Գեորգիեւյան ժապավեն կամ ռուսական դիվերսիա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գեորգիեւյան ժապավեն կամ ռուսական դիվերսիա

Գեորգիեւյան ժապավեն կամ ռուսական դիվերսիա

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի` Մայիսի 9-ին գեորգիեւյան ժապավենները զարդարում էին որոշ պետական այրերի բաճկոնները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ զգեստը:

Որքանո՞վ է ճիշտ գեորգիեւյան ժապավեն կրելը: Այս հարցն ուղեցինք ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանին, ով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշը Սասունցի Դավիթ տանկային շարասյունն է համարում, այլ ոչ թե գեորգիեւյան ժապավենը, որը ռուսական կայսրության խորհրդանիշ   է:

«Մեզ համար Մայիսի 9-ը ունի մեծ նշանակություն` Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի կազմավորման օր: Կարծում եմ՝ մեր Եռագույնը ամենաճիշտ եւ ամենաընդունելի տարբերակն է»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ գեորգիեւյան ժապավենը որպես Հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշ սկսեց կիրառվել 2005 թվականին` «РИА Новости» լրատվական գործակալության եւ «Ուսանողական համայնք» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կողմից: Որոշ ժամանակ անց մասսայականացվեց եւ տարածվեց նախկին Խորհրդային երկրներում: Հայաստանն ու Արցախը եւս զերծ չմնացին երեք սեւ եւ երկու նարնջագույն (դեղին) ժապավենից:

«2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակում ռուսներից հետո հայ ազգը 2-րդն էր իր մասնակցության թվով: 300 հազար հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել: Ունեցանք Խորհրդային Միության 108 հերոս, մոտ 68 գեներալ, 4 մարշալ: Մեր ժողովուրդը շատ մեծ ներդրում է ունեցել 2-րդ աշխարհամարտում՝ հատկապես ֆաշիզմի դեմ տարած պայքարում»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Պատմաբանը շեշտեց, որ Բելառուսը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ ամենածանր հարվածներն է ստացել ֆաշիստներից եւ, եթե անգամ Բելառուսում կրում են գեորգիեւյան ժապավենը, ապա իրենց պետական զինանշանի կամ պետական դրոշի խորհրդանիշների հետ: Ինչ վերաբերվում է նախկին խորհրդային երկրներին եւ ԵՏՄ անդամ Ղազախստանին եւ Ղրղզստանին, ապա այդ երկրներն ընդհանրապես դեմ են գեորգիեւյան ժապավեններին:

«Այսօր ռուսական քաղաքական շրջանակներում ժապավենն օգտագործվում է որպես Հայրենական մեծ պատերազմի «մասնավորեցման» գործընթաց: Կարծես թե միայն Ռուսաստանն է պայքարել,- նշեց պատմաբանը եւ ընդգծեց,- եթե մինչեւ 2005թ. մենք չէինք կրում գեորգիեւյան ժապավեն, ուրեմն չէի՞նք հարգում մեր նախնիների արածն ու այն ավանդը, որ մատուցել են ֆաշիզմի դեմ պայքարում: Իհարկե, հարգում էինք»:

Լուսինե Թեւոսյան

1