Ես եմ իմ խաղաղ Արցախը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ես եմ իմ խաղաղ Արցախը

Ես եմ իմ խաղաղ Արցախը

Անի Ասատրյանը ծնվել է Երևանում 1989թ-ին: 6 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Արցախ`Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղ: Վերաբնակեցվող Արցախում այդ տարիներին ապրելը հեշտ չէր. «Քանի որ մենք առաջին բնակիչներն էինք, գյուղում ոչ ջուր կար,ոչ լույս: Գյուղի տղամարդիկ զբաղված էին ջուր և լույս քաշելով,իսկ մնացած ամբողջ հոգսն (հող,անասուն և այլն) ընկած էր երեխաների վրա և մենք այդ ամենը պատվով կատարում էինք: Չնայած նրան, որ մենք լինելով 6-7 տարեկան, չունեինք խաղալու ժամանակ, անում էինք բավականին բարդ գործ, բայց մենք մեզ երջանիկ էինք զգում ու շատ սիրում էինք մեր գյուղը: Երբեմն հարցնում էին` Երևանում է լավ, թե գյուղում, ու ես շատ վիրավորված, որ մեր գյուղը համեմատում էին Երևանի հետ, պատասխանում էի՝ իհարկե մեր գյուղում»,- ասում է Անին:

Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո  ընդունվել է Երևանի Պետական Հումանիտար քոլեջի իրավագիտություն բաժին: Ավարտելուց հետո 2012-ին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ուսումնասիրելով   Ագրոբիզնես և շուկայաբանություն: Հիմա սովորում է 5-րդ կուրսում. «Արցախը միանշանակ օգնեց ինձ մասնագիտություն ընտրելու հարցում: Բոլորս էլ գիտենք, որ Արցախն ունի շատ մեծ ռեսուրսներ և տեղի բնակիչներին մեծ հնարավորություններ է տալիս ապրելու և արարելու, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Քաշաթաղը լինելով Արցախի ամենամեծ շրջանը և գտնվելով բարենպաստ գոտում, իր որոշիչ դերն ունի գյուղատնտեսության զարգացման մեջ: Վերոնշյալը գիտակցելով, ընտրել եմ այն մասնագիտությունը, որով ես կկարողանամ աջակցել իմ սիրելի Քաշաթաղի զարգացմանը»,- պատմում է Անին:

Անին մեծ ցանկություն ունի իր մասնագիտությամբ աշխատել Արցախում և հենց Քաշաթաղում,որովհետև իր մասնագիտական աճի համար  լավագույն տարածքը տեսնում է Արցախում: Այժմ ժամանակ առ ժամանակ փոքրիկ ծրագրեր է իրականացնում, հիմնականում շեշտը դնելով Քաշաթաղի վրա: «Քաշաթաղն ինձ համար մի այլ աշխարհ է,աշխարհ,որն ինձ տվեց յուրահատուկ մանկություն, կյանքի մեծ դպրոց»,- ասում է նա ու ավելացնում՝ ես եմ իմ խաղաղ Արցախը:

 Արաքսյա Միրզոյան

1