Դաշնակցության մոտեցումները արտացոլված չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծում. Վահրամ Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դաշնակցության մոտեցումները արտացոլված չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծում. Վահրամ Բալայան

Դաշնակցության մոտեցումները արտացոլված չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծում. Վահրամ Բալայան

Մայիսի 11-ին տեղի ունեցած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի ժամանակ խորհրդարանը քննարկել եւ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը: ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները նախագծին ձեռնպահ են քվեարկել:
«Ապառաժ»-ի թղթակցի հետ զույցում ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նշել է, որ «Դաշնակցություն» խմբակցությունը շատ է կարեւորում վերոհիշյալ նախագիծը: Խմբակցությունը քննարկել եւ շուրջ 30 առաջարկներ է ներկայացրել նախագծի հեղինակներին եւ պետա-իրավական հանձնաժողովին: Քննարկումների արդյունքում մի շարք հարցեր լուծումներ են ստացել եւ խմբակցությունը ԱԺ նիստին 19 առաջարկություններով է հանդես եկել:
«Կարծում եմ, որ ԱԺ-ն՝ որպես մեկ միասնական մարմին եւ առանձին-առանձին ամեն մի պատգամավոր, պետք է իր ներդրումն ունենան պետականաշինության գործում: Պատգամավորը պետք է իր գործով, մասնակցությամբ կարողանա ժողովրդի ձայնը ներկայացնել օրենսդիր մարմնում: Մեր առաջարկությունների ընդունման դեպքում օրենսդիր մարմնի գործունեությունը ավելի կաշխուժանա,- նշել է Վահրամ Բալայանը եւ շեշտել, որ ՀՅ Դաշնակցության մոտեցումները արտացոլված չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծում:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս հարցերն արդիական են, քանի որ առաջիկայում մենք հազար ու մի խնդիրներ եւ հարցեր ունենք լուծելու:
«Դաշնակցություն» խմբակցությունն իր առաջարկություններով ձգտում է մեծացնել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի պատասխանատվությունը եւ ընդլայնել նրա աշխատանքային ճակատը՝ նպաստելով պատգամավորի նախաձեռնողականության բարձրացմանը»,- ընդգծել է Վահրամ Բալայանը:
Վ.Բալայանը ակնկալություն ունի, որ մինչեւ նախագծի 2-րդ ընթերցումը խմբակցության մտահոգությունները կփարատվեն:
«Մենք ձգտում ենք ԱԺ-ի մյուս խմբակցությունների հետ համախորհուրդ ընդունել տվյալ օրենքի նախագիծը»,- նշել է Վահրամ Բալայանը:
1