Դաշնակցություն՚ խմբակցությունը կողմ է քվեարկել 2013թ. պետական բյուջեի նախագծին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Դաշնակցություն՚ խմբակցությունը կողմ է քվեարկել 2013թ. պետական բյուջեի նախագծին

Դաշնակցություն՚ խմբակցությունը կողմ է քվեարկել 2013թ. պետական բյուջեի նախագծին

ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության  հայտարարությունը ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի  օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՙԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը, ինչպես բոլոր տարիների, այնպես էլ 2013թ. պետական բյուջեի նախագիծը դիտարկում է հիմնականում ռազմավարական հարցերի համատեքստում, իհարկե` ուշադրություն դարձնելով նաև տեղային խնդիրներին: Այս հիմնավորումից ելնելով` գտնում ենք, որ երկրի բյուջեն ոչ թե նպատակ է, այլ երկրի զարգացման ռազմավարական ծրագրերն են նպատակ, իսկ բյուջեն միջոց է այդ ծրագրերի իրականացման համար:

 

 

ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը 5 տասնյակից ավելի հարցեր է քննարկել կառավարության լիազոր ներկայացուցիչների հետ, նաև հանդես է եկել ավելի քան 30 գրավոր առաջարկություններով: Խմբակցությունը հանդիպել է նաև ԼՂՀ վարչապետի հետ: Առաջարկությունները հիմնականում վերաբերում էին ՀՆԱ և բյուջեի եկամտային հարաբերակցությանը, համայնքային բյուջեների դոտացիաներին, վարչակառավարչական ապարատի լավարկմանը /օպտիմալացմանը/, գյուղատնտեսության, գիտության, բարձրագույն կրթության, հայրենադարձության և վերաբնակեցման, հեռահաղորդակցության ոլորտներին, գյուղական երիտասարդության բնակարանային հիմնախնդիրներին, ինչպես նաև կապիտալ շինարարության ծրագրերին: Առաջարկություններն ուղղված էին նաև գյուղերում արվեստի և սպորտի զարգացման խնդիրներին:
Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ խմբակցության և կառավարության կարծիքների տարբերությանը` պետք է խոստովանել, որ ընդհանուր առմամբ հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում:

 

 

 

2012թ. բյուջեի նախագիծը քննարկելիս նշել էինք բյուջեի ռիսկային բնույթի մասին` կապված առավել մեծ պակասորդի հետ: Շեշտենք, որ այս տարի այն իրատեսական է:
Շեշտենք նաև, որ տարեցտարի կառավարության կողմից ավելի է կատարելագործվում ծրագրերի կազմումը ե’ւ ուղղությունների, ե’ւ բովանդակային իմաստով, չնայած վերոնշյալ ուղղությամբ դեռևս բավականին անելիքներ կան:

 

 

ՙԴաշնակցություն՚ խմբակցության կարծիքով` յուրաքանչյուր տարվա բյուջեի իրականացման հիմնական գրավականն այն է, որ գործադիրն ունենալով երկարաժամկետ ծրագրեր` փորձում է կյանքի կոչել դրանք, որի հետևանքով կիրառված քաղաքականությունը վերածվում է համակարգային ռեֆորմների և առավելագույնս զերծ պահում անհատական որոշումներից:

 

 

 

Մենք բազմիցս ենք շեշտել, որ բյուջեի նախագիծը առավել մանրամասնորեն ուսումնասիրելու և շահագրգիռ քննարկելու նպատակով` այն ԼՂՀ ԱԺ ներկայացվի առնվազն 50 օր առաջ: Փորձում ենք հավատալ, որ հաջորդ տարի այս բացը կշտկվի, քանի որ արդեն առկա են համապատասխան օբյեկտիվ պայմաններ:
ՙԴաշնակցություն՚ խմբակցության կարծիքով` չնայած վերջին տարիներին կառավարությունն ավելի է ուշադրություն դարձրել ծրագրերի վերահսկողությանը, որը հիմնական գրավականն է պետական միջոցների վատնումից և նրանց նկատմամբ ոչ խնայողաբար վերաբերմունքից խուսափելու համար, սակայն այս ուղղությամբ դեռևս լուրջ անելիքներ կան: Վերահսկողության ուժեղացումից բացի կարևոր է նաև, որ ի հայտ եկած խախտումներն առավել թափանցիկորեն ներկայացվեն հանրությանը: Գտնում ենք, որ վերահսկողության առավել ուժեղացման կարիք ունեն առանձնապես սերմնավարկերի` ժամանակին տրամադրման և վարկավորման նպատակային օգտագործման խնդիրները, չնայած, կրկնում ենք, կառավարությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել:
2013թ. բյուջեի նախագծով կառավարությունը ևս մեկ քայլ է կատարել հակակարկտային լիարժեք համակարգի ստեղծման ուղղությամբ` նախաձեռնելով համապատասխան ֆինանսական միջոցներ:

 

 

 

Ողջունելի է նաև հանքաարդյունաբերական բնագավառում հարկային փաթեթում փոփոխություններ կատարելը` գտնելով, որ անհրաժեշտ է առաջնորդվել աստիճանական անցման սկզբունքով :

 

 

Դրական ենք համարում նաև 2013թ. բյուջեով նախատեսված գումարների հատկացումը պետական մի շարք աշխատողների և ընդհանրապես կադրերի վերապատրաստման ուղղությամբ` առանձնապես գյուղական համայնքներում:
Մենք շարունակում ենք շեշտել, որ ներքին քաղաքականության բնագավառում ամենակարևոր հարցերից մեկը երկրի համաչափ զարգացման ապահովումն է: Չնայած կառավարություն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել վերոհիշյալ ուղղությամբ` ճյուղային կտրվածքով, բայց, մեր կարծիքով, դեռևս լուրջ անելիքներ կան նմանատիպ քայլեր ձեռնարկելու նաև տերիտորյալ (ռեգիոնալ) իմաստով:

 

 

ՀՅԴ-ն պատրաստ է իր մասնակցությունն ունենալ վերոհիշյալ բնագավառում ծրագրերի կազմմանը:
Առկա գիտակրթական բարեփոխումներին զուգահեռ` ուզում ենք նշել, որ դեռևս արմատապես չի փոխվել պետական բուհի հետ վարվող քաղաքականությունը: Գտնում ենք նաև, որ կառավարության ծրագրում ամրագրված ապակենտրոն քաղաքականության սկզբունքը տարեցտարի առավել լայն արտացոլում պետք է գտնի բյուջեի մեջ, որը կարևոր ազդակներից է գյուղական համայնքները ինքնաբավության հասցնելու գործընթացում: Գնահատելի է նաև գյուղատնտեսության ոլորտում արված քայլերը ապահովագրական համակարգի ստեղծման գործընթացում:

 

 

ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը 2013թ. բյուջեի նախագծում շեշտում է կառավարության դրական շարունակական աշխատանքները սոցիալական և էներգոհամակարգի ոլորտներում` առանձնապես ՀԵԿ-երի բաժնեմասերի տրամադրումը քաղաքացիներին:
Գտնում ենք նաև, որ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով անհրաժեշտ է առավել աշխուժացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ուղղություններին հասարակական և քաղաքական ուժերի ներգրավումը:
Հուսով ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցների ավելացումը կխթանի ԼՂՀ ճանաչման գործընթացը` զուգակցելով այն համահայկական ներուժով՚:

 

 

Ելնելով վերոնշյալից` ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը 2013թ. պետական բյուջեի նախագծին կողմ է քվեարկել:

1