Բնապահպանական խնդիրներ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բնապահպանական խնդիրներ Արցախում

Բնապահպանական խնդիրներ Արցախում

2012թ.  հուլիս ամսում <<Ապառաժ>>-ի լրագրողը, ինչպես նաեւ մի քանի այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ,   այցելել են Մարտակերտի շրջանի Դրմբոն եւ Վարդաձոր գյուղերը` ծանոթանալու նշված գյուղերում <<Բեյս  Մեթալս>> ընկերության կողմից տարվող աշխատանքներին: Նշենք, որ Դրմբոն գյուղում  գործում է հանքավայր, իսկ Վարդաձոր գյուղում ընկերությունը աշխատանքներ է տանում շահագործելու նոր հանքավայր ` հայտնաբերված պաշարների  վրա:

 

 

<<Ապառաժ>>-ի լրագրողի պատրաստած նյութերը հուլիս ամսում տպագրվել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի <<Ապառաժ>> պաշտոնաթերթում եւ   https://aparaj.am/ կայքէջում:

Հոկտեմբեր ամսում կոտրել են  https://aparaj.am/  կայքէջը: Կայքէջի սպասարկող անձնակազմը վերականգնել է կայքը` սկսած նոյեմբեր ամսից, պահպանվել են նաեւ հոկտեմբեր ամսից որոշ նյութեր: Փաստորեն, ցավոք սրտի, չի հաջողվել պահպանել երիտասարդ կայքէջի մի քանի ամսվա ինֆորմացիան:

 

 

Այս ամենի մասին հարկ ենք համարում մանրամասն նշել, որովհետեւ վերջին մի քանի օրերին մեր կայքէջի եւ թերթի` հուլիս ամսում հրապարակված երկու բնապահպանական բնույթի նյութեր դարձել են հայաստանյան մի քանի լրատվամիջոցների  եւ բնապահպանների քննարկման թեման: 

 

 

Հավելյալ  հիշեցնենք, որ բազմաթիվ նյութերի հետ կայքէջից ոչնչացվել են նաեւ այդ նյութերը:

 

 

Այս պահին տեղին ենք համարում կայքէջում տեղադրել վերոնշյալ երկու նյութերը:

 

 

Բնապահպանական հարցեր Արցախում

Արցախում բաց հանքավայր կշահագործվի

 

 

 

Հունիսին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: Բեյս Մեթալս ընկերության  և կառավարության միջև դեռ մարտին ստորագրվել է համապատասխան ծրագիր Մարտակերտի շրջանի տարածքում Կաշենի հանքավայրը շահագործելու համար: Հանքավայրից ստանալու են պղինձ և մոլիբդեն: Ինչպես տեղեկացրեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը` հանքավայրի տարածքն ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ներքին Հոռաթաղ, Ճանկաթաղ, գյուղերը: Նախատեսվում է, որ հանքավայրը կլինի բաց հանքավայր, որը բնականաբար ունի բազմաթիվ վտանգներ: Այս ծրագրի համար Վալեքս ընկերությունը ընդհանուր առմամբ ներդնելու է 80 մլն դոլար: Նախատեսվում է, որ հանքավայրը տարեկան   կմշակի 17 մլն տոննա հանքաքար: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բեյս Մեթալսը հանդիսանում է ԼՂՀ ամենամեծ հարկատուն:

 

 

 

Սույն թվականի հունիսին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը լրագրողներին ներկայացրել է ծրագիրը` նշելով, որ սանիտարական գոտում է գտնվում 7 բնակարան, որոնք էլ պետք է տեղափոխվեն գյուղից: Կստեղծվի 500 մետր տրամագծով սանիտարական գոտի: Ըստ Կարեն Եսայանի` մասնագետները փաստում են, որ այդ գոտին բավական է, որպեսզի բնակիչները զերծ մնան թունավոր նյութերի ազդեցությունից:

 

 

 

Հուլիսին տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվեց հանքավայրի ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական) մշակված ծրագիրը, որտեղ ներկա էին ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, Բեյս Մեթալսի գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, անկախ փորձագետներ, բնապահպաններ: ՇՄԱԳ ծրագրի ներկայացման  և պատկան մարմինների կողմից իրականացվող փորձաքննությանը օրենսդրությամբ սահմանված է մինչև 9 ամիս: Օրենսդրությամբ կարգավորվում են նաև այդ հարաբերությունները, և նախատեսվում է ոչ միայն փորձաքննության իրականացում, այլև հանրային քննարկումների փուլ, անհրաժեշտության դեպքում` նաև անկախ փորձագետների ներգրավվում և նրանց կողմից փորձաքննությունների իրականացում:

 

 

 

Սուրեն Նիկողոսյանը, ով  մետալուրգիայի ինստիտուտի բնապահպանական բաժնի պետն է և գլխավորում է  ՇՄԱԳ ծրագրի նախապատրաստման աշխատանքները, ներկայացրեց լրագրողներին ՇՄԱԳ ծրագիրը` վստահեցնելով, որ ուսումնասիրությունները սկսվել են և կկատարվեն բոլոր ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով կլիման, լանդշաֆտը, ջրային ռեսուրսները, ֆաունան, ֆլորան,  պատմամշակութային հուշարձանների առկայությունը և այլն: Արդեն բուսաբանները և կենդանաբաններն աշխատել են այնտեղ` ուսումնասիրելով տեղի բուսական և կենդանական աշխարհը: Միջոցառումներ կձեռնարկվեն, որ թունավոր նյութերի արտահոսք դեպի գետ տեղի չունենա: Ամեն ինչ կձեռնարկվի մարդկանց վրա հանքավայրի բացասական ազդեցության  նվազեցման համար:

 

 

 

Հանքավայրի տարածքում ըստ մասնագետների վերգետնյա հուշարձաններ չկան, սակայն ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի , տարածքը երբևէ չի ուսումնասիրվել և չի բացառվում, որ այնտեղ հնարավոր է հայտնաբերվեն ստորգետնյա հուշարձաններ, որի ուսումնասիրությունների համար առնվազն անհրաժեշտ է 2 տարի: Ըստ Բեյս Մեթալսի գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանի ընկերությունը կֆինանսավորի ցանակցած նմանատիպ ուսումնասիրություն և հուշարձանի հայտնաբերման դեպքում կիրականացնի հուշարձանի տեղփոխման աշխատանքներ:

 

 

 

Հարկ ենք համարում նշել, որ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղը հինվել է դեռ 13 դարում, որտեղ և գտնվում է Մելիք Ալավերդյանների ամրոցը: Գյուղը 1992-ին ավիրվել է ադրբեջանցիրերի կողմից, այն ազատագրվելուց հետո բնակիչները վերադարձել են գյուղ և վերակառուցել իրենց տները: Այժմ գյուղում ապրում է 40 ընտանիք:

 

 

 

Գյուղի աշխարագրության ուսուցիչ Ալիկ Դանիելյանը, որի հայրական տունը ևս գտվում է սանիտրարական գոտում և պետք է քանդվի հեռանկարներ չի տեսնում այս հանքավայրի շահագործման մեջ. « քաջատեղյակ լինելով հանքավայրի վնասակարության մասին ես իմ  նորաստեղծ ընտանիքով չեմ պատրաստվում այստեղ ապրել: Ինչ վերաբերում է նոր տուն կառուցելու մասին կասեմ, որ այդ ծրագիրը դեռ վերջնական տեսք չունի, մենք չգիտենք սկզբնական շրջանում որտեղ պիտի ապրենք, ինչպես և որտեղ պիտի տեղավորենք մեր անասուններին, այսքան տարիների իմ ընտանիքի աշխատանքը փաստորեն մի քանի րոպեյում պետք է հավասարեցվի գետնին: Նույնիսկ մեզ ասում են, որ պետք լինի կապրեք ժամանակավոր կացարաններում, վաճառեք ձեր ունեցվածքը իսկ տուն կառուցելուց հետո նորից գնեք, իսկ ինչքանով է դա իրական: Գյուղի երիտասարդները հիմնականում զվաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ,որից բավականին լավ եկամուտներ ենք ունենում, չեմ կարծում, որ հանքավայրում աշխատելը ավելի հեռանկարային է երիտասարդ առողջ երիտասարդի համար: Ես ինքս այստեղ զբաղվում եմ և անասնապահությամբ և հողագործությամբ, ունեմ մանր և խոշոր եղջերավոր կենդանիներ, խաղողի այգի, հարյուրավոր պտղատու ծառեր, այս ամենը գտնվում է այսպես կոչված սանիտարական գոտում, քանի՞ տարի մեզնից կպահանջվի նորից մեր ունեցածը վերականգնելու համար: Բացի դրանից սանիտարական գոտուց շատ քիչ հեռավորության վրա է գտվում Ալավերդյանների ամրոցը, պարբերաբար պայթյունների արդյունքում այն կարող է վնասվել»:

 

 

 

 

Վարդաձոր գյուղի գյուղապետ Նելսոն  Դանիելյանի խոսքերով գյուղի բնակիչները լավ են ապրում, քանի որ գյուղը աշխատասեր գյուղ է, գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Վստահ է, որ հանքի շահագործումից հետո գյուղը ավելի կբարգավաճի գյուղի բնակիչները կշատանան: Վստահ է, որ այս ծրագիրը մեծ օգուտներ կբերի տնտեսությանը և առհասարակ Արցախում կյանքի որակը կբարելավվի: Ես վստահում եմ, ընկերությանը, որը վստահեցնում է, որ փոխհատուցումներ կլինեն բնակչությանը և բնակիչները դժգոհ չեն լինեն: Կապահովվեն և որոգման և խմելու ջրով, հողերով:

 

 

 

 

Գյուղի բնակիչ Արամայիս պապի խոսքերով ընտանիքի գրեթե բոլոր անդամները արդեն իսկ աշխատում են հանքավայրում, այնտեղ նախապատրաստական աշխատանքներ է իրականացվում: «Հանքի վնասակարության մասին նույնիսկ չեմ մտածել, քանի որ առաջնայինը այն է, որ  աշխատանքով ապահովված ենք, մենք շատ անասուներ և այգիներ չունենք, դրա համար էլ կողմ ենք տեղափոխվելուն: Նույնիսկ եթե դեմ են մարդիկ ապարդյուն է, արդեն ամեն ինչ որոշված է, կառավարությունն է որոշել:»

 

 

 

Գյուղի բուժքույր Մարիետան ամուսնու և 4 զավակների հետ ապրում է Վարդաձոր գյուղում: Գյուղի լավագույն այգիները նրանց են պատկանում 1981ից ապրում են այս գյուղում: Պատերազմի ժամանակ տեղափոծվել են Ռուսաստանի Դաշնություն, ավարտվելուց հետո տեղափոխվել հայրենի գյուղ:

 

 

 

 «Ամեն ինչ մենք սկսել ենք զրոյից, տարիների մեր չարչաչանքից հետո մենք գյուղացու համար վերջապես մեծ եկամուտներ ենք ստանում, օղի ենք քաշում միրգ ենք վաճառում, ամեն ինչ ունենք մեր այգում: Իմ բոլոր հողերը գտնվում են սանիտարական գոտում, հիմա էլ ասում են գնա ապրիր ժամանակավոր կացարանում մինչև տուն կկարուցենք ձեր համար: Ես չեմ պատրաստվում դուրս գալ իմ տնից մինչև ինձ չապահովեն բնակարանով, ես ավելորդ բան չեմ ուզում, իմ տան հարմարությունով տուն եմ ուզում: Սա ողբերգություն է մեր համար, քանի որ ինչ էլ, որ տան սա է իմ տունը, իմ տարիների չարչարանքի արդյունքն է այս ամենը: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ինչ էլ ասեն միևնույն է թույն պիտի շնչենք հանքավայրի 500 մետր  այս կամ այն կողմ լինելը էապես բան չի փոխում: Այս տարածքում գտնվող 4 գյուղն էլ կտուժի, քամու ուղղությունը մարդ չի փոխի, այն կտարածի թունավոր նյութերը: Եթե հանքավայրը փակ լինի ժողովուրդը շատ ավելի ապահով կլինի: Ինչ պիտի անեն այս ծառերը, իմ 31 տարվա աշխատանքը, իմ տունը…»

 

 

 

Անունը կա, ամանում չկա (բնապահպանական խնդիրներ)

 

 

 

Վալլեքս ընկերությունների խմբի մեջ մտնող Բեյս Մեթալս ընկերությունը 2002 թվականից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում իրականացնում է պղնձի և ոսկու արտահանման աշխատանքներ:

 

 

Սույն թվականի մայիս ամսին ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությանը` Հաթերքի հասարակության անունից ուղղված նամակում, որի տակ ստորագրել է 42 քաղաքացի, նշվում է, որ Բեյս Մեթալս ընկերությունը Դրմբոնում կառուցել է պոչամբար, որտեղ օգտագործվում է ցիան կոչվող նյութը: Հասարակությունը, իմանալով ցիան նյութի վնասակարության մասին, իր անհանգստությունն է հայտնել և խնդրել միջնորդել հարցի պարզաբանման համար:

 

 

 

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դիմել է ԼՂՀ առողջապահության նախարարությանը, ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությանը` վերը նշված հարցի առնչությամբ տալ մասնագիտական եզրակացություն:

 

 

 

2012թ. հունիսի 26-ին Բեյս Մեթալս ընկերության կողմից ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությանն ուղղված համապատասխան նամակով Պոչերի ոսկու կորզման ֆաբրիկայի մասնաշենքի շինարարությունն ավարտվել է 2011թ. նոյեմբերին, որը հավաստված է շինարարական ավարտական ակտով: Նախագիծը ենթարկվել է բնապահպանական, շինարարական, տեխնիկական անվտանգության և օրենքով սահմանված բոլոր տեսակի փորձաքննությունների:

 

 

 

Նամակում նշվում է տեխնոլոգիական նկարագրությունը` շեշտելով, որ գործող պոչամբարը և օգտագործվող ցիանիդը գտնվում է հերմետիկ վիճակում և արտահոսքը բացառվում է:  Այն գտնվում է ամենաժամանակակից վերահսկողության ներքո: Նատրիումի ցիանիդի հետ աշխատող ամբողջ անձնակազմը հատուկ ուսուցանված, հրահանգավորված և ստուգված է:

 

 

 

Մինչդեռ, ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատասխան նամակի, բոլոր ուսումնասիրությունները, հետազոտությունները կատարված են, ամեն ինչ համապատասխանում է թույատրելի ստանդարտներին:

 

 

 

Մեջբերում նամակից. «Վերոնշյալ գործարանը կառուցված է, սական դեռևս չի գործում»: Փաստորեն, ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը նույնիսկ տեղյակ չէ, որ պոչամբարը գործում է:

 

 

 

Անկախացումից հետո սա այն եզակի դեպքերից է, երբ  ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունն առնչվում է նման բնապահպանական խնդիրների հետ: Չունենալով համապատասխան մասնագետներ` հարց է ծագում` ինչպես են իրականացնում նման  հետազոտությունները:

 

 

 

Դրմբոն գյուղի բնակիչները կամ տեղեկացված չեն ցիանիդի առկայության մասին , կամ էլ հրաժարվում են խոսել տեսախցիկի կամ ձայնագրիչի առջև: Առանձին զրույցներից պարզ դարձավ, որ այնտեղ վախի մթնոլորտ է տիրում: Զրուցակիցներից մեկը նշեց. «Ավելի լավ է` այդ մարդկանց անուները, ովքեր գրել են դիմումը, չբարձրաձայնեք. կամ մարդիկ չեն ուղորդի ձեզ դեպի այդ մարդկանց տները, կամ էլ կասեն, որ այդպիսի մարդիկ գոյություն չունեն»:

 

 

 

Զրուցակիցներից մեկն ասաց. «Եթե ցիանիդ կոչվող նյութի պարունակության արտահոսքը բացառվում է, ապա` ինչպե՞ս բացատրել վերջերս Սարսանգի ջրամբարում մեծ քանակությամբ սատկած ձկների առկայությունը»: Զրուցակիցս վստահ էր, որ դա ցիանիդի արտահոսքի հետևանք է:

 

 

Մեկ այլ զրուցակից նշեց.  «Բոլորս գիտենք, որ այստեղ ապրելը բոլորիս համար էլ վտանգավոր է, բայց ի՞նչ անենք, ալընտրանք չունենք: Ինչպե՞ս ընտանիք պահենք: Այո, այստեղի բնակիչները միշտ բողոքում են գլխացավի առկայությունից, բայց ինչ արած…»

 

 

 

Այսօր բնապահպանական որևէ շարժ Արցախում չկա, երկրում գործող միակ «Զեփյուռ» բնապահպանական հասարարակական կազմակերպությունը չի գործում. նրանց աշխատանքները սահմանափակվում են միայն ծառատունկերով: Այս հարցը դեռ մնում է բաց: Ժողովուրդը, շատ հաճախ ելնելով սոցիալական ծանր վիճակից, նույնիսկ գիտակցելով իր առողջության վրա հանքավայրերի ծանր ազդեցությունը, լռում է, մինչդեռ լռում է նաև կառավարությունը: Մի՞թե ժողովրդի անվտանգության, առողջության պահպանումը չէ, որ պետք է գտնվի կառավարության կիզակետում…

 

 

 

 Խ.Կ. Նշենք, որ բոլոր լրատվամիջոցներում, որոնք հղում են արել <<Ապառաժ>>-ին ,  հրապարակված լուսանկարները որեւէ  առնչություն չունեն <<Ապառաժ>>ի կամ մեր կայքէջում հրպարակված տվյալ նյութերի եւ դրանց ժամանակագրության հետ : <<Ապառաժ>>ը որեւէ պատասխան հոդված չի ստացել նյութի թեմայի հետ կապված եւ սիրով պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել շահագրգիռ կողմերի քննարկումների եւ երկխոսության համար:

 

 

 

 

Նյութերի հեղինակ` Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

ԱՊԱՌԱԺ

 

1