Եթե նույնիսկ ոչ ոք` մենք պահանջատեր ենք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Եթե նույնիսկ ոչ ոք` մենք պահանջատեր ենք

Եթե նույնիսկ ոչ ոք` մենք պահանջատեր ենք

Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի եւ հարցուպատասխանի արձագանքներն այնքան բուռն էին` ոչ այնքան այն պատճառով, որ ՀՀ ղեկավարը խոսում էր, թե որտեղ է ավարտվում Հայաստանի համար Մաքսային միության սահմանները, որտեղից սկսվում Եվրամիությունը, կամ այլ` ՀՀ-ի համար կարեւորագույն խնդիրներ էին արծարծվում, այլ զուտ այն բանի համար, թե ինչպես է իրեն պահել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

 

Մի կողմ թողնելով նեղ անձնական խնդիրներն ու վիրավորանքները, որոնց պակաս չի զգացվում ՀՀ թե’ իշխանությունների, թե’ ընդդիմության ճակատում, ընդգծում ենք շատ ավելի կարեւոր խնդիր, որն արձանագրվել է նույն ՙշոու-ցերեկույթի՚ ժամանակ, ինչը, ցավոք սրտի, անարձագանք է մնացել մեր հանրության կողմից:
ՀՀ նախագահը թույլ է տվել մեծ սայթաքում, ուղղակի կուլ գնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակի հարցին:

 

ՙՄենք երբեք Թուրքիային որեւէ տարածքային պահանջ չենք ներկայացրել, եթե մի այդպիսի հայտարարություն, մի այդպիսի ելույթ դուք ցույց տաք, ես ձեզնից ներողություն պիտի խնդրեմ՚,- պատասխանելով ԵԽԽՎ-ում իրեն ուղված հարցին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Եթե Սերժ Սարգսյանը ՙմենք՚ ասելով նկատի էր առնում զուտ ՀՀ իշխանություններին, ապա սփոփվելու տեղ ունենք, որովհետեւ դա ժամանակավոր եւ զուտ իշխանական տեսակետ է:

 

Իսկ եթե ՀՀ նախագահը նկատի ուներ հայ ժողովրդի, կամ գոնե ՀՀ բնակչության տեսակետը, ապա, մեղմ ասած, նա շփոթել է, որովհետու թե’ համայն հայության եւ թե’ ՀՀ-ում գործող քաղաքական ուժերի, տարբեր կազմակերպություների, քաղաքացիական հասարակության մակարդակով մինչ օրս արդիական է Հայաստանի կորսյալ տարածքների վերադարձման` միշտ հայ ժողովրդի սերունդների օրակարգում պահելու խնդիրը:

 

Եթե այսօր ՀՀ իշխանությունները չունեն նման խնդիր իրենց առջեւ դրած, ապա որեւէ իրավունք էլ չունեն հանել այդ հարցը սերունդերի հասանելիք իրավունքից:
Այս դեպքում` ինչպես հասկանալ վերջերս կայացած` ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՚ խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ նախկին գլխավոր դատախազի ելույթը.

ՙԻնչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հարցերին, ապա այստեղ էլ հայ իրավաբանները լուրջ անելիքներ ունեն: Այստեղ մի շարք իրավաբանական խնդիրներ են ծագում: Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի Ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ` ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ՚,- ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՚ խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ /մեջբերում ելույթից/:

 

Համենայնդեպս, փոշմանել են ՀՀ իշխանությունները, թե չէ, սխալվել են ՀՀ իշխանությունները, թե չէ, գիտակցում են ՀՀ իշխանությունները, թե չէ` մենք պահանջատեր ենք արդեն շուրջ մեկ դար մեր իրավունքների եւ կորուսյալ Հայրենիքի վերադարձման համար, հանուն որի մենք պայքարում ենք ամեն օր թե’ ներքին եւ թե’ արտաքին ճակատում:

 

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1