Գառնիկ Սարգսյան.
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Գառնիկ Սարգսյան. <<Եթե վերադառնամ հայրենիք, կարծես թե որբ պետք է մնան Սփյուռքի երիտասարդները>>

Գառնիկ Սարգսյան. <<Եթե վերադառնամ հայրենիք, կարծես թե որբ պետք է մնան Սփյուռքի երիտասարդները>>

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և ազգային-հեղափոխական երգը անբաժանելի են: Հայ հեղափոխական երգերը հայրենասիրության գաղափարները տարածող երգեր են: Դրանք գովաբանում են Մայր Հայաստանը, ամբողջական Հայաստանի գաղափարախոսությունը, գովաբանում հայրենիքի պաշտպանության համար մարտնչող հերոսներին, ազատության, միասնականության, մայր հողին ամուր կանգնելու, անգամ մահվան գնով այն պաշտպանելու գաղափարը:

 

 

Գառնիկ Սարգսյանն այսօր, հիրավի, հայ հեղափոխական, հայրենասիրական երգի ամենասիրված մեկնաբաններից մեկն է: Նրա երգերի տակ են այսօր դաստիարակվում բազմաթիվ երիտասարդներ թե’ Սփյուռքում, թե’ Հայրենիքում:

 

 

Օրերս <<Ապառաժ>>-ի լրագրողը ճանաչողական այցով գտնվում էր Լիբանանում, ով Բեյրութում մասնակցել է նաեւ Գառնիկ Սարգսյանի համերգին:

 Ձեզ ենք ներկայացնում <<Ապառաժ>>-ի  բացառիկ հարցազրույցը Գառնիկ Սարգսյանի հետ:

 

 

Վերջերս սիրիահայերին օժանդակելու համար բարեգործական համերգ ունեցաք Կանադայում: Արդյո՞ք այդ համերգները դեռ շարունակական կլինեն:

 

Այո, անշուշտ, պատրաստվում եմ համերգներ ունենալ Ռուսաստանում, Աբու Դաբիյում, Ֆրանսիայում, որով այս տարվա ծրագիրը կավարտվի: Արդեն 2013 թվականին բարեգործական համերգներ կունենամ հայկական մի շարք գաղութներում նույնպես:

 

 

Դուք մի քանի տարի առաջ  հայտարարեցիք, որ կամացկամաց պատրաստվում եք հեռանալ բեմից: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

 

 

Ես այդ հայտարարությունն արել եմ 2008 թվականին և, իհարկե,  նշել եմ <<կամաց-կամաց>> արտահայտությունը. չեմ նշել երբ, այնպես որ, կամաց-կամաց ասելով` ի նկատի ունեի տարիքս նաև: Անշուշտ, որքան որ Աստված ինձ կարողություն տա,  ես կմնամ բեմում:

 

 

Այսօր երիտասարդ հեղափոխական երգի մեկնաբան, երգիչ  գրեթե չունենք, այնպիսինը, որ ձեր գործը կշարունակի: Ի՞նչ եք կարծում`  ինչո՞վ է դա պայմանավորված:

 

 

Կան  երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են, սակայն շատերը հուսախաբ են լինում, քանի որ քաջալերանքը, նյութականի իմաստով, շատ քիչ է: Երբ որ մեկը պատրաստվում է երգիչ կամ մեկնաբան դառնալ, իր մեջ ինչ որ երազային աշխարհ ունի որպես երգիչ` համբավ, գումար ստանալու համար: Դժբախտաբար կամ բարեբախտաբար այդպես չէ, քանի որ ազգային-հեղափոխական երգը ամեն տեղ ամեն վայրկյան չես կարող երգել, պետք է կազմակերպվեն հատուկ ձեռնարկներ, որոնք թվով շատ քիչ են լինում: Դրա համար շատ երիտասարդներ, գիտեմ, որ հուսախաբվում են և թողնում այդ ուղին, երգում են էստրադային կամ այլ ժանրերում:

 

 

Հայրենիքում մենք` երիտասարդ դաշնակցականներս, և ոչ միայն,  դաստիարակվել ենք ձեր երգերով, սակայն  առիթը երբևիցե չենք ունեցել Գառնիկ Սարգսյանին տեսնել Հայաստանում եւ Արցախում : Արդյո՞ք պատրաստվում եք համերգներ ունենալ Արցախում:

 

 

Այս մասին շատ է խոսվել և խոսվում է: Անցյալ մայիսին նույն խոսակցությունն ունեցանք ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի հետ և պայմանավորվեցիք, որ հաջորդ տարի Մայիսի 28-ին պետք է կազմակերպվի համերգ: Բայց, կկազմակերպվի, թե ոչ` չգիտեմ: Շատ անգամ լսած եմ, որ ես հրավերքի կարիք չունեմ, և ցանկացած ժամանակ կարող եմ գալ: Արցախ` պարզապես այցելելու համար, իհարկե, կարող եմ ցանկացած ժամանակ գալ, սակայն եթե պետք է բեմ բարձրանամ, երգեմ, անհրաժեշտ է համապատասխան կազմակերպչական աշխատանք: Այնպես որ, համերգ ունենալու համար` հրավերով և կազմակերպված պետք է լինի:

 

 

Արդյո՞ք Գառնիկ Սարգսյանը մտածում է հայրենիք վերջնական վերադառնալու մասին:

 

 

Միշտ եմ մտածում` վերջնական պետք է վերադառնամ Հայաստան, իմ պապենական հողեր, սակայն դեռ մի քիչ ժամանակի կարիք ունեմ: Սփյուռքը շատ կարիքներ ունի. ես էլ իմ երգով իմ լուման եմ ներդնում Սփյուռքի կյանքում` հայ երիտասարդին ազգային-հեղափոխական երգով տոգորելու, ոգին լցնելու համար: Միայն մտավախությունս այն է, որ եթե հիմա հեռանամ Սփյուռքից և վերադառնամ հայրենիք, կարծես թե որբ պետք է մնան Սփյուռքի երիտասարդները:

 

 Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1