Դարձյալ «Խոստում» ֆիլմի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դարձյալ «Խոստում» ֆիլմի մասին

Դարձյալ «Խոստում» ֆիլմի մասին

Այս օրերին հայաստանյան եւ Սփյուռքի մամուլը բազմիցս անդրադարձան Հայոց ցեղասպանության մասին պատմող, ամերիկյան արտադրության «Խոստում» ֆիլմին: Մեզանում առկա հետաքրքրությունը բնական է նախ այն պատճառով, որ ազգային զգայուն թեմայով ստեղծվել է հերթական ֆիլմը եւ իհարկե ունենք այն ակնկալիքը, թե հոլիվուդյան արտադրության եւ համապատասխան «փայլ» ունեցող կինոնկարը կարող է նպաստել աշխարհում հայոց ցեղասպանության թեմայի քարոզչությանը:
Անդրադառնանք բուն ֆիլմին:

Սա այն դեպքն է, երբ կարելի հաստատել հայտնի ճշմարտությունը, թե ներդրված միջոցները երաշխավորել են հաջողության կեսը: Դիտողի համար ակնառու է, որ Ֆիլմի արտադրության վրա շոշափելի գումար է ծախսվել, ինչն ապահովել է կադրերի «հարուստ» լինելը եւ մյուս կողմից ապահովել է լայնամասշտաբ տեսարանների, անհրաժեշտ պատմական միջավայրի հավաստիությունը: Իսկապես իրական են թվում Պոլիս մայրաքաղաքն իր ասիա-եւրոպական բազմազանությամբ, գավառական համայնապատկերը, ինչպես եւ զանգվածային տեսարաններն իրենց համոզչականությամբ ու ազդեցիկությամբ:

Այստեղ ցանկանում եմ շեշտել մեկ ոչ անկարեւոր հանգամանք: Ֆիլմը դիտելուց առաջ այն մտավախությունն ունեի, որ կերպարները, առարկաներն ու միջավայրը կարող են վատ նմանեցված լինել, ավելի շուտ ունենալ էկզոտիկ ու էկլեկտիկ պատկեր: Ինչի ակնդիրն ենք հաճախ դառնում հոլիվուդյան արտադրության, այս կամ այն ժանրի, ֆիլմ դիտելով: Պետք է փաստել, որ ֆիլմի հեղինակները կատարել են մանրակրկիտ ու բարեխիղճ աշխատանք, ինչի արդյունքում իրական են դիտվում եւ հայերի կերպարները եւ թուրքերը իրենց դիմապատկերներով, հագուստով, խառնվածքով, կենցաղային միջավայրով եւ ինչպես ակնարկվեց վերեւում ճշմարտանման է ու համոզիչ ընդհանուր միջավայրը: Անգամ հերոսների մաշկի յուրահատուկ թուխ գույնը ճիշտ է արտահայտված եւ այս ամենը վկայում է, որ պատասխանատվությամբ են իրենց առջեւ դրված նպատակին մոտեցել շարժապատկերն ստեղծող սցենարիստը, ռեժիսորը, նկարիչները, իհարկե օպերատորն ու մյուսները:

Ֆիլմը դիտելուց հետո ակնհայտ է դառնում նաեւ, որ հեղինակները կամ գուցե պատվիրատու անձը մի շարք հարցադրումներ են ցանկացել ներկայացնել ֆիլմում, այդ պատճառով ընդգրկուն ասելիքի ներառած տարբեր գաղափարներ առանձին դրվագների ձեւով հազիվ ակնարկվում են ժամանակային սահմանափակ տարածության մեջ:

Իհարկե որոշ երեւույթներ միտումնավոր կերպով ընդամենը ակնարկվում են, քանի-որ, ակնհայտորեն խնդիրն այդպես է դրվել:
Ասվածի մեկ օրինակը առաջին աշխարհամարտի նախօրյակին եւ ընթացքում երիտթուրքերի կողքին գերմանացի զինվորականության (բնականաբար որպես այդ երկրի պաշտոնական կեցվածքն արտահայտող ներկայացուցիչների) կանգնած լինելն էր: Իհարկե գաղտնիք չէ, այն փաստ որ երիտթուրքերը վայելում էին Գերմանիայի հովանավորությունը, սակայն այս դեպքում արդարացիորեն անհարկի է համարվել ֆիլմում այս թեմայի զարգացումը:
Հաջորդ ակնարկը թուրքական բարձրաստիճան ընտանիքի զավակի հայանպաստ արարքներն էին, որոնց համար յուրայինները գնդակահարում են նրան:
Իրապես ժամանակագրության կողմից արձանագրված այսպիսի մի փաստ ֆիլմ բերելը եթե ավելորդ չէ, ապա ավելորդ կլիներ դրա ուռճացումը:

Այստեղ մի փոքր շեղվելով արժե արձանագրել, որ վերջին տարիներին, նաեւ ոչ առանց այլոց խրախուսիչ ձայնակցումի, մեզանում թշնամիների մեջ «եղբայրներ» հայտնաբերելու եւ նրանց արարքները տարփողելու, սրա ֆոնի վրա ինչ-ինչ սեփական մեղքեր «հայտնագործելու» հիվանդագին «հումանիզմ» է ի հայտ եկել: Խոսքը վերաբերում է, թե ցեղասպանության շրջանին, թե հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ թե նաեւ պատմական որոշ այլ դրվագների: Իրականությունն այն է, որ թշնամու «հայասեր» կամ «արդար» ներկայացուցիչների առանձին արարքները բացառիկ պարագաներ են, երբեք իրադարձությունների վրա մեծ ազդեցություն չեն ունեցել եւ «շրջահայաց» ու «մարդասեր» խաղալու, զոհի ու դահիճի միջեւ հավասարության եզրեր փնտրելու, հանցագործությունները պատմական դեպքերի զուգադրմամբ արդարացնելու ոչ մի պատճառ չունենք, եթե անգամ դրա համար ինչ-որ մեկը խրախուսաբար կթփթփացնի ուսերիս կամ այս կամ այն միջոցառման ժամանակ ինչ-որ մրցանակ կտան: Մեզ կոտորել են, մեր երկիրն ու ունեցվածքը մեզանից խլել են եւ մենք բոլոր տեսակի իրավունքներ ունենք ամեն գնով ֆիզիկական ու բարոյական հատուցման հասնելու:

Ֆիլմն առհասարակ օժտված է ասելիքի զսպությամբ եւ չափավորությամբ, ինչը վերջինիս առավելություններից է: Մասնավորապես նկատի ունեմ ջարդերի տեսարանները, մարդկային ողբերգական ճակատագրերի պատկերումը, որոնք իհարկե տակնուվրա են անում հանդիսականին, բայց նախճիրի սահմռկեցուցիչ դրվագներով չեն տրորում հոգիդ եւ ազգային արժանապատվությունդ:
Վերադառնալով ֆիլմի ակնարկների թեմային նշեմ դրանցից մի քանիսը:

Հանդիսականի աչքերի առջեւ պատկերվում է Պոլսո մեծահարուստների անհոգ կյանքն ու եղբայրությունը թուրք մեծամեծերի հետ: Իրականում այս մարդիկ կարծում էին, թե ճիշտը լռելն ու համակերպվելն է, հավատալով եւ հավատացնելով, թե թուրքական «զայրույթի» այս ալիքն էլ կանցնի: Եւ հայ հեղափոխական ըմբոստացումներին նյութական ու այլ միջոցներով օգտակար լինելու փոխարեն քննադատում էին դրանք: Տրամաբանական էր, որ ցեղասպանությունը նրանց էլ չէր խնայելու: Անգամ եթե վերջիններս մոռացության տային սեփական ինքնությունը այդ մասին թշնամին էր հիշեցնելու: Այդպես եղել է, այն ժաման, եղել է Բաքվում ու Սումգայիթում, այդպես լինելու է միշտ: Լավ կլինի, որ այս մասին չմոռանան նաեւ թուրքական որջում այսօր բախտ ու բարեկեցություն փնտրող մեր հայրենակիցները:

Ֆիլմում այս թեման այս խորությանը չի հասնում իհարկե, սակայն այդ «եղբայրության ակնարկը», եւ հետեւանքները, ինչպես ասվեց, ներկայացված են:

Շահեկան մոտեցում է, կինոպատումի մեջ այն օրերի Ամերկյան դեսպան Հենրի Մորգենթաուի կերպարի ընդգրկումը: Կարեւոր է, որ ամերիկացի ու ոչ միայն ամերիկացի հանդիսականին հենց ԱՄՆ դեսպանի շրթերով է փոխանցվում, որ թուրքերի կողմից իրականացվողը կանխամտածված ջարդեր են եղել եւ մեկ ժողովրդի ոչնչացման ծրագիր: Այս դրվագը փաստագրության ուժ ունի, քանի-որ համապատասխանում է իրականությանը: Հումանիստ ու հայասեր Մորգենթաուի թողած փաստաթղթերն ու հուշագրությունները այսօր էլ թուրքական վայրագությունների մասին վկայող արժեքավոր նյութ են: Նույն իմաստով կարեւոր է նաեւ գլխավոր հերոսներից մեկի՝ ամերիկացի լրագրողի կերպարը: Մարդ, որի համար գուցե նախապես շատ տարբեր չեն եղել հայն ու թուրքը, բայց որի աչքերի առջեւ ծավալվում են դաժան իրողություններ: Ճշմարտությունը փաստելու համար նա մեկնում է գավառներ ու գյուղեր, վկան է դառնում ջարդերի տեսարանների եւ կարողանում է բացահայտել թուրքական սուտը: Սա եւս կարեւոր շեշտադրում է ֆիլմում, քանի-որ, ինչպես գիտենք, այսօր եւս տիրապետող թուրքական պաշտոնական կեղծիքի համաձայն, պատերազմական իրողությունների թելադրանքով, իբրեւ թե տեղի է ունեցել բնակչության տեղահանություն, որի ժամանակ էլ արձանագրվել են մեծաթիվ մահացության դեպքեր: Լրագրողի այս կերպարը նույնպես հավաստի է ընկալվում, որովհետեւ իրականում եղել են լրագրողներ, որոնց թղթակցություններն օրը-օրին, իրազեկ աղբյուրներ որպես, տեղեկություններ են փոխանցել եւրոպական ու ամերիկյան մամուլին:

Կարեւոր շեշտադրում է, այն որ ֆիլմի եզրափակիչ հատվածում հայության բեկորները խմբվելով ըմբոստանում են՝ կազմակերպելով ինքնապաշտպանություն: Ֆիլմի հեղինակները արդարացիորեն անհրաժեշտ են համարել շեշտել, որ հայ ժողովուրդը ստրկական խոնարհությամբ չի գնացել կառափնարան, այլ նաեւ տարբեր վայրերում ըմբոստացել է եւ ըմբոստանալով փրկություն է գտել: Ֆիլմի եզրափակիչ հատվածում իրադարձությունների զարգացումը ակնհայտորեն հիշեցնում է Մուսա լեռան ինքնապաշտպանությունը: Իհարկե այստեղ պատմական իրադարձությունների շարադրում չպետք է փնտրել, բայց նմանեցնելու մոտեցումն արդարացված է, որովհետեւ մեզ ներկայացվողը գեղարվեստական՝ ոչ փաստագրական, ֆիլմ է:

Կարեւոր է այն ուղերձը, որ հնչում է գլխավոր հերոսուհի Աննայի շուրթերից. «Մենք պետք է հաղթենք ապրելով»: Եւ պայքարելու գնով ազատվողները ապրելով հաղթում են թշնամուն, հաղթում են ցեղասպանության ծրագրին, հաղթում են ազգովի բնաջինջ լինելու ճակատագրին:
Ֆիլմում մեկ կարեւոր շեշտադրում էլ կատարվում է ներկայացնելով թուրքական այն միջավայրը, ուր ուռճանում է հայությանը բնաջնջելու ծրագիրն ու համոզումը, ատելությունն ու անհանդուժողությունը երեկվա դրացու ու բարեկամի հանդեպ: Ինչպես այդ տրամադրությունները իջնում են փողոց ծնելով այն մոլեռանդ խուժանին, որը թրքական նացիոնալիզմի մոլուցքից արբած պատրաստ է բռնանալու, սպանելու եւ կողոպտելու:

Ֆիլմի դերակատարները, որոնցից շատերը հայտնի դերասաններ են խաղում են լավ եւ համոզիչ: Ներկայացված հայերը գեղեցիկ, արժանապատիվ ու ազնիվ մարդիկ են:

Ի դեմս թուրքերի կերպարների ներկայացված են մարդիկ, ովքեր վարակված են նացիոնալիզմի ու շովինիզմի մոլագարությամբ եւ հաստատակամ են երեկվա մերձավորներին ոչնչացնելու նրանց ունեցվածքին տիրանալու մոլագար կրքով:

Ֆիլմի առանցքում հուզիչ սիրային եռանկյունի է, որի հանգուցալուծումը տեղի է ունենում ոչ թե գործող հերոսների վճիռներով, այլ դաժան ու ամենակուլ բնաջնջման մեքենայի կողմից:

Ցեղասպանության ողբերգական պատմությունը ֆիլմում հյուսված է պարզ մարդկային ճակատագրերի վրա: Ամենայն հավանականությամբ նման խնդիր է առաջադրել ֆիլմի գաղափարի հեղինակ եւ պրոդյուսեր Քրք Քրքորյանը: Միայն շնորհակալ կարելի է լինել նրան մահվանից առաջ եւս մեկ բարի ու հայանպաստ նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

Ֆիլմը դիտելուց հետո այնուամենայնիվ մեկ հարց է ծնվում մտքումդ. այն ինչ հետաքրքիր է մեզ համար, որովհետեւ մեր ազգային կենսագրության առանցքում է, արդյո՞ք հետաքրքիր կլինի նաեւ օտարների համար: Այն նկատառումով իհարկե որ ի ֆիլմը կարողանա իրականացնել քարոզչական առաքելությունը:

Եւ վերջին միտքը՝ ցեղասպանության մասին հերթական ֆիլմը դիտելուց հետո: Այս ֆիլմը եւս ասել է այնքան՝ ինչքան ցանկացել է ասել, սակայն պետք է մտածել մեծ կտավի փաստագրական-գեղարվեստական ֆիլմի մասին: Ֆիլմ, որը վավերագրական ճշգրտությամբ կներկայացնի ցեղասպանության պատկերն ու հետեւանքները, կդառնա քաղաքական փաստաթուղթ, կմերկացնի թուրքական կեղծիքը եւ կբացահայտի այլես անվիճելի ճշմարտությունը: Իհարկե քաղաքական լուրջ ակնկալիքը պարտադիր չէ, որ կապվի գեղարվեստական ստեղծագործության հետ, բայց եւ ցանկալի է՝ նկատի ունենալով կինոարվեստի քարոզչական մեծ ուժը:

Ինչը շատ լավ հասկացել եւ փորձել են անել ուրիշները: Վստահաբար ինչի գիտակցումից էլ ծնվել է Խոստում ֆիլմը:

Արտաշես Շահբազյան

1