Եթե Արցախից մարդիկ այցելեն Լիտվա, նույնպես վատ չի լինի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Եթե Արցախից մարդիկ այցելեն Լիտվա, նույնպես վատ չի լինի

Եթե Արցախից մարդիկ այցելեն Լիտվա, նույնպես վատ չի լինի

Լիտվացի խորհրդարանական Ալգիս Կաշետան, ով երկրի խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին հռչակագրի նախաձեռնողներից է, կարեւոր է համարում այն, որ Լիտվան չպետք է հետ կանգնի այն սկզբունքներից, որոնք կային 25 տարի առաջ: «Մենք այն ժամանակ շատ հստակ հասկանում էինք եւ հռչակեցինք, որ մենք աջակցում ենք ԼՂՀ-ի ազգաբնակչությանը:

 

 

Մենք հասկանում էինք այն ցանկությունները, որ նրանք ունեն, եւ մենք, իհարկե, այն ժամանակ տարբեր մարմինների ուղարկեցինք տարաբնույթ հեռագրեր, ընդունեցինք տարբեր բանաձեւեր, Մոսկվա ուղարկեցինք տարբեր հեռագրեր, որոնցով մեր աջակցությունն էինք հայտնում ԼՂՀ բնակչությանը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց լիտվացի պատգամավորը: Նա նշեց, որ իրենց նախաձեռնությամբ շեշտում են, որ պետք է վերհիշել այն, ինչը մոռացել էին Լիտվայում: Իսկ Լիտվայում, ըստ Կաշետայի, մոռացել են, որ Արցախում մարդիկ ապրում են մեկուսացման մեջ, եւ նրանց աջակցություն է հարկավոր: «Եվ կարեւոր էր ընդգծել, որ Լիտվայում կան մարդիկ, ովքեր չեն մոռացել այն բանաձեւերն ու հեռագրերը, որոնք մենք ընդունել էինք 25 տարի առաջ»,- ասաց լիտվացի խորհրդարանականը:

 

 

Yerkir.am-ին Արցախի լիտվացի բարեկամը հայտնեց, որ բարեկամության խումբ ստեղծելու մասին հռչակագիրն արդեն իսկ ստորագրել են Լիտվայի խորհրդարանի` Սեյմասի 10 պատգամավորներ: Նա հույս հայտնեց, որ աջակիցների թիվն ավելին կլինի, երբ Լիտվայի խորհրդարանում սկսվի առաջիկա նստաշրջանը` մարտի 10-ից: «Եվ այդ ժամանակ, մենք, իհարկե, կփորձենք բարեկամության այս խումբը գրանցել պաշտոնապես, նաեւ կջանանք, որ էլ ավելի շատ խորհրդարանականներ աջակցեն այս խմբին»,- ասաց Ալգիս Կաշետան: Լիտվայի խորհրդարանի կողմից Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին հռչակագիրը հետաքրքրանում է նաեւ այն առումով, որ Լիտվան Եվրամիության անդամ է: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ արձագանք կլինի Եվրամիության այլ երկրների խորհրդարանականների կողմից այս նախադեպային հռչակագրի վերաբերյալ:

 

 

Ալգիս Կաշետան մեզ հայտնեց նաեւ, որ դեռեւս հնարավորություն չի եղել այս հարցի շուրջ քննարկումներ ունենալ Եվրամիության գործընկերենրի հետ, բայց հավաստիացրեց, որ իրենք` հռչակագիրը ստորագրած պատգամավորները, նրանց կներկայացնեն իրենց մտքերն ու պատկերացումները, եւ հույս հայտնեց, որ ԵՄ մյուս երկրների խորհրդարանականների կողմից եւս արձագանքներ կլինեն: «Թե ինչպես դա կանդրադառնա Եվրամիության հետագա քաղաքականության վրա, ինձ համար այժմ դժվար է ինչ-որ հետեւություններ անել, բայց ես համոզված եմ, որ այս քայլը անհրաժեշտ էր: Լիտվան ԵՄ-ում միշտ եղել է որոշակի քայլերի նախաձեռնող, եւ ես հույս ունեմ, որ այս քայլը Եվրամիությունում նույնպես ինչ-որ արդյունքներ ու հետեւանքներ կունենա` հետագայում»,- նշեց Ա. Կաշետան: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Արցախի հետ բարեկամությունը գործնական հիմքերի վրա բերելու ավելի հստակ պլաններ կլինեն` կհավաքվի բարեկամության խումբը, կքննարկեն, թե ինչպիսի շփումներ են հնարավոր, իրենց կողմից ինչպիսի աջակցություն է հարկավոր Արցախի ժողովրդին: Ըստ այդմ` կորոշվի, թե ինչպես պետք է աշխատի այդ բարեկամության խումբը: Լիտվացի խորհրդարանականը նշեց, որ այդ համագործակցությունը առաջին հերթին կլինի մշակութային շփումների տեսքով եւ այլն:

 

 

Ալգիս Կաշետան ասաց, որ եթե Արցախից մարդիկ այցելեն Լիտվա` իրենց մշակութային նախաձեռնություններով, նույնպես վատ չի լինի: Իսկ իր` Արցախ այցելելու հանրավորության մասին էլ լիտվացի պատգամավորը ասաց, որ եթե երբեւէ Արցախ այցելելու հնարավորություն ստեղծվի, տեղում` սեփական աչքերով տեսնելու, թե այնտեղ ինչ է կատարվում, ինչ գործընթացներ են ընթանում, ինքն անպայման կօգտագործի այդ առիթը` առանց մտածելու կամ վախենալու Ադրբեջանի կողմից persona non grata ճանաչվելու մտքից: Yerkir.am-ի հարցին` ներքին եւ արտաքին քաղաքական ճնշումների մեծացման դեպքում չի՞ նահանջի Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու հռչակագիրը կյանքի կոչելու գաղափարից, Ալգիս Կաշետան հայտնեց, որ Լիտվայի խորհդարանականը ապրում է ազատ երկրում, ազատ քաղաքացի է, ունի ազատ մանդատ` խորհրդարանականի մանդատ, եւ եթե իրենք գործում են սեփական խղճի մտոք եւ Սահմանադրության համաձայն, ապա ոչ ոք չի կարող իրենց պարտադրել սեփական ստորագրությունից հրաժարվել:

 

 

Վերջում նա ամենաջերմ ու բարեկամական ողջույնները հղեց ամբողջ հայ ժողովրդին, շնորհավորեց Արցախի միջազգային ճանաչման գործում այս կարեւոր ձեռքբերման համար եւ հույս հայտնեց, որ հայ-լիտվական բարեկամությունը, որը վաղուց է սկսվել, այդպես էլ կշարունակվի: «Մենք դեռ միասին երկար ճանապարհ կանցնենք եւ կհասնենք այնպիսի հարցերի լուծման, որոնք կարեւոր են մեր երկու երկրների համար»,- եզրափակեց Ալգիս Կաշետան:

Հիշեցնենք խորհրդանշական մի իրողություն` Հայաստանի Հանրապետության անկախությունը պաշտոնապես առաջինը ճանաչել է Լիտվան…

 

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ

1