Դատապարտում ենք ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի չեղարկումը. Մուրադ Փափազյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դատապարտում ենք ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի չեղարկումը. Մուրադ Փափազյան

Դատապարտում ենք ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի չեղարկումը. Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը  դատապարտում է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը. «Սահմանադրական խորհրդի որոշումը դատապարտում ենք, այն անհիմն է, համաձայն չենք այդ որոշման հետ: Գիտեինք, որ վտանգ կա, հնարավոր է, որ մերժի, ինչպես 2012թ.եղավ,  բայց լավատես էինք»:

Մուրադ Փափազյանի խոսքով, Սահմանադրական խորհրդի այս որոշումը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ճանաչման համար ծավալած պայքարը դադարեցնի:

«Սահմանադրական խորհուրդը խնդիր տեսավ եւ չեղարկեց օրենքը, բայց դա մեզ չի կարող ստիպել, որպեսզի չպայքարենք, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչի: Մենք մեր պայքարը տարբեր ձեւերով շարունակելու ենք, բայց նախ պետք է հասկանանք՝ ինչպես ենք շարունակելու մեր պայքարը: Կարելի է ասել, որ Թուրքիայի քաղաքական ճնշումներն հնարավոր է, որ ազդել են Սահմանադրական խորհրդի վրա»,-ասաց նա:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը նշեց, որ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը ճանաչելու ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարել եւ չի կարծում, որ հունվարի 26-ին Սահմանադրական խորհրդի կողմից նման որոշման կայացումը իրենց թերի աշխատանքի պատճառ կարող էր լինել:

«Ֆրանսիայի հայ համայնքն արդեն 10 տարուց ավելի է աշխատում է այս օրինագծի ընդունման համար, իսկ վերջին տարիներին ահռելի աշխատանք է կատարվել, որովհետեւ նախագահ Օլանդը իր խոստումն էր ուզում կատարել: Ֆրանսիացի եւ մեր իրավաբանների հետ այս օրենքի վրա լրջորեն աշխատել ենք, որպեսզի այս օրենքը անցկացվեր, սակայն, Սահմանադրական դատարանը նման որոշում կայացրեց»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին չեղարկել է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը։

Սահմանադրական խորհուրդը որոշ փոփոխություններ է պահանջել օրենքի այն կետում, որը վերաբերում է ցեղասպանությունների եւ որոշ հանցագործությունների ժխտման համար տուգանքին։

Սահմանադրական խորհուրդը սահմանել է, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը եւ դրանից բխող տուգանքները պարտադիր են կիրառման համար, քանի որ խախտում են 1881-ին ընդունված խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքը, որը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը։

1