Արցախում առաջին անգամ անցկացվեց թոնրի հացի փառատոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում առաջին անգամ անցկացվեց թոնրի հացի փառատոն

Արցախում առաջին անգամ անցկացվեց թոնրի հացի փառատոն

Մարտի 8-ին՝ կանանց միջազգային տոն օրը,  Ասկերանի շրջանի Խանցք համայնքում, Արցախում առաջին անգամ, անցկացվեց թոնրի հացի փառատոն: Առավոտյան ժամը 5-ից Խանցք համայնքի կանայք վառել էին իրենց տան թոնիրները եւ սկսել էին հաց թխել: Իսկ կեսօրին մայրաքաղաք Ստեփանակերտից փառատոնին ներկա գտնվելու համար գյուղ էին ժամանել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահը, վարչապետը եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

 

 Գյուղամիջում այայի ուղեկցությամբ հյուրերը թոնրի մոտ համտեսեցին տաք թոնրի հացը, այնուհետեւ շարժվեցին գյուղի դպրոցի բակ, որտեղ եւ անցկացվում էր հիմնական միջոցառումը: Թոնրիր հացի փառատոնին մասնակցում էր Խանցքից 42 կին, ովքեր ներկայացրեցին թոնրում իրենց ձեռքով թխած հացը: Խանցք համայնքի ղեկավարը հավաստիացրեց, որ Խանցքը այն եզակի գյուղերից է, որը մինչ օրս պահպանում է հնուց եկած ավանդները եւ խանցքեցիները  խանութից առհասարակ հաց չեն գնում. <<Խանցքի բնակիչները ամուր կառչած են իրենց արմատներից, մեր գյուղից արտահոսք առհասարակ չկա, արդեն 16 տարի է, ինչ Խանցք համայնքի ղեկավար եմ եւ բնակչության թիվը այս տարիների ընթացքում նույնն է մնացել>>, նշեց Խանցք համայնքի ղեկավար Զորիկ Հարությունյանը:

 

Ի դեպ,  խանցքեցիները իրենց արտերում մշակված ցորենից են հաց թխում, եւ թխած հացը շուկա չեն հանում: Խանցքեցի տարեց կանայք կես կատակ կես լուրջ ասում էին, որ իրենց գյուղ հարս եկողներն էլ կարճ ժամանակում սովորում են հաց թխել եւ շարունակում են տարեց սկեսուրների գործը:

 

Գյուղապետի հավաստմամբ՝ գյուղի բնակիչները մեծ ոգեւորությամբ են ընդունել հացի փառատոն անցկացնելու գաղափարը եւ մոտ մեկ ամիս է, ինչ ամբողջ գյուղով պատրաստվել են միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար: Օրը խանցքեցիների եւ հյուրերի համար իսկապես տոնական էր, քանզի արցախյան հյուրասիրությունն ուղեկցվում էր ժողովրդական երգերով, շուրջպարով:

 

Այս մասին առավել մանրամասն՝ <<Ապառաժ>> թերթի առաջիկա համարում:

 

Պատրաստեց՝  Անի ԱԶԱՏՅԱՆԸ

 

1