Բերձորում մեկնարկեց «Քաշաթաղն իմ տունն է» խորագրով ճամբարը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Բերձորում մեկնարկեց «Քաշաթաղն իմ տունն է» խորագրով ճամբարը

Բերձորում մեկնարկեց «Քաշաթաղն իմ տունն է» խորագրով ճամբարը

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Լիբանանում գործող ՀՅԴ «Զավարյան ուսանողական միություն»-ը մայր հայրենիքում կազմակերպում է ամառային դպրոցական ճամբարներ: Այս տարիների ընթացքում նման ճամբարներ գործել են նաև Արցախի Քաշաթաղի շրջանում՝ Բերձորի, Կովսականի քաղաքային, Այգեհովիտի, Տիգրանավանի, Մոշաթաղի և այլ գյուղական համայնքներում: Այս տարվա հուլիսի 25-ից նման ճամբար՝ «Քաշաթաղն իմ տունն է» խորագրով սկսեց գործել Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

 

Հուլիսի 27-ին կայացավ ճամբարի պաշտոնական բացումը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը: Ճամբարի խմբապետեր Նանար Սարկիսյանը և Նարեկ Սարկիսյանը տեղեկացրեցին, որ առաջին անգամ են Արցախում և հիացած են մայր հայրենիքով:

 

— Ինչ կարդացել էինք դասագրքերում, արդեն մեր աչքով ենք տեսնում, — ասացին, — հեքիաթային երկիր է Արցախը: Տեղեկացրեցին նաև, որ ճամբարը գործելու է մինչև օգոստոսի 5-ը: Ճամբարականները՝ մոտ 100 հոգի, բաժանված են 3 խմբերի, որոնք կրում են հայ անվանիների անունները՝ Սիմոն Զավարյան՝ ավագներ, Ստեփան Զորյան՝ միջին դասարանցիներ և Քրիստափոր Միքայելյան՝ կրտսեր խումբ: Յուրաքանչյուր խումբ ունի իր խմբավարը, ովքեր աշակերտների հետ ճանաչողական բնույթի դասընթացներ են անցկացնում: Ճամբարի պաշտոնական բացմանը երեխաները պատրաստ էին, և Արցախի ու ՀՅԴ օրհներգների ներքո աշակերտ բարձրացրեցին Հայոց Եռագույնը և ՀՅԴ դրոշակը:

 

Ճամբարականներին ողջունեց Լ. Հովհաննիսյանը՝ կարևորելով լիբանանահայերի այս գործունեությունը նաև այն առումով, որ ճամբարում երեխաները կավելացնեն իրենց գիտելիքները: Կարևորեց նաև Քաշաթաղի դերը Հայոց նորագույն և հետագա պատմության համար՝ նշելով, որ այստեղ ծնված ու մեծացող սերունդն է ազատագրված հայրենիքի տերը, վաղվա ուսուցիչն ու գյուղատնտեսը, ղեկավարն ու զինվորը: Կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպման համար՝ նույնպես կարևորելով Քաշաթաղի դերը և այն, որ այստեղ ծնված մեր շատ տղաներ արդեն հայրենի սահմանն են պաշտպանում: Հանդիսավոր արարողությունից հետո երեխաներն արդեն դասարաններում էին և ունկնդիր ղմբավարների դասախոսություններին: Կազմակերպիչները հոգացել են նաև երեխաների սննդի հարցը:

Զոհրաբ Ըռքոյան

1