Դաշնակցությունը մարտավարական խնդիրները երբեք չի գերադասել ռազմավարական խնդիրներից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Դաշնակցությունը մարտավարական խնդիրները երբեք չի գերադասել ռազմավարական խնդիրներից

Դաշնակցությունը մարտավարական խնդիրները երբեք չի գերադասել ռազմավարական խնդիրներից

Վերջին շրջանում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ կացությունը տարբեր երանգներով փորձում են մուտք գործել նաեւ ԼՂՀ: Այս համատեքստում փորձ է արվում կրկին քարկոծել Դաշնակցությանը:

 

 

Թեմայի առնչությամբ զրուցել ենք ԼՂՀ Ազգային Ժողովի ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ:

 

-Ընկեր Արմեն, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներում, հատկապես ՙԼրագիր՚ կայքէջում եւ մասնավորապես Իգոր Մուրադյանի անվանակիր հոդվածներում հայաստանյան հետընտրական գործընթացներում, ինչպես ԼՂՀ նախագահական ընտրությունների օրերին դարձյալ թիրախ է դառնում Դաշնակցությունը:

 

 

Դաշնակցությունը միշտ թիրախ է դառնում, երբ չի արտացոլում թիրախ դարձնողների շահերը, եւ անկախ նրանից` ով ինչպես է փորձում ներկայացնել Դաշնակցությանը, Դաշնակցությունը անկախ կուսակցություն է եւ հնարավոր չէ ՙդրսից՚ նրան կառավարել: Դաշնակցությանն իր ստեղծման առաջին իսկ օրերից հարվածել են Սուլթան Աբդուլ Համիդը, հետո երիթթուրքերը, ցարական Ռուսաստանը, Բոլշեւիկյան Ռուսաստանը, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին իշխանավորները: Այնպես որ` սովորեք: Հարվածողների մի մասը թշնամանքով են լցված ՀՅԴ-ի նկատմամբ եւ չեն թաքցնում դա, իսկ մի մասն էլ ցույց են տալիս, որ շատ են ՙսիրում՚ Դաշնակցությանը, մտահոգված են նրա ճակատագրով եւ ՙուղղություն՚ են ցույց տալիս: Խորհուրդ կտամ ուղղություն ցույց տվողներին` ստեղծեն սեփական կուսակցություն եւ իրենց գործունեությամբ զերծ մնան, իրենց կարծիքով, Դաշնակցության ՙսխալներից՚: Ինչ վերաբերվում է Իգոր Մուրադյանին, նա իրոք մեծ ներդրում ունի Արցախյան շարժման առաջին օրերին, բայց հետո թողեց պրակտիկ քաղաքականությամբ զբաղվելը եւ այժմ զբաղվում է քաղաքական տեսական վերլուծությունններով: Նա չի երեւում հարթակներում եւ որեւէ կուսակցության անդամ չէ: Իգոր Մուրադյանի հոդվածները խոհափիլիսոփայական եւ ռազմավարական թեմաներով վերլուծական հետաքրքիր հոդվածներ են, բայց զարմանալի է, լինելով նախկին դաշնակցական, երբ նա անդրադառնում է Դաշնակցությանը, գրում է անձերի կամ դեպքերի մասին եւ վերածում պահի ու որեւէ առիթի հոդվածների, այստեղ արդեն օբյեկտիվիզմը սկսվում է վերածվել սուբյեկտիվիզմի:

 

 

Ինչ վերաբերվում է ՙԼրագրին՚, ապա, ի տարբերություն շատ այլ կայքէջերի, ՙԼրագիրը՚ հասկանալի պատճառներով չի կարող ՙշփոթել՚ դաշնակցականին եւ ոչ դաշնակցականին: Այստեղ դարձյալ թիրախ դարձնելը եւ սուբյեկտիվիզմը դարձալ ակնհայտ է: Այնպես որ, չկա ՙդաշնակցական պատգամավորի՚ եւ դաշնակցական փոխվարչապետի հակադիր կեցվածքը միեւնույն երեւույթի նկատմամբ:

 

 

Վահան Բադասյանը ՀՅԴ շարքերում չէ եւ ազատ է իր կեցվածքի մեջ: Իսկ Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է եւ արտահայտում է մի կարծիք, ըստ որի` Հայաստանում ներքին լարվածության ժամանակ Ղարաբաղը, որպես միասնական երկիր, չպիտի կանգնի որեւէ մեկի թեւի տակ, տեղի չտա զգայական տրամադրությունների, եւ եթե կարող է ազդել լարվածության մեղմացման վրա, ապա միայն իր դերը կատարի դրական իմաստով լուծումներ գտնելու համար:

 

 

Ղարաբաղը կուսակցություն չէ, այլ մի երկիր, որը մեծ դեր ունի համահայկական ամբողջական միասնության ապահովման տիրույթում:
Արթուր Աղաբեկյանն իր խոսքով փորձ արեց նպաստել առաջացած մարտահրավերները չխորացնելու միտումներին:
Իգոր Մուրադյանի կարծիքը Արթուր Աղաբեկյանի մասին` միանշանակ չեմ կիսում: Հարց է, արդյո՞ք այդ տեսակետը կիսում են Արթուր Աղաբեկյանի բազում մարտական ընկերները, այդ թվում` Էմիլ Աբրահամյանը, Վահան Բադասյանը եւ Գրիգորի Հայրապետյանը:

 

 

-Ինչպե՞ս կգնահատեք Դաշնակցության անցած ուղին Արցախյան քաղաքական դաշտում, եւ արդյո՞ք նման սադրանքները կարող են ազդել Արցախում Դաշնակցության հեղինակության եւ վաստակի վրա:

 

 

Միանշանակ փաստ է, որ Դաշնակցությունն Արցախի քաղաքական դաշտում ամենակայացած կուսակցությունն է եւ առաջամարտիկը: Հենց այդ պատճառով էլ նրան հաճախ են դարձնում թիրախ: Մենք Արցախի անկախության առաջին օրերին եղել ենք իշխանություն, եղել ենք նաեւ ընդդիմություն, իսկ հետո նաեւ իշխանության մաս: Երբ դրսից մեզ հարվածում են` մենք քանդվելու փոխարեն ավելի ենք միասնական դառնում եւ հզորանում: Սա կայացած լինելու ամենամեծ գրավականն է եւ ամենամեծ խորհուրդն ու պատասխանը բոլոր թիրախ դարձնողներին:

 

 

Դաշնակցությունը երբեք մարտավարական խնդիրները չի գերադասում ռազմավարական խնդիրներից եւ տեղի չի տալիս պետականության թուլացման ցանկացած փորձի: Դաշնակցությունը պատմության մեջ չի մտել` խաղալով ուրիշների սխալների եւ զգայարանների վրա, չունենալով սեփական ծրագիր երկրի զարգացման համար:
Դաշնակցությունն ունի հստակ ծրագիր եւ առաջին հերթին պայքարում է սեփական ծրագրերի իրականացման համար` այդ ճանապարհին մատնանշելով թերությունները` այն վերացնելու նպատակով: ՀՅԴ-ն միասնականության ապահովման մեջ է պայքարում թերությունների դեմ եւ ոչ թե փորձում է ժողովրդին բաժանել թեւերի ու թիմերի` հանուն նեղ եւ քողարկված շահադիտական նպատակների:

 

 

Քննարկման ենթակա չէ այն, որ Դաշնակցությունը պատասխանատվությամբ աշխատել եւ աշխատում է բոլոր ժամանակներում` թե’ խորհրդարանում, թե’ իրեն վստահված ցանկացած ոլորտում: Չմոռանանք, որ ընդդիմությունը նաեւ պատասխանատվություն կրելու կարողություն եւ վաստակ պիտի ունենա:
Դաշնակցությունը ԼՂՀ քաղաքական դաշտում ընդդիմություն եղած ժամանակ, քննադատելով հանդերձ, աննախադեպ աշխատանք է կատարել խորհրդարանում: Այն ընդդիմությունը, որը չունի միասնական ծրագիր եւ որին առաջին հերթին պետք է հավատա հենց ինքը` ընդդիմությունը, կազմված է անձերի համագործակցությունից` առանց ծրագրային հիմքի, ժամանակից շուտ թողնելու է պատմության թատերաբեմը:

 

 

Պետք է առաջին հերթին պայքարել ծրագրերի իրականացման համար` նշելով թերությունները, խոչընդոտները, որոնք խանգարում են դրա իրականացմանը եւ ոչ թե` հակառակը:
Դաշնակցության Արցախի կառույցն ունի բազում խնդիրներ, որոնք ներգրավված են մեր ծրագրային դրույթներում եւ որոնց իրականացման համար մշտական գործունեություն ենք ծավալում:

 

 

Հարկ եմ համարում նշել, որ այս ընթացքում ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը իր ուսերին է վերցրել նաեւ ընդդիմության պարտականությունները ներիշխանական մակարդակում` ամենածավալուն հարցադրումներն ու առաջարկները ներկայացնելով 2013 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ:
Մենք ունենք նաեւ գերխնդիր` դա ԼՂՀ միջազգային ճանաչումն է, որի իրականացման համար ՀՅԴ համաշխարհային կառույցով ենք պայքարում` համագործակցելով ԼՂՀ իշխանությունների հետ, որի իրականացումը հնարավոր է միայն ԼՂՀ ժողովրդավարական կառույցների օրեցօր ամրապնդման մեջ եւ որի հիմքում մասնավորապես ԼՂՀ վերջին նախագահական ընտրություններն էին:

 

 

Դաշնակցությունն անցյալի եւ ներկայի կուսակցություն չէ միայն, այլ անցյալի հարուստ փորձով օժտված, ներկայումս ակտիվ գործող եւ հզոր հայտ ներկայացրած ապագայի կուսակցություն:

 

 

Հարցազրույցը` Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

1