Դեպի Դիզափայտի բարձունքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Դեպի Դիզափայտի բարձունքը

Դեպի Դիզափայտի բարձունքը

Սեպտեմբերի 25-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Երիտասարդական Միության անդամները նվաճեցին Դիզափայտ լեռան բարձունքը: Չնայած անթափանց մառախուղին, և դժվարանցանելի ու երկար ճանապարհին, միության անդամները, միմյանց օգնելով ու ոգևորելով, հաղթահարեցին բարձունքը:

 

Լեռան գագաթին է հիմնված  Կատարո վանքը: Լեռնագագաթն Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է: Ճանապարհային բոլոր դժվարություններն իսկույն մոռացվում են կատարին հասնելուն պես, ծովի մակարդակից 2478 մետր բարձրությունից պարզորոշ երևում են Արցախի դաշտավայրը, Իրանի սահմանը, շրջակայքի բոլոր գյուղերն ու լեռնաշղթաները:

 

Լեռնագագաթին Արծիվ Լալայանը, ով Հադրութի Դիզակ կոմիտեի անդամ է, ներկայացրեց  Դիզափայտի ու Կատարո վանքի պատմությունն ու անվան ստուգաբանությունը: Պարզվում է Կատարո վանքի տեղում 330-ական թվականներին նահատակվել են մազքթաց Սանեսան թագավորի որդիները և 3600 քրիստոնյաներ, որոնց, իրենց հավատից չհրաժարվելու համար, փայտի նման դիզել են և վառել (այստեղից էլ լեռան անունը): Սրբավայր դարձած վանքը ուխտատեղի է հանդիսանում հավատացյալների համար:

 

ՀՅԴ ԱԵՄ-ի Վարիչ Մարմնի անդամ Արտակ Իշխանյանը նշեց, որ նման արշավները բարձրացնում են երիտասարդների ոգին, նպաստում հայրենաճանաչմանը, իսկ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչմամբ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նախատեսվում է հաճախակի դարձնել նմանատիպ ծրագրերի իրագործումը:

 

Տաթևիկ Աղաջանյան

1