Ե’վ քիվեստյան, և’ մադրիդյան, և’ կազանյան փաստաթղթերը Արցախի համար ընդունելի չեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ե’վ քիվեստյան, և’ մադրիդյան, և’ կազանյան փաստաթղթերը Արցախի համար ընդունելի չեն

Ե’վ քիվեստյան, և’ մադրիդյան, և’ կազանյան փաստաթղթերը Արցախի համար ընդունելի չեն

ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին Արցախում է, բանալու տերն էլ Արցախի ժողովուրդն է

Հարցազրույց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

 

— Ղարաբաղյան հիմնախնդիրը կրկին գերտերությունների գերուշադրության կիզակետում է. այն դարձել է տարբեր հարթակներում ակտիվ քննարկվող հարցերից մեկը, նախօրեին ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ընդունվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի հռչակագրում ևս անդրադարձ կար հակամարտությանը: Արցախում ինչպե՞ս են գնահատում այս ակտիվացումը:

 

— Սրանում որևէ արտառոց բան չպետք է փնտրել, կարծում եմ ամեն ինչ գնում է իր տրամաբանական ընթացքով: Ապրիլյան դեպքերը լուրջ ահազանգ էին թե՛ միջազգային կառույցների, թե՛ համանախագահող երկրների համար: Ու խնդրով շահագրիգիռ բոլոր օղակներն այդ ցնցումից այսօր շարժվել են, ու բանականաբար նաև նշված կազմակերպությունների միջոցով պետք է արտահայտեն ապրիլյան գործողությունների հանդեպ իրենց վերաբերմունքը, որպեսզի նաև ի զորու լինեն ապագայում կանխարգելիչ քայլեր ձեռարկել:

 

Առկա է նաև հետևյալ փոփոխությունը, եթե անցած տասնամյակներին ԼՂ հարցի շուրջ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն որպես համանախագահող երկրներ կարողացել են գտնել ընդհանուր եզրեր, ապա կարծես թե ապրիլյան ռազմական գործողությունները երևան հանեցին որոշակի տարաձայնություններ, մոտեցումների ու սկզբունքների հակասականություններ: Իսկ ձեր հիշատակած հայտարարությունների բովանդակության մեջ ակնհայտորեն ուրվագծվում է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առկա որոշ տարակարծությունների համայնապատկերը: Այն, մասնավորաբար, նկատելի է երկու կարևոր` հետաքննական մեխանիզմների տեղակայման և ԵԱՀԿ գործող գրարասենյակի ընդլայնման հարցերում: Բայց կա մի կարևոր հանգամանք, որին մենք պետք է անպայմանորեն անդրադառնանք. այդ ամենի մեջ ոչ մի խոսք չկա ԼՂՀ ներգրավվածության մասին: Եթե ապրիլյան օրերին ՌԴ վարչապետի, նաև համանախագահների մակարդակով որոշակի ակնարկներ եղան բանակցային գործընթացին Ղարաբաղյան կողմի ներգրավվածության մասին, ապա այսօր այդ մասին չեն խոսում: Գերմանիայի ԱԳ նախարարի ու համանախագահների հետ ԼՂՀ նախագահի վերջին հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը հստակ հնչեցրեց այդ խնդիրը, դա կարևոր ազդակ էր, որ ԼՂ հարցի հանգուցալուծումն առանց ԼՂՀ ներգրավվածության չի կարող լինել լիարժեք, չի կարող մեզ համար լինել ընդունելի:

 

— Համանախագահները հաճախ են ասել` ինչ-որ փուլում Ղարաբաղը կմասնակցի բանակցային գործընթացին, իսկ թե խոսքն ի՞նչ փուլի մասին է` մնում է անորոշ:

 

— <<Ինչ-որ փուլ>> ասվածը տարբեր կողմերի համար տարբեր ընկալում ունի: Թե ի՞նչ են հասկանում համանախագահները <<ինչ-որ փուլ>> ասելով` իրոք անհայտ է, ես դա համարում եմ <<փակված փակագիծ>>: Բայց հայկական կողմի համար շատ պարզորոշ է` բոլոր փուլերում պետք է լինի Ղարաբաղյան կողմի ներգրավվածությունը, բոլոր փուլերում ԼՂՀ-ն պետք է ունենա իր ուղղակի դերակատարությունը: Այսօր Ղարաբաղն ունի անուղղակի դերակատարություն և սրա ազդակն այն է, որ համանախագահողները չեն կարող հաշվի չնստել Ղարաբաղյան գործոնի ու մոտեցումների հետ:

 

— Հայաստանում կա մտավախություն, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը փորձում է իր ձեռքը վերցնել մենաշնորհը` փակուղի մղելով Վիեննայում ձեռք բերված պայմանավորավածությունները: Ի՞նչ կարծիք կա Արցախում:

 

— Նախ կուզեմ ասել հետևյալը. մենք չպետք է քամահրանքով վերաբերվենք մեր պատմության դասերին, հակառակը, մեր պետական, քաղաքական գործիչներն այդ դասերը պետք է լրջորեն ուսումնասիրեն, սերտեն ու հաշվի առնեն: Մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը ոչ միայն ռուսական կողմի վարվող քաղաքականության հանդեպ, այլ բոլոր կողմերի: Ինքներս պետք է մեզ հարգենք, թերահավատությամբ չվերաբերվենք սեփական ուժերին ու գնահատենք այն: Աշխարհի օրենքն է` օտարը, արտաքին ուժերը փորձելու են իրենց գերիշխանությունն հաստատել և իրավիճակը վերցնել իրենց ձեռքը: Մենք պետք է փորձենք մեր խաղը խաղալ ու իրենց մեծ խաղում նաև մեր քայլերը թելադրել: Սա է կարևորը:

 

Այսօր հաճախ ենք տեսնում, որ համանախահագող երկրներից որևէ մեկը փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ցույց տալ, թե հիմնահարցի լուծման ամբողջական բանալին, փաթեթը հենց իր ձեռքում է: Անցյալում նման դիրքորոշում են ունեցել Ֆրանսիան, ԱՄՆ-ը: Իսկ այսօր այդպիսին է Ռուսաստանի կեցվածքը: Բայց նրանք բոլորը մոռանում են մի շատ կարևոր հանգամանք. հիմնախնդրի հանգուցալուծման բանալին գտնվում է միմիայն Արցախում և բանալու տերը Արցախի ժողովուրդն է: Մնում է, որ այդ բանալին ճիշտ օգտագործվի, որպեսզի փականը բացվի ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում` արցախցու ձեռքով:

 

-Ավելի հաճախակի են դարձել խոսակցությունները բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին: Օրերս էլ հարցը բարձրացվել է ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում` Շվեդիայի պատվիրակության ղեկավարի կողմից որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ակտիվացնելու նպատակով արվող քայլ: Ավելի վաղ Ադրբեջանն էր այդ միտքը շրջանառել` իհարկե, ներկայացնելով սեփական պատկերացումները, իսկ ի՞նչ է անում հայկական կողմը:

 

— Բանակցային ձևաչափի փոփոխման հայտ, այո, նախ ներկայացրեց Ադրբեջանը: Որպես ապրիլյան գործողությունների դրական արդյունքը, Ադրբեջանը ուզում էր տեսնել փոփոխված ձևաչափ: Իսկ ադրբեջանական տարբերակով դա Ղարաբաղը որպես կողմ ամբողջապես դուրս մղելն է: Բայց դա նրան չհաջողվեց: Մենք այն համոզման ենք, որ ձևաչափի փոփոխությունը չի կարող գործընթացում էական փոփոխության հանգեցնել, քանի դեռ Ղարաբաղը ընդգրկված չէ բանակցություններում: Մեզ համար կարևորն այն է, որ մոտեցումների ձևաչափի մեջ լինի ռազմավարական էական փոփոխություն, ինչը մենք այսօր չենք տեսնում:

 

Դառնալով հարցին` ի՞նչ է անում հայկական կողմը, ես առիթ եմ ունեցել խոսելու հայկական դիվանագիտության կողմից վարվող ոչ բավարար քաղաքականության մասին, ներկայացնելով արտաքին գերատեսչության խղճուկ վիճակը, նրա ոչ արդյունավետ քայլերը: Մենք պետք է մեր հիմնական շեշտադրումներն այդ գերատեսչության միջոցով արմատավորենք, մենք կարող ենք հասնել հաջողության, եթե հայկական դիվանագիտական կորպուսը գործի որպես մեկ միասնական ճակատ: Ցավոք միշտ չէ, որ մեր արտաքին գերատեսչությունը կարողանում է իր շուրջը համախմբել հայության ներուժը` սփյուռքյան լոբբին, հայ դատի գրասենյակները, հայկական կազմակերպություններին:

 

— Ապրիլյան դեպքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի ունեցավ նախ Վիեննայում` ԱՄՆ-ի, ապա Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի հովանու ներքո. սպասվող փարիզյան հանդիպումը համարենք երրորդ համանախագահող երկրի հերթական նախաձեռնությո՞ւն, թե՞ ավելի լուրջ սպասելիքներ ունենանք:

 

— Յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, փորձում իր դերակատարությունը բարձրացնել, այդ առումով ես լուրջ ակնկալիքներ, սպասելիքներ չունեմ Փարիզի հանդիպումից, ինչպես նաև ապագա հանդիպումներից: Այդ հանդիպումներում կա մեկ դրական կողմ` դրանք կարող են դառնալ բանակցային գործընթացի վերսկսման հիմք:

 

Բայց պետք է նաև գիտակցենք, որ այդ հանդիպումներոի ընթացքում աստիճանաբար փորձում են սեխմել մեր շուրջը ստեղծված օղակը: Մենք պետք է կարողանանք դիմակալել այդ ճնշմանը, չպետք է այնքան թուլանանք, որ այդ օղակը մեզ խեղդամահ անի` հասցնելով կրիտիկական իրավիճակի:

 

— Կազանյան փաստաթուղթն այդ սեղմող օղակներից մեկը չէ՞, որ այսօր փորձ է արվում բերել բանակցությունների սեղան:

 

— Ես պետք է ասեմ, որ այսօր առկա բոլոր փաստաթղթերը, սկզբունքները մեկը մյուսի շարունակությունն են, մեկը մյուսից ոչնչով չեն տարբերվում: Ե՛վ քիվեստյան, և՛ մադրիդյան, և՛ կազանյան սկզբունքներն ու փաստաթղթերը ղարաբաղյան կողմի համար անընդունելի են:

 

Երբեմն համանախագահողները մեզ ասում են` պատրա՞ստ է հայկական կողմը գնալ այս կամ այն քայլին: Ես էլ ուզում եմ հասկանալ, իսկ պատրա՞ստ են համանախագահողները անել քայլեր, որոնք կբխեն ԼՂՀ-ի ու մեր ժողովրդի իրական շահերից: Իսկ այդ շահերը մենք շարադրել ենք 1990-ի սկզբից` 91-ի անկախության հանրաքվեով, 2006-ին մեր ընդունած սահմանադրությամբ, ուր հստակ ուրվագծվում է մեր քաղաքական գիծը: Իսկ ապրիլյան իրադարձությունները մեր ժողովրդի մեջ ավելի արմատավորեցին, ավելի խորացրին մեր հողին ամուր կառչած մնալու գաղափարը:

 

— Ի՞նչ եք կարծում, այս բոլոր հանդիպումների, տարբեր հարթակներում տարվող ակտիվ դիվանագիտական աշխատանքի արդյունքը կլինի՞ կայուն հրադադարի հաստատումը:

 

— Բիսմարկյան արտահատությամբ պատասխանեմ` պատերազմը դա քաղաքականության շարունակություն է ` ռազմական բնույթ ստացած: Այսինքն, մեկը մյուսով փոխկապակցված են ու, եթե դիվանագիտական ասպարեզում կա որոշակի փակուղի, բնականաբար այն տանում է դեպի պատերազմ:

 

Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր դիվանագիտական հնարավորությունները, կարողանանք կառչել քաղաքական ասպարեզում չերևացող թելերին ու հասնենք կայունության, խաղաղության հաստատման: Հայ զինվորն իր գործն արեց ապրիլյան օրերին, ինչը մեր դիվանագիտության համար լուրջ ազդակ է, խթան: Հիմա եկել է այն ճիշտ օգտագործելու պահը:

 

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

armarlur.com

1