Արցախցի ուշուիստները` Եվրոպայի չեմպիոններ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախցի ուշուիստները` Եվրոպայի չեմպիոններ

Արցախցի ուշուիստները` Եվրոպայի չեմպիոններ

Մարտի 9-10 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ ՈՒշուի Եվրոպայի բաց առաջնություն, որին մասնակից տասնհինգ երկրների թվում էր նաև Արցախը: Չնայած Արցախի ուշուի հավաքականը ստիպված էր ներկայանալու ՀՀ պատվիրակության կազմում, այնուամենայնիվ մեր ուշուիստներն ապացուցեցին, որ Արցախի թիմը, ինքնահաստատման փորձաքննությունը պատվով հանձնած և մրցունակ լինելու հավաստագրով, կարող է բարձր պահել Արցախի պատիվը` ինչպես մարտադաշտում, այնպես էլ ռինգում:

 

 

Առաջնությունում մենամարտի դուրս եկած զույգերը ցուցադրեցին հետաքրքիր պայքար սանդա ուշու մարզաձևում: Արցախից մեկնած ինը մարզիկներից ութը գրավեցին մրցանակային տեղեր` ընդ որում հաղթելով նաև թշնամու երկիրը ներկայացնող մարզիկների և ծածանելով Արցախի Հանրապետության դրոշը: Իր երկրի ու պետության կայացմանը, առողջ սերունդ ու ամրակուռ ոգի ունենալուն նախանձախնդիր ԼՂՀ ուշուի ֆեդերացիան ունեցավ ուշուի 2013 թվականի Եվրոպայի հինգ չեմպիոններ` Արսեն Բաղրյան (11-13տ., 29-32քկ), Դավիթ Քոչարյան (11-13տ., 32-35քկ), Մարատ և Դավիթ Պետրոսյաններ (15-19տ., 54-58քկ, 17-19տ., 62-65քկ), Վարդգես Մանասյան (19+տ., 50-54քկ), մեկ արծաթեմեդալակիր` Հայկ Խաչիյան (15-17տ., 40-44քկ) և երկու բրոնզեմեդալակիրներ` Տիգրան Պողոսյան (15-17տ., 47-50քկ), Արմեն Ղահրամանյան (19+տ., 70-75քկ): Մրցանակային տեղեր զբաղեցրած խիզախ և աննկուն մարզիկները պարգևատրվեցին վկայագրերով և մեդալներով, նախատեսվում են նաև դրամական պարգևներ և խրախուսանք:

 

 

Ինչպես պարզեցինք ֆեդերացիայի բազմավաստակ մարզիչ, ՀՀ բազմակի չեմպիոն, 2010 թվականի ուշուի Եվրոպայի չեմպիոն, 2011 թվականի ուշուի աշխարհի փոխչեմպիոն,ուշու մարտարվեստում սև գոտու տեր, սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանի հետ ունեցած հարցազրույցից, ֆեդերացիայի սաները չեն պատրաստվում դադարեցնել պարապմունքները, ավելին` նրանց սպասվում են համառ պարապմունքներ մայիսում կայանալիք ուշուի ՀՀ առաջնությանն մասնակցելու համար. ՙՆրանք ունեն ուժեղ մարտական ոգի, գտնվում են հիանալի ֆիզիկական պատրաստվածության մեջ, լավագույնս տիրապետում են սանդա ուշուի հնարքներին և մարտերի ժամանակ ցուցադրում են բարձր տեխնիկա, մինչդեռ նրանք կարող են և ավելին: Յուրաքնչյուր մարզիկ պետք է ձգտի կատարելագործման, իսկ դա հնարավոր է միայն ինտենսիվ պարապմունքների, լիարժեք նվիրվածության և դեպի մարտական արվեստները տածած անսահման սիրո շնորհիվ՚:

 

 

Գիտակցելով վրիպումներն ու բացթողումները, ինչպես նաև մրցույթներում հաղթողի կոչմանն արժանանալու և Արցախի պատիվը միշտ բարձր պահելու կարևորությունը` ֆեդերացիայի սաները շարունակում են մարզումները ուժեղ մարտական ոգով: Ցանկանում ենք նրանց նորանոր հաղթանակներ և նվաճումներ, թող Արցախն իր մարզիկներով հպարտանալու առիթներ շատ ունենա:

 

 

 

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ
ԼՂՀ ուշուի ֆեդերացիա

1