«Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք մարդ պիտի ըլլաք». 11 տարի՝ առանց Դինքի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք մարդ պիտի ըլլաք». 11 տարի՝ առանց Դինքի

«Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք մարդ պիտի ըլլաք». 11 տարի՝ առանց Դինքի

Այսօր  պոլսահայ հայտնի լրագրող,  Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ թերթի՝ «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 11-րդ տարելիցն է:

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում:  Պոլիս տեղափոխվելուց հետո նրա ծնողներն ամուսնալուծվել են, և նա հայտնվել է Գետիքփաշայի հայկական որբանոցում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը՝ Ռաքելին:

1996 թվականին Դինքը հիմնում է «Ակօս» թերթը, որը դառնում է Թուրքիայի միակ հայալեզու պարբերականը:

Հրանտը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները համարձակ մեկնաբանող հոդվածներով, և պատահական չէ, որ 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս» խմբագրատան առջև՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցների անմեղ զոհն է դառնում։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր` «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց` հանուն արդարության և Հայոց ցեղասպանության ճշմարտությունը թուրք ժողովրդին ներկայացնելու համար, և չվարանեց իր կյանքով վճարել` այդ նպատակն իրականացնելու համար:

Դինքն իր նպատակին հասավ, թե՝ ոչ, չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ նրա մահով շատերը համարձակություն գտան` բարձրաձայնելու իրենց հայ ինքնության մասին:

Իսկ նրա մահվան մասին կարելի է ասել՝ թիկունքին արձակված կրակոցը չսպանեց նրան, այլ միայն անմահացրեց: Ստորեւ վերահրապարակում  ենք հատվածներ Հրանտ Դինքի ելույթներից, որոնք այնքա՜ն արդիական են ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների համար:

* * *

Հիմա Թուրքիո մեջ բոլոր այս շարժումները մեջտեղ հանեցին ինքնության հարց՝ ո՞վ է թուրքը: Քուրդը ըսավ՝ ես թուրք չեմ՝ քուրդ եմ: Ես ալ օր մը գացի Ուրֆայի մեջ, ինձի հարցում մը հարցված էր, որ «ամեն օր ձեր դասարանին մեջ, դպրոցներում մեջ «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» կսեք, ամենօրվա ձեր ելույթը կունենաք, ի՞նչ կզգաք»: Ես ալ ըսի՝ ես շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ:

 * * *

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը կսէ, որ «հայերուն մեկ կտոր քար իսկ չեմ տար»: Իր քարը թող իրեն մնա: Այո’, մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք: Աչք ունինք, բայց չի կարծեք, որ պիտի գանք և այս հողերը շալկենք, տեղ մը պիտի տանինք: Մենք պիտի գանք այս հողերուն տակը պիտի մտնենք: Ահա, այդքան աչք ունինք այս հողերուն վրա:

* * *

Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք պիտի օգտվիք, դո’ւք մարդ պիտի ըլլաք: Ես իմ պապերուս ցավը, իրականությունը կշալկեմ, հավիտյանս հավիտենից պատիվովս կտանիմ, բայց ձեզի~ ի՞նչ պիտի ըլլա: Եթե չի ճանաչեք, այսպես պիտի մնաք: Անգամ մը ևս պիտի գործեք: Հայերը ջարդեցիք, հիմա քուրդերը պիտի ջարդեք: Աս է իրականությունը:

* * *

Ես որևէ ազգի՝ ոչ ֆրանսացիներեն, ոչ գերմանացիներեն, ոչ ամերիկացիներեն Ցեղասպանության ճանաչման նկատմամբ աշխատանք չեմ տարած և չեմ տանիր, որովհետև իրենց երբե’ք չեմ վստահած, չեմ վստահիր ալ…:

* * *

Այո, երբեմն, մարդ եմ, կվախնամ: Դժվարություններ կապրիմ այդ երկրին մեջ: Երբեմն սպառնալիքները կհասնին ոչ թե իմ անձիս, այլ մինչև իմ ընտանիքիս: Այդ ատեն կվախնամ: Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել: Երբեմն կմտածեմ՝ առնեմ զավակներդ, դուրս երթամ, բայց մինչև այսօր չգացի՝ մնացի: Տեսնենք՝ ասկե վերջ…:  

 * * *

Եթե դուք կկարծեք, որ Թուրքիայի հասարակությունը իրականությունը գիտե և կուրանա, այդպես շարունակեցեք: Ո’չ, իրականությունը չի գիտեր: Ինչ-որ գիտե, անիկա կպաշտպանե: Ուրեմն, ձերը՝ չեմ գիտեր, բայց իմ առաջին պարտականությունս անոնց իրականությունը գիտցնելն է: Այս ուղղությամբ կաշխատինք մենք Թուրքիո մեջ, ասոր համար ալ պետականությունը մեզի չի վարձատրեր: Այո’, երբեմն կվարձատրե՝ բանտարկելով, կամ դատապարտելով:

Արազ Գայմագամեան

1