Արևահամ «Մադաթովի» գործարանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արևահամ «Մադաթովի» գործարանը

Արևահամ «Մադաթովի» գործարանը

Ստեփանակերտի կոնյակի գործարանը վերագործարկվել է 2002 թվականին՝ հիմքում ունենալով 1931 թվականին ստեղծված խորհրդային ժամանակների «Ղարգինտրեստ»-ը: Այն իր մեջ է ներառում նաև Մարտունու և Կարմիր շուկայի նմանատիպ քույր գործարանները: Վերագործարկումից հետո տեղադրվել են իտալական և գերմանական հոսքագծեր: Գործարանի բրենդը «Մադաթով» կոնյակն է՝ 3, 5, 7, 10 և 25 տարվա հնեցմամբ: Արտադրվում է նաև 6 տեսակի օղի՝ թթից, ոսկե թթից, վայրի տանձից, հոնից, ծիրանից, խաղողից, մրգային օղիներ, ցորենի օղի, գինիներ՝ «Գիշի», «Գիշի ռոզա»՝ վարդի բույրով, կիսաքաղցր և չոր գինիներ՝«Խինդողնի» հնեցված, և «Նռան գինի». ընդհանուր առմամբ՝ 18 տեսակի արտադրանք:

Պետք է նշել, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ խաղողը մթերվում է 110 դրամով, Ղարաբաղում խաղողը մենատնտեսներից ընդունվում է կիլոգրամը 130 դրամով, և գործարանը ոչ մի պարտք չունի 300-ից ավել մատակարարներին: «Դա հիմնադիր-սեփականատերերի հատուկ ընդգծված քաղաքականությունն է, որովհետև գործարանը դիտվում է որպես ռազմավարական նշանակության օբյեկտ, ոչ միայն զուտ շահույթ հետապնդող կազմակերպություն: Գործարանի գերնպատակը բարձրորակ կոնյակ արտադրելն է»,- նշեց գործադիր-տնօրեն Կառլեն Պետրոսյանը:

Այստեղ աշխատում է մոտ 130 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը 60- 70 հազար դրամ է: Քույր գործարաններում աշխատողների հետ մեկտեղ ընդհանուր աշխատողների քանակը մոտ 800 է կազմում: Գործարանն ունի 110 հա խաղողի, 100 հա նռան պլանտացիաներ, հոնի ու թթի այգիներ: Այգիներն ու պլանտացիաները բացառիկ են նրանով, որ դրանք տեղակայված են բարձրադիր վայրերում և արևահամ բույր ու քաղցրություն ունեն: Հնեցման համար օգտագործվում են միայն Հադրութի անտառներից բերված՝ կաղնու հումքով պատրաստված տակառները:

Արտադրանքն արտահանվում է Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Բելգիա, Կուբա, Ճապոնիա: Կուբայում տեղի ունեցած «Էքսպո-2014» մրցույթում Ստեփանակերտի կոնյակի գործարանը ոսկե մեդալ է ստացել: Արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, և 2007 թվականից պարբերաբար տարբեր մրցանակներ է շահել այդ երկրում:

«Մադաթով» կոնյակի շշերը պատվիրվում են Ֆրանսիայում: Կապված սեզոնայնության հետ՝ արտահանումը տարվա կտրվածքով տարբեր է լինում. օրինակ՝ հունվարին կարող է կազմել 5000 շիշ, մարտին՝ 23 հազար, միջինը՝ ամսական մոտ 7000 շիշ:

Հնեցման համար այժմ գործարանն ունի 100 հազար դեկալիտր կոնյակի սպիրտ: Ընդհանուր առմամբ՝ Ստեփանակերտի կոնյակի գործարանում ներդրվել է ավելի քան 5 մլրդ նախնական կապիտալ՝ պայմանով, որ աշխատատեղերի քանակը հետագայում հասցվի մինչև 1200-ի:

Լ. Բաղրյան

1