«Դաշնակցության շարքերին չեն անդամագրվում, այլ զինագրվում են». ՀՅԴ նոր գրասենյակի բացման և երդման արարողություններ՝ Շվեդիայում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » «Դաշնակցության շարքերին չեն անդամագրվում, այլ զինագրվում են». ՀՅԴ նոր գրասենյակի բացման և երդման արարողություններ՝ Շվեդիայում

«Դաշնակցության շարքերին չեն անդամագրվում, այլ զինագրվում են». ՀՅԴ նոր գրասենյակի բացման և երդման արարողություններ՝ Շվեդիայում

Հոկտեմբերի 21-ին և 22-ին երկու կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել ՀՅԴ` Շվեդիայի ընտանիքի կազմակերպական կյանքում:

Հոկտեմբերի 21-ի երեկոյան 35 երիտասարդ նորագիրներ համալրել են ՀՅԴ շարքերը՝ տալով դաշնակցականի իրենց երդումը՝ կնքահայրությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:

Նորագիրներին ուղղված պատգամի խոսքում Մարգարյանը նշել է. «Դաշնակցության շարքերին չեն անդամագրվում, ինչպես լինում է այլ կազմակերպություններում, այլ զինագրվում են, որովհետև խոսքը վերաբերում է ազգի ծառայությանը: Յուրաքանչյուր դաշնակցական նախ և առաջ ազգի զինվոր է, Հայ Դատի զինվորագրյալ ծառան՝ բառի բուն և բազմակողմանի առումով»:

Կիրակի՝ հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել մեկ այլ կարևոր իրադարձություն: Կայացել է Սոտերթելոյի «Սարդարապատ» ակումբի բացման հանդիսավոր արարողությունը՝ նախագահությամբ Հրանտ Մարգարյանի: Ակումբի բացման արարողությանը ներկա են եղել նաև Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանն ու պաշտոնական այլ հյուրեր:

Արարողության ընթացքում բացման խոսքով հանդես եկած՝ Շվեդիայի ՀՅԴ ներկայացուցիչ Սիմոն Տեր-Սահակյանը նշել է, որ այս ակումբն առաջինն է շուրջ քառասուն տարվա կյանք ունեցող համայնքում: Նա նշել է, որ նորաբաց գրասենյակը բաց է բոլորի համար՝ առանց գաղափարական, թե դավանական խտրականության, թեև ունի հստակ պատկանելություն, որի հարկի տակ միասնաբար գործելու են ՀՅԴ-ն, ՀՄԸՄ-ն, Համազգայինը, Հայ Դատը, ՇԵՄ-ը, պատանեկան միությունն ու ՀՕՄ-ը:

Դեսպան Արտակ Ապիտոնյանն իր հերթին  շնորհավորել է այս կետրոնի բացմումը՝ այն կարևոր որակելով համայնքի հայապահպանման հարցում:

Արարողության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես է եկել նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ընդգծել է ՀՅԴ գրասենյակների, այդ թվում՝ նորաբաց այդ ակումբի անփոխարինելի դերը ոչ միայն  հայապահպանության կենսական առաքելության հարցում, այլև ազգակերտման գործում, մեր ազգային-քաղաքական նպատակների և պահանջատիրության կինսագործման հարցում:

«Այս բոլորը, այսինքն` մեր ամբողջ աշխատանքը ինքնանպատակ չէ: Այն ունի հիմնական մեկ հասցե` Հայաստան: Մեր առօրյա աշխատանքն անգամ պիտի կամրջվի Հայաստանի ու Արցախի հետ, մեր նպատակակետը պիտի լինի մեր պետականության զարգացումը, վերելքը, հզորացումը: Եվ, այո՛, կարելի է, Սփյուռքում գտնվելով, օժանդակել պետականաշինության էական գործընթացին, որի միջոցները բազմազան են: Կարևորն այդ գիտակցությունն է, որ ունենք մենք` իբրև կուսակցություն, և որ ունեցել ենք վերանկախության առաջին իսկ օրվանից»,- ասել է Հրանտ Մարգարյանը՝ խոսքը եզրափակելով հետևյալ նախադասությամբ. «Ուստի մեր սրբազան Դատի համար շարունակեք մեր պայքարը և մնացեք հանձնառու` մինչև հակառակորդի դեմ վերջնական հաղթանակը»:

1