Գիրք Մեծն Տիգրանի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գիրք Մեծն Տիգրանի մասին

Գիրք Մեծն Տիգրանի մասին

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում մայիսի 12-ին կայացավ Արմեն Պետրոսյանի «Два царя» գրքի շնորհանդեսը:

Մասնագիտությամբ ռուսերենի ուսուցիչ, քաշաթաղցի Արմեն Պետրոսյանը բազմաթիվ պատմվածքների հեղինակ է, ստեղծագործում է ռուսերեն, բայց՝ ասելիքը հայկական է, թեման հայկական է, հոգու ճախրումը՝ հայերեն: Այս անգամ նա ընթերցողի դատին է ներկայացրել «Два царя»՝ «Երկու արքա» պատմավեպը: Ինչո՞ւ «երկու արքա» — խոսքը հին աշխարհի երկու հսկաների՝ պարսկական Միհրդատ առաջին Պոնտացու և Հայոց արքա Տիգրան Մեծի մասին է:

«Դա երկու հսկաների առաջին խոշոր ընդհարումն է, ամբողջ հին աշխարհը ներքաշված էր այդ պատերազմի մեջ: Օգտագործել եմ հնագույն աղբյուրներ՝ Իոսիֆ Ֆլավիոսից սկսած, նաև պրոֆեսորներ Մանանդյանի և Մանասերյանի պատմական-աղբյուրագիտական աշխատությունները, ժամանակակից աշխատություններ: Երկու տարի է պահանջվել, որ համարձակվեմ գիրքը ներկայացնել ընթերցողին»,-նշում է հեղինակը, — 2013 թվականին Ռուսաստանում մասնակցել եմ պատմվածքների մրցույթի, գրավել առաջին տեղը, տպագրվել «Լիտերատուրնայա Արմենիա», «Գոլոս Արմենիի» և այլ թերթերում»:

«Ապառաժ»-ի այն հարցմանը, թե ի՞նչ է ցանկացել այդ գրքով ասել, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Ուզել եմ ասել ճշմարտությունը Մեծն Տիգրանի ու ընդհանրապես հայի պատմության մասին: Մեր մեծ արքայի կերպարին քիչ է անդրադարձ եղել գեղարվեստական գրականության մեջ: Ընթերցողը շատ քիչ պատկերացում ունի, թե ո՞վ է եղել Տիգրան Մեծը, միշտ առաջ են տարել Միհրդատ երկրորդին, սակայն առանց Տիգրան Մեծի՝ որպես Մերձավոր Արևելքի տիրակալի, ծովից-ծով Հայաստան ստեղծողի, որն առայսօր մնում է հայոց պատմության չգերազանցված տիրակալը, նա չէր կարող ոչինչ անել: Տիգրան Մեծը մեծ էր ոչ թե իր նվաճումներով, այլ որ շարունակեց իր պապի՝ Արտաշեսի գործը՝ հայ ազգը միավորեց մեկ ազգի, մեկ գաղափարի շուրջ…

Մի անգամ մի ռուսական հեղինակ, չեմ ուզում անունը նշել, ասաց, որ Ձեզ միշտ ծեծել են ու ծեծելու են. դա եղավ վերջնակետը, որ ես սկսեմ լրջորեն զբաղվել դրանով»:

Տիգրան Մեծի կերպարով ունենք 23 օպերա, բայց, միևնույն է, նրա կերպարը մնում է հակասական և մինչև վերջ չբացահայտված արքաներից մեկը հայ իրականության մեջ: Թե ինչքանո՞վ է հաջողվել բացահայտել հեղինակին, կասի ընթերցողը՝ գիրքը կարդալով:

1