Բերձորում հրշեջ-փրկարարական մասի համար կկառուցվի նոր շենք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բերձորում հրշեջ-փրկարարական մասի համար կկառուցվի նոր շենք

Բերձորում հրշեջ-փրկարարական մասի համար կկառուցվի նոր շենք

«Հայրենասեր» հասարակական կազմակերպությունը Քաշաթաղի շրջանում 5 դպրոց է կառուցել, իրականացրել այլ ծրագրեր: Շուտով կազմակերպությունը Բերձորում հրշեջ-փրկարարական մասի համար կկառուցի նոր շենք:

Փետրվարի 8-ին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության/ԱԻՊԾ/ տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելեց Բերձոր և հանդիպում ունեցավ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Նրան ուղեկցում էին տեղակալ, գեներալ-գնդապետ Վլադիկ Խաչատրյանը, Քաշաթաղի ՇԱԻԲ պետ Քերոբ Մովսեսյանը, այլ աշխատակիցներ:

Կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ շրջկենտրոնում արդեն հատկացվել է տարածք հրշեջ-փրկարարական մասի շենքը կառուցելու համար: Շրջանի քաղպաշտպանության դրվածքի մասին ներկայացրեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, քաղպաշտպանության տարհանման հանձնաժողովի պետ Արտուշ Մխիթարյանը, որի խոսքերով՝  շրջանի մի շարք բնակավայրերի դպրոցների և այլ շենքերի նկուղները հարմար են ապաստարան դարձնելու համար: Տեղեկացրեց, որ «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը Բերձորում 2 ապաստարան է կառուցել, որոնք պատրաստ են ընդունելու բնակչությանը: Ստ. Սարգսյանը ներկայացրեց ՇԱԻԲ ՀՓՄ-ի համար կառուցվող շենքի նախագիծը:

ԱԻՊԾ տնօրենը որոշ մասնագիտական խորհուրդներ տվեց և ասաց, որ ընդհանուր նախագիծը հարմար է, և կառուցվող շենքը կծառայի իր նպատակին: Ցանկություն հայտնեց, որ շենքը շահագործման հանձնվի ԱԻՊԾ մասնագիտական տոնի օրը՝ հոկտեմբերի 30-ին: Հանդիպումից հետո խորհրդակցության մասնակիցներն այցելեցին Բերձորի ապաստարաններից մեկը, որտեղ տեղակայված է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնը:

ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կ. Սարգսյանը ծանոթացավ ապաստարանի պայմաններին, գնահատեց բավարար, շնորհակալություն հայտնեց Ստեփան Սարգսյանին կատարված աշխատանքի համար: Այնուհետև եղան այն տարածքում, որտեղ պետք է կառուցվի ՀՓՄ-ի համար նախատեսած շենքը: Որոշվեցին անելիքները, եղավ մասնագիտական խորհրդատվություն ԱԻՊԾ աշխատակիցների կողմից: Ս. Խաչատրյանը և Կ. Սարգսյանը հույս հայտնեցին, որ շենքը պատրաստ կլինի նախատեսած ժամանակին, և տարվա վերջին շրջանի հրշեջ-փրկարարական մասը կտեղափոխվի այստեղ:

Զոհրաբ Ըռքոյան

1