Գնացեք գուշակի մոտ եւ վերջ…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գնացեք գուշակի մոտ եւ վերջ…

Գնացեք գուշակի մոտ եւ վերջ…

Հայաստանում (ՀՀ եւ ԼՂՀ) սոցիալական անարդարությունների աճի, կյանքի որակի անկման, աղքատների թվաքանակի աճման, ապագայի նկատմամբ հավատի կորստի, թերաժեքության բարդույթի խորացման պայմաններում աճում են այն մարդկանց թիվը, որոնք իրենց ապագան իմանալու համար դիմում են բախտագուշակների կամ այլ ՙծառայությունների՚ օգնությանը: 

 

Ընդհանրապես, երբ հավատը բացակայում է կամ կորչում, մարդու հոգին դատարկ չի մնում, այն լցվում է այնպիսի ՙթափոններով՚, որն առաջարկում է միջավայրը: Այդ ՙթափոնների՚ թվին են պատկանում աստղագուշակությունը, էքստրասենսները, սեւ եւ սպիտակ մոգությունները, կախարդությունները, արեւելյան կրոնները եւ ուսմունքները, կրոնական աղանդները, տնային ՙեկեղեցիները՚, ենթամշակութային խմբերը, բախտագուշակության տարատեսակները եւ այլն: Նշվածներից աստղագուշակությունը առանձնանում է նրանով, որ այն համատարած է ու մատչելի: Բացեք համացանցը` հինգ վեբ-կայքից մեկում ձեզ առաջարկում են ձրի աստղագուշակության ծառայություն: Հետաքրքիրն այն է, որ դրանք հաճախ իրարից տարբերվում են եւ բախտագուշակության սիրահարներին ստիպում տարբեր կայքեր բացել, ուշադրությամբ կարդալ եւ ՙթվաբանական միջինը հանել՚, որ արդյունքը հավաստի լինի:

 

ՙԱստղերը հուշում, բայց չեն պարտադրում՚. այս քողարկված արտահայտությունն է զենքը աստղագուշակների, որոնք ձգտում են չարի ու բարու դրսեւորումները բացատրել տվյալ պահի աստղերի ու մոլորակների դասավորությունից, մարդուն կապել աստղերի տեսանելի ու անտեսանելի շարժումներին, այսինքն, մարդուն ամեն գնով շեղել, հեռու պահել ճշմարիտ հավատքից:

 

Աստղաբաշխությունը (դրանից է առաջացել աստղագուշակությունը) որպես գիտություն ծագել է պատմական հեռավոր անցյալում` քաղդեացիների մոտ: Նրանք լուսատուներին եւ համաստեղություններին համարում էին արարիչներ կամ աստվածներ: Երկնային մարմիններից Արեգակին, Լուսնին, Վեներային, Մարսին, Յուպիտերին, Սատուրնին վերագրել են մարդկային ճակատագրի վրա ազդելու մենաշնորհ: Նրանք ցերեկվա եւ գիշերվա ծնունդները կապում էին տանուտեր աստղի հետ: Աստղերը ոչ միայն բախտավորություն ու թշվառություն են տալիս, այլեւ` կյանք, որոշակի թվով (տարիքով)` ոմանց շատ, ոմանց քիչ: Եւ մարդկանց վարք ու բարքը, կամքը եւ գործերը` լինեն դրանք բարի, թե չար, բոլորը կապում էին աստղերի հետ:

 

Քաղդեացի աստղաբաշխները երկինքը բաժանել են 12 համաստեղությունների միջեւ, որոնք կոչվում են կենդանակերպեր: Դրանք շարժվում են յոթ մոլորակների գերիշխանության տակ: Սրանք դուրս են աստղատներից, այդ պատճառով էլ կոչվում են մոլորակ-աստղեր: Դրանց փոխադարձ դասավորության եւ կենդանաշրջանի 12 համաստեղությունների` հորիզոնի նկատմամբ ունեցած դիրքի հիման վրա մարդու ծննդյան պահից կազմել են հորոսկոպ (բախտացույց), որն էլ իբր որոշում է նրա ճակատագիրը:
Քաղդեացիներից աստղաբաշխությունը սովորելով եգիպտացիները եւ հույները այն ավելի են զարգացրել: Հետագայում այն տարածվել է Ասորեստանում, Բաբելոնում, Պարսկաստանում, Հայաստանում եւ ողջ Ասիայի երկրներում:

 

Պատմական Հայաստանի տարածքը աշխարհի այն վայրերից է, որտեղից երեւում են կենդանաշրջանի բոլոր 12 համաստեղությունները: Այդ է պատճառը, որ Հայաստանում զարգացել էր աստղաբաշխությունը եւ հասել: Հարկ է նշել, որ մինչ աստղաբաշխության մուտք գործելը Հայաստանում զարգացած էր աստղագիտությունը, դրա վկան Քարահունջի 6000 տարի առաջ կառուցած աստղադիտարանն է: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո աստղագուշակությունը, մոգությունը, կախարդությունները աստիճանաբար դուրս են մղվել հայ քրիստոնյայի կյանքից:

 

Աստղագուշակության իսկական էության մասին կամա թե ակամա խոստովանել են ժամանակակից աստղագուշակության այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Պավել եւ Թամարա Գլոբաները, Թիմուր Սվիրիդովը, Ջոն Ֆրոուլին, Օսկար Հոֆմանը, Գալինա Վոլժինան, Սվետլանան եւ այլոք: Վերջինս` Սվետլանան, հայտնի է որպես աշխարհում ամենաուժեղ բախտացույց կազմողը: Նա խոստովանել է, որ ինքը անմիջական կապ ունի երկնային ամենահզոր ուսուցիչ` Աշտարի հետ, որը եւ օգնում է իրեն` կազմելու բախտացույցները: Աստվածաշնչից հայտնի է, որ հրեշտակներից ամենաառաջինը` անդրանիկը` Արուսյակը, որն Աստծուն կանգնած էր այնքան մոտ, որքան Արուսյակ աստղը արեւին, տեսնում ու զգում է իր գեղեցկությունը եւ կատարելությունը, շլանում է ինքն իրենով եւ նրանում ամբարտավան, գոռոզ ձգտում ու ցանկություն է առաջանում աստվածանալու եւ հավասարվելու Աստծուն` իր Արարչին: Սակավ համարելով իրեն տրված փառքը եւ Աստծո հանդեպ լցվելով նախանձով` Արուսյակը շահագործում է իրեն շնորհված ազատությունը եւ իրեն համախոհ մի շարք հրեշտակների հետ (ապստամբների թիվը` համապատասխան դատապարտված հրեշտակների թվին, համարվում է ընդհանուր հրեշտակաց բազմության 1/3-ը)` պատերազմով ապստամբում է Տիեզերական Տիրակալի դեմ: Հակառակվողների դեմ է ելնում հավատարիմ մնացած հրեշտակների մի բազմություն Միքայել հրեշտակապետի գլխավորությամբ եւ պարտության է մատնում փառատենչներին եւ վտարում է աննյութական` իմանալի երկնքից: Արուսյակն իր արարքի համար վաստակում է սատանա` (եբր.` հակառակորդ) անվանումը: Իրենց ապստամբությամբ ու ամբարտավանությամբ անկյալ հրեշտակները, որ անվանվեցին դեւեր, կորցրեցին իրենց երբեմնի աստվածտեսությունը, իսկ հավատարիմ արդարները, մերժելով կուրությունը եւ անմտությունը, հաստատվեցին կատարելության մեջ:

 

Աստվածաբանների մի ստվար մասի կարծիքով անկյալ հրեշտակների մեջ եղել են հրեշտակների բոլոր 9 դասերից ներկայացուցիչներ:
Մեր կարծիքով բոլոր հայտնի եւ անհայտ աստղագուշակները կապված են երկնային այս կամ այն անկյալ հրեշտակի հետ, եւ նրանց իմացության աստիճանն ու ՙբարձր վարպետությունը՚ կախված է նրանից, թե հաղորդակցվող անկյալ հրեշտակները ինչ դասի են պատկանում: Բնականաբար, ինչքան բարձր է անկյալ հրեշտակի դասը, այքան բարձր է նրա ՙտեղեկացվածության՚ աստիճանը: Անկյալ հրեշտակները քաջատեղյակ են աշխարհում տեղի ունեցած եւ տեղի ունեցող դեպքերին ու իրադարձություններին եւ ոչ շատ մեծ սխալով (կախված իրենց ՙդասայաին աստիճանից՚) կարող են կանխատեսլ ապագան: Անտարակույս, անկյալ հրեշտակները ունեն հստակ նպատակներ, որոնց հասնելու համար միջոցների ընտրության հարցում ոչ մի խտրություն չեն դնում: Նրանք հիմնականում օգտվում են երկրի վրա գործող եւ իրենց կողմից ընտրված ՙլրտեսների՚ ծառայություններից: Անկյալ հրեշտակները աստղագուշակներին, էքստրասենսներին, կախարդներին, մոգերին եւ մնացած լրտես¬գործակալներին տալիս են համապատասխան կարողություններ, տեղեկատվություն եւ հնարավորություններ: Այն մարդիկ, ովքեր կամա թե ակամա օգտվում են աստղագուշակների եւ նշված ՙթափոնների՚ ծառայություններից, մեխանիկորեն դառնում են անկյալ հրեշտակների գործակիցները:

 

Այսինքն, ստեղծվում է յուրահատուկ միջնորդված կապ մարդու եւ սատանայի միջեւ (մարդ¬ աստղագուշակ¬անկյալ հրեշտակ¬սատանա): Ինչպես հայտնի է` պարտքը հատուցմամբ է գեղեցիկ: Իսկ սատանայի կողմից հատուցումը երբեք չի ուշանում: Հետեւանքների մասին ավելորդ է գրելը: Աստղագուշակությանը հավատացողներին Գրիգոր Տաթեւացու ՙՈսկեփորիկի՚ օգնությամբ կարող եմ պատասխանել, որ` ա) Խիստ անպատվություն է մեծը փոքրին ծառայելը. մարդը մոլորակից, աստղից անչափ մեծ է: բ) Մարդու բարի եւ չար էությունները կախված չեն մոլորակներից, քանի որ միեւնույն աստղի տակ ծնված մարդիկ (երկվորյակներ Հակոբը եւ Եսավը) տարբեր բնավորություններ ունեն: գ) Մոլորակները ազդում են նյութականորեն` ջերմությամբ ու սառնությամբ, հիվանդությամբ ու առողջությամբ, սակայն չեն կարող տալ խելք ու առաքինություն, չարություն ու բարություն, որովհետւ սրանք հույժ ոգեղեն են: դ) Եթե մարդու կատարած ընտրությունը լուսատուներից կամ մոլորակներից լիներ, ամբողջ մարդկությունը նույն ընտրությունը կկատարեր` ինչպես ծիծեռնակները, որոնք բոլոր վայրերում միատեսակ են բույն սարքում, սարդերը նույն տեսակ են ոստայն հյուսում: Մարդիկ բազում ընտրություն են կատարում` արհեստներ, արվեստներ, բժշկություն եւ այլն: ե) Եթե ընդունենք, որ լուսատուներից կամ մոլորակներից է բնության թելադրանքով է` մնում է անվարձ ու առանց մեղքի, այսինքն` ոչ մեղք կա եւ ոչ էլ հատուցում, ոչ արքայություն եւ ոչ դժոխք, եւ իզուր է Աստծո հրամանը` դիմակայել մեղքերին եւ բարիք գործել: Հայաստանի եւ Արցախի անկախացումից հետո, ՙԺողովրդավարացման գործընթացի ծավալման՚ հետ միասին, տարբեր ՙազատությունների՚ շարքում մեր երկիր է ներխուժել նաեւ աստղագուշակությունը: Այժմ այն ներթափանցել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները, պետական ու մասնավոր հաստատությունները, ուսումնական հաստատությունները: Հայաստանում գործում են աստղագուշակության կենտրոններ եւ գրասենյակներ, որոնք հաճույքով տեղեկատվություն են տրամադրում լրատվական գործակալություններին, տպագրատներին, հանդեսներին ու անհատներին:

 

Հայաստանում եւ Արցախում տպագրվել եւ տպագրվում են բազմաթիվ գրքեր¬բախտացույցներ, օրացույցներ եւ այլն: Մի շարք թերթեր եւ այլ պարբերականներ ընթերցողների ուշադրությունը գրավելու համար տպագրում են բախտացույցներ ամբողջ շաբաթվա եւ առանձին օրերի համար: Աստղագուշակության ծառայություններից, դժբախտաբար, օգտվում են նաեւ զանգվածային այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ռադիոն եւ հեռուստատեսությունը: Արտաքինից անվտանգ թվացող աստղագուշակության ՙԺամանցը՚ իրականում հզոր զենք է` մարդկանց ուղեղները մթագնելու համար: Այն մարդուն ՙհուշում է՚ հույսը դնել ոչ թե բանականության, խելքի, ունակությունների, կրթության եւ դաստիարակության, աշխատանքի, այլ` մոլորակների կամ աստղերի կողմից թելադրանքի, կանխատեսումների, երջանիկ զուգադիպությունների ու պատահարների վրա: Այսինքն, աստղագուշակությունը մարդուն շեղում է ճիշտ մտածելու, գործելու ուղղությունից, եւ որ ամենակարեւորն է` ճշմարիտ հավատքից: Աստղագուշակները ընդհանրապես միայնակ չեն գործում: Այն հանդես է գալիս որպես մի կուռ համակարգի (էքստրասենսներ, մոգություններ, կախարդություններ, արեւելյան կրոններ եւ ուսմունքներ, կրոնական աղանդներ եւ այլն) մի օղակ, որին հատկացված է համապատասխան գործառույթ: Ուստի, պայքարը նրանց դեմ պիտի կրի համազգային բնույթ` պետության եւ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավորությամբ:

 

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

1