Գլենդելի Քաղաքային խորհրդում մեծամասնություն լինելը դրական ազդեցություն է ունենալու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գլենդելի Քաղաքային խորհրդում մեծամասնություն լինելը դրական ազդեցություն է ունենալու

Գլենդելի Քաղաքային խորհրդում մեծամասնություն լինելը դրական ազդեցություն է ունենալու

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի և Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները:

Քաղաքային խորհրդի 5 անդամներից 4-ը, նաև Կրթական խորհրդի 6 անդամներից 4-ը, Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի 6 անդամներից 3-ը հայեր են ընտրվել:

Օրերս «Ապառաժ»-ի խմբագրություն այցելած Զարեհ Աճեմյանից, ով 2015-2016թթ. եղել է Գլենդելի Հայ Դատի հանձնախմբի ատենապետը, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կտան ընտրությունների արդյունքները հայ համայնքին և ի՞նչ միջոցառումներ է համայնքը առաջիկայում նախատեսում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

«Երկար տարիներ մենք փորձում էինք ԱՄՆ կառավարման տարբեր մակարդակներում ապրիլի 24-ը պաշտոնականացնել որպես  Հայոց Ցեղասպանության օր: Գլենդելի հանրային դպրոցների կրթաշրջանի խորհուրդն անցյալ տարի հայտարարեց, որ ապրիլ 24-ը որպես Հայոց Ցեղասպանության օր միշտ ազատ է լինելու. աշակերտությունը դպրոց չի գնալու»,- նշեց Զարեհ Աճեմյանը և ավելացրեց, որ սա հնարավոր եղավ տարիների աշխատանքի շնորհիվ: Հայ Դատի հանձնախումբը, համագործակցելով կրթաշրջանի խորհրդի անդամների հետ ու ժողովրդի մեջ քարոզչություն, ստորագրահավաքներ կազմակերպելու արդյունքում այդ որոշմանը հասավ:

«Տեղական մամուլում, հեռուստակայաններում արձագանքը շատ մեծ էր, որովհետև ԱՄՆ ամբողջ տարածքում դա դարձավ առաջինը կրթաշրջանը, որն ապրիլի 24-ն ընդունել է որպես Հայոց ցեղասպանության օր և ոչ աշխատանքային է հայտարարել»,- ասաց Զարեհ Աճեմյանը: Նախկինում եղել է, որ դպրոցներն իրենց օրացույցը կազմելուց ապրիլի 24-ը ոչ աշխատանքային էին նշում, բայց չէր ասվում, թե ինչի համար է և ամեն տարի փոփոխության ենթակա էր: Այսպիսով, այդ որոշումով ամրագրվեց և նշվեց, որ ապրիլի 24-ի համար է: «Միաժամանակ բանաձևը հաստատել են, թե կրթաշրջանի ուսուցիչների արհմիությունը, թե տնօրենների, պաշտոնյանների արհմիությունները, այսինքն հավաքական բան էր կրթաշրջանի բոլոր մակարդակների աշխատողների անձնակազմի կողմից»,- հավելեց Զարեհ Աճեմյանը:

Խոսելով Գլենդելի Քաղաքային խորհրդի ընտրված 4 հայազգի անդամների մասին, Զարեհ Աճեմյանը նշեց, որ սա աննախադեպ մի երևույթ է: Հայությունը, նրանով հանդերձ, որ վերջին 20 տարում Գլենդելում բավականին խոշոր թիվ էր կազմում, քաղաքային իշխանությունների մեջ իր արդարացի ներկայությունը չուներ: Տվյալ ընտրությունները կայանում են 2 տարին մեկ անգամ, նախորդ ընտրություններին Քաղաքային խորհրդի 5 անդամներից 3-ը հայ էին, իսկ այս տարի չորրորդն էլ անցավ և սա արդեն մեծ բան էր: «Չորս հոգով մեծամասնություն ունենալը դրական ազդեցություն է ունենալու, թե քաղաքի բնակչության կյանքի վրա և թե ազդելու է մեր համայնքի վարկն ու հեղինակությունը քաղաքականապես բարձրացնելու առումով: Նահանգային մակարդակի ընտրություններում թեկնածուներն ավելի շատ են հաշվի առնում հայ համայնքի կողմնորոշումները և ստիպված են լինում մեր պահանջներին հագեցում տալ»,- համոզված է մեր զրուցակիցը:

Իսկ Ցեղասպանության տարելիցի հետ կապված՝ տարբեր մակարդակներում միջոցառումներ են նախատեսվում: «Հայոց Ցեղասպանության 100-ամյակին 160.000-անոց ցույց ունեցանք, որը ցնցող երևույթ էր: Քաղաքում մինչ այդ այդպիսի մասշտաբի ցույց չէր եղել»,- տեղեկացրեց Զարեհ Աճեմյանը: Ամեն տարվա ապրիլի 24-ը Գլենդելի Քաղաքային խորհուրդը հայտարարել է մարդը մարդու դեմ գործած ոճիրի օր, ցեղասպանությունների և դրանց շարքում հատկապես Հայոց ցեղասպանության օր: Այդ կապակցությամբ քաղաքային խորհուրդը պաշտոնապես նշում է օրը, տեղի են ունենում բանախոսություններ, գեղարվեստական ներկայացումներ և այլ միջոցառումներ:

1