«Ե’վ ապրում է աշխարհը, ե’ւ ապրում է Վանը»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » «Ե’վ ապրում է աշխարհը, ե’ւ ապրում է Վանը»

«Ե’վ ապրում է աշխարհը, ե’ւ ապրում է Վանը»

Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Գուրգեն Մահարու (օգոստոսի 1, 1903, Վան — հունիսի 17, 1969, Պալանգա, (Լիտվա), աճյունը ամփոփվել է Երևանում) ծննդյան օրն է։

«Հուլիս:

Ծովից ոչ հեռու փռվել է հնադարյան քաղաքը, որպես  կանաչավարս,  հեքիաթային գեղեցկուհի, որպես  հեքիաթ  ու գեղեցկություն:

Այգինե՜ր, այգինե՜ր, այգինե՜ր,  խիտ, կանաչ,  զարմանալի կանաչ այգիներ, բարձրաբերձ բարդիներով  և բերքառատ  մրգաստաններով, ուր  հասնում է  խնկանման  վիթխարի մալաչեկ  տանձը, մալաղեկն ու մեղրուկը,  ուր բուրում է դալասլի խնձորը, լցվում են  խաղողի  ողկույզներն  առաջին  մայրության  առատ ու լեցուն կրծքերի պես, սեթևեթ ու մատչելի  հմայում է ծիրանը, ծանրանում է սերկևիլը, երգում է դամոնը, ոլորվում են  այգիներում արահետները,  խնկում են  ծաղիկները, ու  այս  ամենի վրա  շողշողում է  վիթխարի մի արև,  թավալվում է ինքն իր վրա, մոլեգնում է,  թափում իր  ջերմ գրգիռն ու  արևային տարփանքը,  և՛  ապրում է  աշխարհը,  և՛ ապրում է Վանը:

Եվ  ապրում է  Վանը հիշատակներով և  օրորոցներով, ծերունիները  հիշում են  իրենց մանկությունը`  նստած մի ծառի տակ, իսկ  նրանց  թոռները խաղում են  խոտերի ու սեզերի հետ,  ճչում են  սուր  ու մանկական հրճվանքով`  նմանեցնելով  իրենց  ձայնը  արոսի  ու ապռնակի,  ծիծեռի ու  ճախարակի ձայներին:

Տները  մեծ,  փոքր,  եվրոպական, ասիական, բազմաոճ  ու քմահաճ,  թաքնված են  ծառերի  ու ծառաստանների, այգիների  ու այգեստանների մեջ:  Քաղաքը հեռվից նման է մի երկայնաձիգ անտառի,  ու մոտեցի՛ր, մոտեցի՛ր, նույն  անտառն է, իսկ երբ  ներս մտնես  նրա կանաչ դարպասներից,  տեսնես իր խաչաձևող  փողոցներն ու  տները, քեզ հեքիաթ կթվա   նրանց գոյությունը,  ու դու կմտածես,  որ, ուր որ է,  կցնդեն  փողոցներն ու  տները  ու կմնան  անտառը, առուները, կմնաս դու:

Բայց կմնան  փողոցները, կնայեն տները, կհոսեն  առուները, կխշշան  այգեստանները, ու կապրի  աշխարհը, ու կապրի Վանը…»։

«Այրվող այգեստաններ» (1966 թ.)

1