«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Ասկերան քաղաքում էր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Ասկերան քաղաքում էր

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Ասկերան քաղաքում էր

Դեկտեմբերի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը՝ այս անգամ Ասկերան շրջկենտրոնի Էդմոն Բարսեղյանի անունը կրող միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ:

Հանդիպման սկզբում ԱՀ ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանը ներկայացրեց Իրանի «Թևանիկ» խմբի կրթության ոլորտին առնչվող ծրագրերը: «Արցախի համալսարաններում և ուսումնարաններում գյուղատնտեսական և ռազմական մասնագիտություն ընտրած ուսանողները գերազանց առաջադիմության դեպքում կարժանանան «Թևանիկ» խմբի դրամական աջակցությանը»,- տեղեկացրեց Ռիտա Մնացականյանը:

DSC_1168

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը խոսեց ԱՀ ԱԺ գործունեության, ընդունված և քննարկման փուլում գտնվող մի շարք օրենքների և օրինագծերի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման մասին:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքական իրադրության վերաբերյալ, այն ներկայացրեց ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վահրամ Բալայանը խոսեց Արցախի ճանաչման գործընթացի, պատերազմի վերսկսման հավանականության մասին. «Չնայած Ադրբեջանը անընդհատ ձգտում է «սև ցուցակների», այլ միջոցներով հնարավորություն չտալ շփվել աշխրահի հետ, բայց, ի հակառակ դրան, մեր կապերն աշխարհի հետ ավելի են սերտացել: 2015թ. հունիսից մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը արտերկրից մեր երկիր է ժամանել պաշտոնական 3 պատվիրակություն, իսկ ապրիլյան պատերազմից առ այսօր՝ 24-ը: Եվ ուրախալի է այն փաստը, որ այսօր ավելի շատ է խոսվում ժողովրդի կամընտրության իրավունքի մասին»:

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչները բարձրացրին դպրոցի շենքի բարեկարգման, ջեռուցման, կրթական համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Բնակիչներին մտահոգում էր նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին քաղաքում բնակարանաշինություն չի կատարվում, երիտասարդ ընտանիքները ստիպված տեղափոխվում են և այլ վայրերում են տուն գնում կամ վարձակալում:

Հանդիպմանը ներկա էր նաև Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը:

DSC_1159

1