"Հոգեկան խանգարում ունեցող գաղափարները պետք է ժամանակին կասեցվեն". - Դավիթ Բաբայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » "Հոգեկան խանգարում ունեցող գաղափարները պետք է ժամանակին կասեցվեն". - Դավիթ Բաբայան

“Հոգեկան խանգարում ունեցող գաղափարները պետք է ժամանակին կասեցվեն”. — Դավիթ Բաբայան

Երեկ Ադրբեջանի նախագահը Գանձակում հայտարարություն է արել, որտեղ մասնավորապես ասված է. <<Հայաստանն իրոք Ադրբեջանի պատմական հողն է, ուր մենք ապագայում կվերադառնանք: Ադրբեջանցիները պետք է վերադառնան մեր բոլոր պատմական հողերը, որոնք չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով եւ դրա հարակից տարածքներով >>:

 

ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հավաստիացրեց, որ նման հայտարարությունները շատ կարեւոր են, քանի որ դրանք ցույց են տալիս հարեւան պետության խորքային ձգտումները եւ վերջնանպատակները. <<Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարություններ անելիս փաստորեն մեզ համար կարեւոր մի բան է անում, քանի որ դրանով իսկ մեզ ցույց է տալիս, թե որն է իր նպատակը>>:

 

Դավիթ Բաբայանի հավաստմամբ՝ նման հայտարարություններից հետո մենք պետք է ավելի զգոն լինենք եւ հասկանանք, որ ներկա դրությամբ արցախյան հիմնախնդիրը հայ ժողովրդի եւ հայոց պետականության ապագայի հարցն է. <<Հարեւան Ադրբեջանը միայն Արցախով չի բավարարվելու: Մենք նախ պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ է ուզում հարեւան պետությունը, եւ ընդունենք մի իրողություն, որ տեսանելի ապագայում մենք պետք է  կառուցենք մեր պետությունը եւ հզորացնենք մեր բանակը: Այսպիսի հայտարարություններն ուղղված են ոչ միայն Հայաստանի եւ Արցախի դեմ: Այս հայտարարություններն ուղղված են նաեւ Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկրտումները չեն սահմանափակվում միայն Հայաստանով եւ Արցախով: Նրանք տարածքային հավակնություններ ունեն Իրանի հանդեպ, Ռուսաստանի, Դաղստանի, Վրաստանի հանդեպ եւ ընդհանրապես: Նրանք չեն բավարարվում. նրանց պետք է նաեւ կենտրոնական Ասիան, Վոլգայի շրջանները, Յակուտիան,- նշեց Դավիթ Բաբայանը եւ հավելեց,- չեմ կարծում, թե նման մոտեցումը կարող է ընդունելի լինել Արեւմուտքի համար, քանի որ պանթուրքիստական կայսրության ստեղծումը միանշանակ ուղղված կլինի նաեւ արեւմուտքին, իսկ սա հղի է անկանխատեսելի հետեւանքներով>>:

 

Դավիթ  Բաբայանի հավաստմամբ` միջազգային հանրությունը չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, քանի որ լուրջ չի վերաբերվում դրանց. <<Միջազգային հանրությունն ուղղակի լուրջ չի վերաբերվում նման հայտարարություններին: Ամենայն հավանականությամբ` նրանք կարծում են, որ Ալիեւը պարզապես խոսում է: Միջազգային հանրությունը երեւի կարծում է, որ սա միայն հռետորաբանություն է եւ չի կարող այն ռեալ կյանքում իրականություն  դառնալ: Իրականում Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում, որպես պետություն, կարող է փլուզվել, եթե սկսի պատերազմական գործողություններ, եւ, նամանավանդ, եթե սկսի պարտվել ռազմական այդ թատերաբեմում: Չմոռանանք, որ ժամանակին լուրջ չէին վերաբերվում նաեւ Հիտլերին, երբ նա Վիեննայի փողոցներում գումար էր հավաքում իր ելույթների միջոցով: Բոլորն այն ժամանակ ծիծաղում էին եւ ծաղրածուի տեղ էին դնում: Իսկ վերջում տեսանք, թե ինչ եղավ: Դրա համար նման հոգեկան խանգարում ունեցող  գաղափարները պետք է ժամանակին կասեցվեն: Այլապես` դրանք գնալով քաղցկեղի են նմանվում, սկսում են տարածվել եւ, եթե ժամանակին համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում,  շատ ուշ է լինում>>: 

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1