցրել ճաշակել, մեզ բաժին հասավ»:

 

Լաչինում արդեն մեր տղաները Հայաստանի հետ կապող այդ ստրատեգիական կարևորություն ունեցող հաղթանակն էին տոնում: Սակայն թուրքերը, Շուշիի անհաջողությունից կատաղած, Աղդամի ուղղությամբ մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով, հունիսի սկզբներին հարձակվում են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ-Սառնաղբյուր-Արանզամին-Փրջամալ գյուղերի ուղղությամբ: Ասկերանի կամրջից մի քանի մետր հեռավորության վրա, այնտեղ, ուր գետը բաժանվում է երկու մասի, ուժեղ հոսանքը քշում-տանում է հրամանատար Արմեն Ավագյանին: Ուժերի անհավասարության պատճառով թուրքերին հաջողվում է տիրանալ  վերոնշյալ սահմանամերձ գյուղերին: 3-4 ամիս շարունակ այդ գյուղերը թշնամու տիրապետության տակ էին: Նախիջևանիկը 2 անգամ ձեռքից-ձեռք է անցնում, սակայն, ի վերջո, հաջողվում է ազատագրել մեր 4 գյուղերը: Կամոյենց վաշտը հիմնականում Ասկերանի պաշտպանության վրա էր կենտրոնացած, որ հանկարծ թուրքերին չհաջողվի ճեղքել պաշտպանությունը:

 

93-ի փետրվարին շարժվում են Ուղտի մեջք կոչվող տեղանքի վրա: Արմեն Ավագյանի զոհվելուց հետո գյուղի ջոկատի հրամանատար է նշանակվում Կամոյի ավագ եղբայր Սամվել Միրզոյանը:  Մարտը սկսում են առավոտյան վաղ, մոտ 20-25 հոգի իրենց հարևան գյուղերից մարտի մեջ էին մտել: Կամոն խոշոր տրամաչափի գնդացիրով էր կռվում: Մարտի ամենաթունդ պահին դիպուկահարը նկատում է իրեն, նրա արձակած գնդակից ինքը վիրավորվում է: Երբ հրամանատար եղբորն ասում է վիրավորվելու մասին, եղբայրը կարծում է, թե կատակում է, կատակին կատակով է պատասխանում` «Քեզ գնդակ չի կպնի»: Սակայն տեսնելով, որ Կամոն իսկապես վիրավորվել է, շտապ օգնության է հասնում: Այդ ընթացքում թուրքերն անընդմեջ վրա էին տալիս: Կամոյին մարտի դաշտից մի կերպ դուրս բերելով, տեղափոխում են Ասկերան: Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Երբ ուզում էին մնացած վիրավորների հետ իրեն էլ ուղղաթիռով տեղափոխել Երևան, բժիշկներից մեկն ասաց, որ ամենաթեթև վիրավորն ինքն է: Սակայն ոտքը վիրահատելուց հետո վատ մշակման հետևանքով մանրէներ են անցնում վերքի մեջ, և սկսվում է գազային փտախտ: Կամոյին տեղափոխում են այն ժամանակվա մարզային հիվանդանոցը: Մի ծանոթ բուժքույր ասում է, որ վրացի մի լավ վիրաբույժ է եկել, թող տանեն, ցույց տան: Հենց այդ վիրաբույժն էլ Կամոյի վերքն ուսումնասիրելով` ասում է, որ աջ ոտքը պիտի լրիվությամբ անդամահատվի. կյանքը փրկելու միակ ելքն այդ է: Երիկամներն արդեն չէին աշխատում: Գյուղի տղաները հերթ էին կանգնել՝  Կամոյին արյուն տալու համար: Միայն 27 լիտր արյուն փոխներարկելուց հետո հաջողվում է փրկել նրա կյանքը: Քանի որ շատ խորքից է ոտքը կտրված, պրոթեզավորումն անհնար է:

 

Սակայն Կամո Միրզոյանը շարունակում է ապրել լիարժեք կյանքով. Խնածախ գյուղի Դաշնակցության խմբի անդամ է, ազատամարտիկների միության նախագահը: Ապրիլյան դեպքերի ժամանակ 3-4 օրով մարտական հերթապահություն էր անում դիրքերում:

 

Կնոջ՝ Լիլիթի հետ երջանիկ ընտանիք են կազմել: Լիլիթը պատմեց, որ 9-րդ դասարանում են ծանոթացել Կամոյի հետ: Երբ ցանկանում էին ամուսնանալ, իր ընտանիքում ասացին, որ ճիշտ է, Կամոն հաշմանդամ չի ծնվել, բայց իր համար դժվար կլինի ապրել մի ոտքը կորցրած տղամարդու հետ: Սակայն ինքը չընկրկեց: Տնային հարցերում մինչև հիմա էլ կեսրայրն է օգնում: Երեխաներն արդեն մեծ են, աղջիկն ամուսնացել է Երևանում, իսկ տղան պայմանագրային զինծառայող է:

 

ԼՂՀ սոցապ նախարարության «հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու» ծրագրով Կամոն սեպտեմբերի մեկից աշխատանքի է անցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես հակակարկտային կայանի օպերատոր: Կյանքից դժգոհ չէ, միայն թե խաղաղություն և արդարություն լինի երկրում:

 

Լիլիա Բաղրյան

1