Դավիթ Բաբայանը՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դավիթ Բաբայանը՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին

Դավիթ Բաբայանը՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հակառակորդի այս պահվածքն իհարկե, սպասելի էր, որևէ տարօրինակ բան չկա. «Նույն հանցավոր և ահաբեկչական ոճն է։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա, որովհետև ույնիսկ այդ զենքի կիրառումը որևէ ձևով չի փոխել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, բայց գիտեք՝ ահաբեկիչներն ու հանցագործները տրամաբանությամբ չեն շարժվում, նրանք շարժվում են չար մոտեցումներով»։

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը որևէ ռազմավարական նպատակի չի հասել. «Պարզապես ամեն անգամ օգտագործում են տարբեր զինատեսակներ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ իրենք ահաբեկիչներ են»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ադրբեջանի ռազմավարությունն ահաբեկչությունն է. «22 տարի պատրաստվել էին պատերազմի, բայց մինչ այդ օգտագործել են ահաբեկչական մոտեցումներ։ Հիմա նույնը շարունակում են. եթե պատերազմ են ուզում, ապա պետք է քողարկված լինի, մի ժամանակ ընդհանրապես կայուն լինի, որպեսզի ուշադրությունը թուլացնեն, այլ ոչ թե ամեն անգամ նման զենք կիրառեն, և ամբողջ աշխարհով մեկ իրենց պատկերը ցույց տան։ Այն էլ այն դեպքում, երբ սկանդալ է բարձրացվում ահաբեկիչներին դիվանագիտական խողովակներով զենք մատակարարելու մասին»։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը վստահեցրեց՝ այս պահին իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու կարիք չկա։

1