Դաշնակցական երիտասարդները բողոքում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման դեմ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Դաշնակցական երիտասարդները բողոքում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման դեմ

Դաշնակցական երիտասարդները բողոքում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման դեմ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները բողոքի ցույց են կազմակերպում, որի ընթացքում իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հրադադարի խախտման համար Ղարաբաղյան հակամարտության կողմերին հավասարապես մեղադրելու դիրքորոշման դեմ:

 

Նրանք հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով մարդկային կորուստները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի: Ավելին` Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական կողմի գործողությունների դիտարկումը հավասարության սկզբունքով ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլև խրախուսում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակելու իր ապակառուցողական և տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունը:

 

Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբից` վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային:

 

Փետրվարի 5-ին` ժամը 12:00-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան՚» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում են բողոքի ցույց: Ցույցը տեղի կունենա արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց`ժամը 11:30-ին:

 

Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների Երիտասարդական միություններին` անկախ քաղաքական դիրքորոշումից և մոտեցումներից, միանալ բողոքի ցույցին և միասնական դիրքորոշում արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքի վերաբերյալ:

 

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն
Երևան 04.02.2014թ

1