Արցախցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունները

Արցախցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունները

Ամառային ամիսներին հանգստի մեկնող արցախցիների շրջանում կան զբոսաշրջային մի քանի ուղղություններ, որոնք մեծ պահանջարկ են վայելում: Այս մասին «Ապառաժ»-ը տեղեկացավ Արցախում գործող մի շարք տուրիստական գործակալություններից:

«Մեր հաճախորդների մեծ մասի նախընտրելի ուղղությունները դեպի Հունաստան, Եգիպտոս, Վրաստան ու Դուբայ կազմակերպվող ուղեգրերն են»,- նշել է «Վարանդա թրավլ» տուրիստական գործակալության տնօրեն Արուսյակ Ադամյանը և հավելել, որ Արցախի բնակիչները հիմնականում ծովափնյա հանգստի և հարսանեկան ճամփորդությունների համար են դիմում: «Վարանդա թրավլ» տուրիստական ընկերությունն իր գործունեությունը ղարաբաղյան շուկայում ծավալում է 2009 թվականից և այդ ընթացքում նախընտրելի ուղղությունները էական տարբերություն չեն կրել:

«Գալա տուր» գործակալության աշխատակից Անուշ Թումանյանը տեղեկացրել է, որ հանգստի մեկնում են հիմնականում ընտանիքներով մայիսից մինչև նոյեմբեր ամիսներին. դեկտեմբերին զբոսաշրջային ուղղություններն ավելի թանկ են:   «Վրաստանն ավելի մատչելի ուղղություն է, որտեղ կարելի է սկսած 98.000 դրամի գումարի սահմաններում հանգստանալ, տվյալ դեպքում շատերը նախընտրում են մնալ օրավարձով տրվող տներով»,- նշել է Անուշ Թումանյանը: Տվյալ գործակալությանը ևս հիմնականում դիմում են Դուբայ, Եգիպտոս մեկնել ցանկացողները, նախընտրում են նաև շենգենյան գոտու երկրներ՝ Իտալիա, Իսպանիա: Նրա խոսքով՝ Արցախում գնահատում են ծովային հանգիստը, նաև պատմական վայրեր այցելությունները, այդ դեպքում մեկնում են Հունաստան և Կիպրոս:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի տուրիստական փաթեթների գնային տարբերություններին, ապա, ինչպես տեղեկացրել է «Արմ Տուր» գործակալության տնօրեն Անի Բարխուդարյանը, գնային էական տարբերություններ չկան, նույն գներն են, նույն համակարգերով են աշխատում: Իսկ դեպի Արցախ եկողները հիմնականում նախընտրում են այցելել Գանձասար, Դադիվանք, Ամարաս, Շուշի:

1