Բակո Սահակյանի ուղերձը 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բակո Սահակյանի ուղերձը 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ

Բակո Սահակյանի ուղերձը 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

<<Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ Մայր Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Այսօր բոլորս կրկին միասնական ջանքերով պետք է մեկնարկ տանք Արցախի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի՝ ուղղված խորքային հորերի հորատմանը, ոռոգման ցանցերի կառուցմանը եւ արեւային էներգիայի համակարգերի ներդրմանը:

Դրանց հաջող ու արդյունավետ իրականացման արդյունքում նոր որակ կհաղորդվի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ հանրապետության անվտանգության ամրապնդմանը:

Ժամանակակից ոռոգման համակարգ ունենալը հնարավորություն կտա նշանակալիորեն ավելացնել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ավելի խնայողաբար օգտագործել ջրային եւ հողային ռեսուրսները, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ մշտական ու երաշխավորված աշխատատեղեր ստեղծելով շրջաններում:

Այն թույլ կտա ապահովել պարենային անվտանգության բարձր մակարդակ, մեծացնել եւ ընդլայնել Արցախից արտահանվող ապրանքների ծավալն ու տեսականին:

Ինչ վերաբերում է արեւային էներգիայի ներդրմանը, ապա սա նոր ուղղություն է մեր երկրի համար, որը, բնականաբար, որեւէ վտանգ չի ներկայացնում բնությանն ու շրջակա միջավայրին, ունի տնտեսական առավելություններ էներգիայի ավանդական տեսակների համեմատ եւ կարեւոր դերակատարություն կունենա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Արցախում կան խոստումնալից հեռանկարներ էներգետիկայի այս ուղղությունը զարգացնելու համար:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեր բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, եւ յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անի այն էլ ավելի ամրապնդելու համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնները մեր համազգային ներուժը կոնկրետ ծրագրերի ուղղելու կարեւոր հարթակներից են, որոնք իրենց արդյունավետությունը ապացուցում են արդեն քառորդ դար:

Համոզված եմ, որ այս անգամ եւս մենք կցուցաբերենք միասնականություն ու պատրաստակամություն համատեղ ջանքերով Արցախը շենացնելու եւ զորացնելու գործում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կարեւոր այս միջոցառմանը մասնակցելու համար:

Աշխարհասփյուռ հայությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք>>:

1