ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փոփոխություններ են տեղի ունենում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փոփոխություններ են տեղի ունենում

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փոփոխություններ են տեղի ունենում

Aparaj.am-ի բացառիկ հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետ:

 

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը օրեր առաջ հրապարակել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հարցազրույցը, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններից եւ գործողություններից:

 

ԱՄՆ կառավարությունը չի կիսել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հնչեցրած գնահատականը եւ շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ստանձնած հանձնառություններին: Միաժամանակ, ԱՄՆ-ը կոչ է արել երկու կողմերին՝ ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր:

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյայի բարձրացրած <<մտահոգությունը>> իրականում իր մեջ ներառում է արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներ, ինչի շարժառիթները պետք է երկու հարթության մեջ դիտարկել:

 

<<Սկսենք արտաքին քաղաքական ոլորտից: Նախ եւ առաջ՝ պարոն Ուորլիքի հայտարարությունները նոր փուլ են բացում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որովհետեւ նա բացահայտորեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել խեղաթյուրված  ձեւաչափը: Իր կողմից հնչեցված այն գաղափարները, որ հակամարտությունը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ է եւ, որ անհրաժեշտ է, որպեսզի Արցախը բանակցային կողմ դառնա, սա հենց նման փոփոխությունների վկայությունն է: Իհարկե՝ մտածել, որ պարոն Ուորլիքը, լինելով շատ փորձառու դիվանագետ, աշխատելով շատ կարեւոր  եւ պատասխանատու պաշտոններում, կարող է նման հայտարարություններ անել առանց խորհրդակցելու ԱՄՆ  արտաքին քաղաքական գերատեսչության  կամ  ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ,  բնական է՝ նման բան չի կարող լինել: Հետեւաբար, մենք տեսնում ենք, որ փոփոխություն է տեղի ունենում հենց Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն, նրանք ունեն միասնական պատկերացում այդ գործընթացի վերաբերյալ: Սա չի նշանակում, որ հենց վաղը ձեւաչափը կվերականգնվի, բայց արվում է կարեւոր մի քայլ,  եւ Ադրրբեջանը սա դիտարկում է որպես իր շահերին վնաս հասցնող մի զարգացում, քանի որ չի ուզում հակամարտության կարգավորում: Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտության համապարփակ կարգավորման մեջ, եւ իշխող կլանին ու նրա շուրջ համախմբված ուժերին շատ ավելի ձեռնտու է իրավիճակը թողնել այնպես, ինչպես որ կա: Հետեւաբար, սկսում են այդպիսի քայլեր կատարել: Բացի դրանից, այստեղ կա նաեւ այլ հարց: Քանի որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ փոփոխվում է ոչ թե հարավկովկասյան, այլեւ հարակից տարածաշրջաններում, որտեղ ակնհայտ է շահերի եւ մրցակցության բախում եւ ուժեղացում, հետեւաբար՝ Ադրբեջանն այստեղ էլ փորձում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել: Նա մեղադրում է ամերիկացի համանախագահին, բայց մեղադրում է անձնավորած: Ադրբեջանը չի համարձակվում մեղադրել ԱՄՆ-ին, բայց անձնավորած ձեւով նույն ԱՄՆ-ին է մեղադրում, չի կարողանում մեղադրել Մինսկի խմբի համանախագահության ողջ կազմին եւ, հետեւաբար, մի խաղ է խաղում, ըստ որի՝ փորձում է այս իրավիճակում ցույց տալ, որ կարող է նաեւ փոփոխության ենթարկել իր արտաքին քաղաքական վեկտորի ուղղվածությունը>>,- նշեց Դավիթ Բաբայանը:

 

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում վատ զարգացումներ են տեղի ունենում. << Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում շատ վատ զարգացումներ են տեղի ունենում երկրի ներսում: Ձերբակալում են քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին: Իհարկե, մտածել, որ Միր Կադիրովը կամ Արիֆ Յունուսը ունեն արմատական նոր պատկերացումներ կամ տարբեր պատկերացումներ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, քան պաշտոնական Բաքուն՝ ճիշտ չէ. նրանք ունեն միեւնույն պատկերացումը, բայց ի տարբերություն իշխանությունների՝ նրանք կողմնակից չեն պատերազմի: Եւ սա շատ վտանգավոր է, երբ որ Ալիեւը ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր տեսնում են, որ պատերազմը կբերի իրենց պետության կործանմանը: Այստեղ կա եւս մեկ այլ խնդիր: Ալիեւի ռեժիմը եւ իր դիրքերը պետության ներսում,  ըստ իս, թուլանում են, հետեւաբար՝ նա փորձում է ձերբակալել եւ ճնշել այն բոլոր ուժերին, որոնք անգամ քիչ հնարավորություն ունեն իրենց շուրջը համախմբել մարդկանց կամ ունեն կապեր արտաքին աշխարհի հետ: Եւ հիմա, երբ սրվում է աշխարհաքաղաքական իրավիճակը արեւելյան Եւրոպայում, Ադրբեջանը՝ իմանալով, որ միջազգային հանրային ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի վրա, ընտրելով ճիշտ պահը՝ նման քայլերով փորձում են աննկատ դարձնել այն ամենն, ինչ կատարվում է իրենց երկրի ներսում: Այս ամենը շատ վտանգավոր է, եւ առաջին հերթին քաղաքակիրթ հանրությունը պետք է նման քայլերի վրա ուշադրություն դարձնի, նույնիսկ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, քանզի  անհեթեթություն է դառնում մի պետություն, որը ճնշում է քաղաքացիական սեկտորին, խախտում է մարդու իրավունքները եւ այնտեղ 2015 թվականին անց են կացվելու առաջին Եվրոպական խաղերը: Սա ուղղակի որեւէ տրամաբանության մեջ չի մտնում>>:

 

Դավիթ Բաբայանի խոսքերով՝ Մինսկի խմբի աշխատանքները ձեռնտու են բոլորին: Քանզի, եթե չլիներ Մինսկի խումբը, անկանխատեսելի է, թե ինչ իրավիճակ կլիներ տարածաշրջանում. <<Մինսկի խմբի աշխատանքը մենք չպետք է դիտարկենք հակամարտության վերջնական կարգավորման տեսանկյունից: Հակամարտությունն ունի երկու հիմնական ուղղություն: Վերջնական կարգավորումը միայն մի փոքրիկ մասն է. շատ ավելի կարեւոր է կայունության եւ խաղաղության պահպանումը տարածաշրջանում: Հենց դրանով էլ զբաղվում է Մինսկի խումբը: Եւ զբաղվում է բավականին արդյունավետ, քանի որ արդեն 20 տարի է, ինչ պահպանվում է զինադադարի ռեժիմը: Իհարկե, լինում են հրադադարի ռեժիմի խախտումներ, որի արդյունքում զոհվում են մեր զինվորները: Ամեն մի զինվորի կորուստը ողբերգություն է եւ անդառնալի է մեզ համար: Այնուամենայնիվ, խաղաղությունը պահպանվում է>>:   

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1