Դասարան՝ հերոսի անունով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դասարան՝ հերոսի անունով

Դասարան՝ հերոսի անունով

Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված նույն կրթօջախի սան, այս տարվա մարտի 31-ին հերոսաբար մարտիրոսված, ավագ-լեյտենանտ Գոռ Գագիկի Հովհաննիսյանի 24 ամյակին: Այն դասարանը, որտեղ 8 տարի սովորել էր Գոռը, անվանակոչվեց նրա անունով:

Հուշ-ցերեկույթին ներկայացվեց հերոսի կենսագրականը: Ծնվել է 1993թ. նոյեմբերի 14-ին Երևանում: Ընտանիքով Կովսական տեղափոխվեցին, ինքն ու եղբայրները՝ Տիգրանը, Սմբատը, համալրեցին դպրոցի սաների շարքերը: Գոռի դասվարը պատմեց՝ նա ժիր էր, սրամիտ և չափազանց սիրված աշակերտ: Հիմնական կրթություն ստանալուց հետո՝ 2008 թվականին ընդունվեց Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարան: 2 տարի անց՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2014թ. օգոստոսից Հայոց բանակի սպա էր ու ծառայության անցավ Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:

Ծնողները Կովսականից տեղափոխվեցին ու բնակություն հաստատեցին որդու զորամասին մոտակա բնակավայր: Առաջնագծում էր նաև նրանց երկրորդ որդին՝ Տիգրանը: Հուշ-ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան նաև պարերով, երգերով, հերոսի մասին հուշեր պատմելով: Շրջանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանն իր ելույթում ասաց. «Ծանր է ցավը, միաժամանակ ցավն ու հպարտությունը պարուրել են մեզ»:

Հպարտ ենք, որ Արցախյան պատերազմի հերոսներին՝ Թաթուլին, Մոնթեին, Լեոնիդին, մնացած քաջերին արժանի հետևորդներ ունենք: Դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը, խոսելով քաջի մասին, նշեց. «Հուշ-ցերեկույթը բացառիկ արիության դաս էր, որի միջոցով 3 հարցի պատասխան տրվեց: Առաջինը՝ Գոռի հիշատակը անմահացնում ենք նաև դասարանի անվանակոչությամբ. ինչ-որ տեղ միջոցառումն սփոփանք էր ծնողների համար, որ մենք մշտապես իրենց կողքին ենք, նման միջոցառումներով մեր սերունդների մեջ հայրենասիրություն ենք սերմանում»:

Զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ մեծ էր Գոռի նման սպայի կորուստը: Հավելեց՝ նա արժանի է, որ իր անունով նաև դպրոցներ անվանակոչվեն: Ներկայացնելով քաջի կարճ, սակայն հերոսական մարտական ուղին, ասաց. «Ներկայանալով զորամաս՝ շուտով նշանակվեց հրաձգային դասակի վաշտի հրամանատար, և նրան վստահվեց առավել կարևոր մարտական դիրքերից մեկը: Մշտապես շրջում էր հենակետերում, լինում զինվորների մոտ, քաջալերում ու խրախուսում նրանց: Հպարտանում էի, որ Գոռի նման սպա է ծառայում իմ հրամանատարությամբ գործող զորամասում: 2017 թ. մարտի 30-ին հերթական անգամ բարձրացավ մարտական հենակետ: Հաջորդ օրը, փրկելով իր զինվորներից մեկին, մարտիրոսվեց և Եռաբլուրում միացավ իր նման հազարավոր անմահներին»: Այնուհետև Կ. Գրիգորյանն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը և հերոսի ծնողներին հանձնեց «Մարտական ծառայություն» մեդալը, որին հետմահու արժանացել է քաջը՝ բացառիկ արիության համար: Երեկոյան վերադարձա Կովսականից՝ անցնելով դեպի Արաքս շտապող Ողջիի ափով:

Մարտիրոսվեց քաջն անհավասար մարտում, բայց անառիկ պահեց հայրենի սահմանը ու իր անմահությամբ մնաց բոլորիս հուշերում:

Զոհրաբ Ըռքոյան

1