«Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

«Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Մեծարգո նախագահ ԱՀ,

Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ,

2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ընթացքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հնարավորություն  է ունեցել գործադիրի հետ միասին առավել կենտրոնանալ բյուջեի ռազմավարական ուղղությունների վրա: Այդ քննարկումների արդյունքում և փոխադարձ հասկացողության պայմաններում ամրագրվեց երկրի անվտանգությանը առընչվող մի շարք հարցերի,  գյուղատնտեսության զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման, բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, էներգետիկ համակարգում նոր ռազմավարության որդեգրմանն ուղղված քաղաքականություն:

2018 թ. պետական բյուջեի նախագծի տարբեր ձևաչափերով քննարկումները հնարավորություն են տվել իրատեսական բյուջե ունենալու: Գնահատելի է նախորդ տարիների համեմատությամբ 2018 թվականի բյուջեի նախագծի՝ ավելի շուտ ներկայացնելը ԱԺ, որը հնարավորություն է տվել ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրելու և քննարկելու այն:

Քննարկումների արդյունքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մի շարք առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը և հանդիպումներ ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Մեր առաջարկությունները վերաբերվում էին տարբեր ոլորտների՝ անվտանգության, տարածքային համաչափ զարգացման, դիվերսիֆիկացված տնտեսության,կրթության և արտաքին ոլորտի, գյուղի և գյուղատնտեսության, հայրենադարձության և ժողովրդագրական վիճակի, զբոսաշրջության, բնապահպանության, սոցիալական և առողջապահության հիմնախնդիրներին:

Ողջունելի  է, որ գործադիրը տնտեսական ու ֆինանսական սուղ պայմաններում տրամադիր է հեռանկարային նոր ծրագրեր կյանքի կոչելուն, որոնցում տեղ են գտել նաև «Դաշնակցություն» խմբակցության մի շարք առաջարկներ:

Ինչպես և նախորդ տարիներին, խորհելու տեղիք է տալիս կապիտալ շինարարության ծավալների նվազ լինելը, որն իր ազդեցությունն է  թողնում բնակչության բնակարանային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ու աշխատատեղերի ապահովման վրա:  Մեր կարծիքով, գործադիրը հավելյալ ջանքեր պետք է գործադրի, օգտագործելով նաև արտաբյուջետային հնարավորությունները,  և որոշակիորեն ընդլայնի կապիտալ շինարարության ծավալները, դրանով իսկ ժամանակավորապես ապահովելով զբաղվածության նվազագույն մակարդակ: Մյուս կողմից էլ, այս ասպարեզում ցնցումներից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել նախորդ տարիներից մնացած պարտքերի կուտակման պրակտիկայից:

Ինչ վերաբերում է բյուջեի ուղղվածությանը. գործադիրը հաշվի առնելով իրական վիճակը, այն հերթական անգամ որակում է որպես սոցիալական ուղղվածության բյուջե:

Ինչպես նախորդ տարիներին,այս անգամ ևս պետք է փաստենք, որ ստեղծված պայմաններում սոցիալական ուղղվածության բյուջե ունենալը կարևոր է: 2017 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ «Դաշնակցություն» խմբակցությունը գործադիրին առաջարկել էր սոցիալական և այլ ծրագրերից զատ առավել կենտրոնանալ անվտանգության ու պաշտպանության համակարգերի ու ծրագրերի ֆինանսավորումներին: Գնահատելի է, որ գործադիրը, օգտագործելով բյուջետային և արտաբյուջետային հնարավորությունները, լուրջ աշխատանքներ է իրականացրել ինչպես առաջնագծի կահավորման, այնպես էլ բնակչության անվտանգության ապահովման նպատակով նոր կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Որդեգրած այդ գիծը պետք է լինի շարունակական, մեր ժողովրդի համար ստեղծելով բարոյահոգեբանական նպաստավոր մթնոլորտ:

Կարևորելով մանր և միջին հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացքը, գտնում ենք նաև, որ հետագայում բնապահպանական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հանրապետության ջրային ռեսուրսներին տալ ճիշտ գնահատական, նախապես կազմակերպելով բազմակողմանի փորձագիտական զննություն:

Նոր աշխատատեղերի ավելացման և տնտեսական աշխուժություն մտցնելու նպատակով անհրաժեշտ է առավել ուշադրության կենտրոնում պահել հանրապետության տարածքում նոր ձեռնարկությունների ստեղծման ու արտադրանքի արտահանման հարցերը, որը պետք է ընդգրկի ամբողջ հանրապետության տարածքը:

Ողջունելի է կառավարության քայլերը գյուղատնտեսության բնագավառի զարգացման և այդ ոլորտում նոր քաղաքականություն որդեգրելու ուղղությամբ: «Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է նաև համայնքների համաչափ զարգացումն ու ֆինանսական համահարթեցմանն ուղղված քայլերը և գտնում է, որ առաջիկայում պետք է պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների բաշխման նոր մեխանիզմ կիրառվի:

Հարգելի գործընկերներ,

Մեկ տարի առաջ, 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ մեր խմբակցության առաջարկություններում տեղ էր գտել նաև հետմահու առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետներին ամենամսյա դրամական օգնություն ցուցաբերելու հանգամանքը: Ողջունելի է, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծում այն արդեն արտացոլված է:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հանգուցալուծմանն ուղղված կառավարության ջանքերը՝ «Դաշնակցություն» խմբակցությունը 2018թ. պետական բյուջեի նախագծին քվեարկելու է կողմ:

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն

1