Արցախում  մեկնարկել է Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում  մեկնարկել է Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը

Արցախում  մեկնարկել է Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը

Հոկտեմբերի 28-ին Արցախում իր աշխատանքներն է սկսել Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը: Ֆորումին մասնակցում են ՀՀ-ում և ԱՀ-ում գործող կուսակցությունների երիտասարդական թևերի և ուսանողական կազմակերպությունների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ: Երկօրյա աշխատանքների ընթացքում նախատեսված են հանդիպումներ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարության, երիտասարդների, ուսանողների, զինծառայողների հետ:

Ֆորումի կազմկոմիտեի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ ֆորումի կազմակերպման նպատակը Արցախի երիտասարդական կազմակերպությունների, կուսակցությունների երիտթևերի հետ համագործակցության հնարավորությունների քննարկումն է: «Մենք ուզում ենք, որ ՀՀ երիտասարդական կազմակերպությունների տարեկան ծրագրերի մեջ անպայման ընդգրկված լինի մեկ խոշոր ծրագիր Արցախում»,- շեշտել է Կարեն Ավագյանը:

ԱՀ ՊԲ նախարարի հետ հանդիպումից հետո երիտասարդները հանդիպում են ունեցել ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Վերջինս խոսել է տեղեկատվական պատերազմների, հայկական մեդիադաշտի առանձնահատկությունների  մասին: «Ամենակարևոր խնդիրը Արցախի զարկերակին տիրապետելն է: Արցախում մարդիկ իրադարձություններին շատ մոտ են կանգնած և տիրապետում են զարկերակին, իսկ հայաստանյան հատվածում որոշ դեպքերում չեն տիրապետում իրական տեղեկատվությանը: Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ակտիվացնենք երկկողմ շփումները»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Հանդիպումների ընթացքում երիտասարդները հնչեցրել են իրենց հուզող հարցերը, խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել: Ֆորումի աշխատանքները եզրափակվելու է մասնակից կազմակերպությունների կողմից հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ հայտարարությամբ:

Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումն իրականացվում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

22854851_1353967308062451_1844202007_n

1