Դե ֆակտո ԼՂ-ն ՀՀ-ին միացել է, այսօր այդ գործընթացի իրավաբանական ձևակերպումներն ենք փնտրում, որպեսզի դե յուրե ամրագրենք. Դավիթ Իշխանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դե ֆակտո ԼՂ-ն ՀՀ-ին միացել է, այսօր այդ գործընթացի իրավաբանական ձևակերպումներն ենք փնտրում, որպեսզի դե յուրե ամրագրենք. Դավիթ Իշխանյան

Դե ֆակտո ԼՂ-ն ՀՀ-ին միացել է, այսօր այդ գործընթացի իրավաբանական ձևակերպումներն ենք փնտրում, որպեսզի դե յուրե ամրագրենք. Դավիթ Իշխանյան

Ապրիլյան քառօրյա պատերազմը սկսելուց հետո ստեղծվել է ռազմաքաղաքական այնպիսի իրադրություն, որի հետևանքով ձևախեղվել է բանակցային ողջ գործընթացը, դադարել է հակամարտության երկու կողմերի միջև կապը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Վերջինս նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ հայտարարություններին պետք է տալ համարժեք պատասխան, որոնցից մեկը նաև ՀՀ կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումն է։

 

— ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու մասին օրինագծի եզրակացությունը: Մի քանի անգամ հեղինակ-պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել օրինագիծը, որը գործադիր մարմնի կողմից մերժվել էր: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է տեղին հենց այս պահին օգտագործել Արցախը ճանաչելու խաղաքարտը:

 

— Այո, այն ժամանակ մի քանի անգամ մերժվել է ԼՂ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու օրինագիծը՝ ընդհանուր քաղաքական իրավիճակի, քաղաքական առիթների բացակայության պատճառով: Չեմ հերքի, որ անցյալում եղել են՝ ԼՂ-ն ՀՀ կողմից ճանաչելու առիթներ, որոնք բաց ենք թողնվել, բայց այս անգամ ստեղծվել է քաղաքական այնպիսի իրադրություն, որը բացառապես հնարավորություն է տալիս հարցը օրակարգ մտցնել, քննարկումներ ծավալել:

 

— Այսինքն՝ կարծում եք, որ ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչման ճիշտ ժամանա՞կն է:

 

— Եկեք բացարձակ տերմիններով չխոսենք՝ ճիշտ ժամանակն է, թե ոչ, կամ էլ ճիշտ ժամանակն անցյալում է մնացել… Քաղաքական գործընթացներն անընդհատ են, ու կարևոր է դրանց շարունակականությունն ապահովելը: Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ծավալելուց, ապրիլյան քառօրյա պատերազմը սկսելուց հետո ստեղծվել է ռազմաքաղաքական այնպիսի իրադրություն, որի հետևանքով ձևախեղվել է բանակցային ողջ գործընթացը, դադարել է հակամարտության երկու կողմերի միջև կապը: Ուստի անհրաժեշտ է Ադրբեջանի այսօրինակ քայլերին համարժեք պատասխաններ տալ, որոնցից մեկը Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացն է:

 

— Ադրբեջանի ղեկավարությունն այս օրերին հայտարարում է, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, ապա իրենք կսկսեն լայնածավալ պատերազմական գործողություններ: Այս սպառնալիքը մտահոգիչ կամ զսպող չէ՞ գործընթացից հրաժարվելու համար, թե՞ դրանց ուշադրություն դարձնել պետք չէ:

 

— Ադրբեջանն անցյալում արված իր խոստումները բանակցային գործընթացի հետ կապված փոխարինել է ռազմական գործընթացներով: Ուստի ադրբեջանական հայտարարությունները դարձել են մեզ համար, նաև միջազգային հանրության համար, ոչ էական: Ադրբեջանի նմանօրինակ ռազմատենչ հայտարարությունից մենք չենք վախենում, մենք տեսանք, թե Ադրբեջանն ինչի է ընդունակ, ինչ քայլերի:

 

— Դեկտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հարց ու պատասխանի  ժամանակ ասաց, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, «էլ ի՞նչ բանակցություններ, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»: Այս գործընթացը սկսելով չի՞ վտանգվում բանակցային գործընթացը:

 

— Բանակցություններն արդեն իսկ հարցականի տակ են դրված: Բանակցությունների ձևաչափը խախտեց Ադրբեջանը, որը ռազմական ագրեսիայի միջոցով խաչ քաշեց դրա վրա՝ տանելով հարցը այլ հարություն: Բանակցային գործընթացը խափանելու համար Ադրբեջանը դրա պտուղները ստանում է: Մեր քայլը շանտաժ չէ: Կա բնական գործընթաց, որն իր մեջ քաղաքական որոշակի զարգացումներ ենթադրում է:

 

— Ըստ էության ստացվում է, որ Հայաստանը բանակցային գործընթացից ակնկալիքներ չունի՞:

 

— Ոչ, չեմ կարծում, թե ՀՀ-ն բանակցություններից ակնկալիք չունի: Ի վերջո, բանակցային գործընթացն ունենում է իր տրամաբանական ավարտը: Այս դեպքում էլ կլինի որոշակի արդյունք: Պարզապես Ադրբեջանը միտումնավոր հարցականի տակ դրեց բանակցային գործընթացը:

 

— Պարոն Իշխանյան, ո՞րն է տրամաբանական ավարտը: Կողմերը փոխզիջումների գնալ չեն պատրաստվում, մյուս կողմից կա իրավական գործընթաց՝ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ՝ 94թ.-ի հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու համար, Հայաստանն էլ նախաձեռնել է քննարկել՝ ԼՂ անկախությունը ճանաչելու մասին նախագիծը: Հարցը փակուղում չէ՞:

 

— Այդ ամենի տրամաբանական ավարտին մենք տվել ենք համարժեք պատասխան՝ դե ֆակտո ԼՂ-ն Հայաստանին միացնելով: Այսօր այդ գործընթացի տրամաբանական ավարտի իրավաբանական ձևակերպումներն ենք փնտրում, փորձում ենք դա ամրագրել դե յուրե: Տրամաբանական ավարտի փնտրտուքը երկարտև պրոցես է:

 

— Օրինագծի հիմնավորման մեջ, որն իհարկե կարող է փոփոխվել խորհրդարանական քննարկումների ժամանակ, եթե այն ընդգրկվի լիագումար նիստում, ասվում է, որ օրենքի ընդունմամբ Հայաստանը չի բացառում Արցախի ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանում՝ հանրաքվեով ամրագրելու պարագայում: Նման հանգուցալուծման Արցախը պատրա՞ստ է:

 

— Կարծում եմ, որ ես Ձեր նախորդ հարցերում պատասխանեցի սրան: Բացարձակ առումներով խոսել չեմ ուզում՝ տարածքի վերադարձ, կարգավիճակի փոփոխություն… Կա ԼՂ, կա պետություն, կա միավոր՝ ժողովրդավարությունը որդեգրած, որն ուզում է տեղ գտնել համաշխարհային հանրության մեջ: Մնացածը երկրորդական է: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Ղարաբաղյան ճակատում ցանկացած իրադարձություն, ռազմական ագրեսիա, մեզ համար դիմակայելի է:

1