Առաջիկայ 50 տարին Ատրպէյճանը միայն խօսելու է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Առաջիկայ 50 տարին Ատրպէյճանը միայն խօսելու է

Առաջիկայ 50 տարին Ատրպէյճանը միայն խօսելու է

Հարցազրոյց ԼՂՀ փոխ վարչապետ Արթուր Աղաբէկեանի հետ

 

1994-ին՝ զինադադար կնքելուց յետոյ, Արցախը կանգնեց կոշտ իրականութեան դէմ յանդիման: Երկրի խաղաղութիւնը խաթարուած էր՝ աւերուած ենթակառուցուածքներ, կաթուածահար համակարգեր, փլատակների վերածուած բնակավայրեր, ահռելի ընկերային բեռ:

 

Անցաւ ընդամէնը երկու տասնամեակ: Թւում է բաւարար ժամանակ է ամէն ինչ զրոյից սկսելու եւ մեծ յաջողութիւնների հասնելու: Յատկապէս, որ կը գտնուեն մարդիկ, ովքեր օրինակներ կը բերեն համաշխարհային փորձից՝ Ճափոնիա, Գերմանիա եւայլն..

 

Սակայն անարդարացի կը գտնուենք, եթէ զուգահեռներ տանելու դէպքում, ուշադրութիւնից բաց թողնենք մի չափազանց կարեւոր հանգամանք՝ Արցախը առ այսօր գտնւում է շրջափակման մէջ: Հարաւից սահմանակցում է Իրանին, որի հետ անցուդարձ չկայ, քանի որ առ այսօր սահմանը չունի սարքաւորումներով յագեցած վերահսկողական եւ մաքսային զննման ժամանակակից անցակէտեր: Միւս հարեւանը, որի հետ Արցախը սահմանակցում է արեւելքից եւ հիւսիսից, թշնամի երկիրն է, հասկանալի պատճառով՝ փակ սահմաններով: Միակ կապը արտաքին աշխարհի հետ՝ Հայաստանն է: Ահա այս պայմաններում, նաեւ միջազգայնօրէ չճանաչուած կարգավիճակում, Արցախը ոչ միայն գոյատեւում է, այլ զգալի ձեռքբերումների մասին կարող է խօսել:

 

Այսօր մեր զրուցակիցը Արցախի Հանրապետութեան փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանն է:

 

— Իսկապէս, իրավիճակը վատթարագոյնն էր բոլոր առումներով: Բացի պատերազմի տուած վնասներից, տեղի են ունեցել մի շարք գործընթացներ, որոնք խոչընդոտել են տնտեսութեան կայացմանը՝ խօսքս մենատնտեսութեան մասին է։ Հողերի սեփականաշնորհումն էլ իրականացուել է ոչ կատարեալ սկզբունքներով, որի արդիւնքում , երկար տարիներ, հողերը մնացին անմշակ, իսկ վերամշակման արտադրութիւնը կանգնեց: Մինչեւ 2007 թուականը իրականում տնտեսութեան մէջ աճ կար, բայց դանդաղ: Կը նշէ՛ք տնտեսութեան գերակայ ճիւղերը, որոնց վրայ այսօր սեւեռուած է կառավարութեան ուշադրութիւնը:

 

— Գիւղատնտեսութիւն, հանքարդիւնաբերութիւն, ելեկտրականութեան արտադրութիւն եւ զբօսաշրջութիւն:

 

— Ի՞նչ է այն շրջադարձը, որից յետոյ իշխանութիւններին բաւարարում է տնտեսութեան արձանագրած յառաջընթացը։

 

— Արդէն նշուած գերակայ ճիւղերում կառավարութիւնը նոր ռազմավարական ծրագրեր մտածեց, որոնք յաջողուեցին:

 

Մասնաւորապէս գիւղատնտեսութեան ոլորտում, հողամշակին մենակ չթողնելու համար, ստեղծուեց հիմնադրամ՝ «Գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան» :

 

Այս հիմնադրամի հիմնական նպատակներն են՝ ստեղծել մեքենատրակտորային կայաններ, քանի որ բոլոր գիւղերում հրատապ էր գիւղտեխնիկայի խնդիրը, ստեղծել փորձարարական տնտեսութիւններ, նպաստել նոր միջավայրի ձեւաւորմանը , ինչպէս նաեւ հողամշակման վարկերի տրամադրում:Արդիւնքում, գիւղատնտեսութեան ճիւղը հետաքրքիր դարձաւ մեր բնակչութեան համար:

 

— Արցախը, չնայած փոքրիկ տարածք ունի, սակայն , գիւղատնտեսական առումով բաւականին հարուստ նկարագիր ունի: Ո՞ր մասն է մշակութեան ենթական:

 

— Այսօրուայ դրութեամբ ունենք 64 000 գիւղատնտեսութեան յարմար տարածքներ, որի մեծ մասը պետական ֆոնտի հողեր են: Ընդարձակ հողատարածքներ ունենք Արաքսի ափին, դա հարաւային Քաշաթաղն է, Մարտակերտի շրջանում եւ Տիգրանակերտում:

 

Մենք ամէն ինչ անում ենք, որպէսզի հողը դառնայ գլխաւոր ներդրումների առումով հետաքրքիր միջավայր:

Վերջերս, Հայաստանից հրաւիրել ենք «Գիւղատնտես» ՍՊԸ, որն ունի 90 հողամշակման յարմար գիւղատնտեսութեան գործիքներ եւ պատրաստ է ծառայութիւններ մատուցել հողօգտագործողին:

 

— Կարելի է համարել, որ վերամշակող արդիւնաբերութիւնը նոյնպէս հեռանկարային ճիւղ է Արցախում:

 

— Միանշանակ: Այսօր կայացած կարող ենք համարել խաղողի վերամշակման հարցը: Պէտք է խոստովանենք, որ խորհրդային տարիներին Արցախը յայտնի էր խաղողագործութեամբ: Իրադարձութիւնների հետ կապուած եւ ժամանակի ընթացքում բոլոր այգիները ոչնչացուել են: Մեզ յաջողուել է որոշակիօրէն վերականգնել այս ճիւղը, սակայն դեռ անելիքները շատ են: Մենք նպատակ ունենք խաղողագործութեանը վերադարձնել նախկին հռչակը: Այսօրուայ դրութեամբ ամբողջ բերքը վերամշակւում է Արցախ տարբեր գործարաններում:

 

— Արցախում նոր ձգտում է նկատւում: Համատարած սկսել են նռան այգիներ տնկել: Սա եւս կառավարութեան ծրագրերի՞ց է, թէ անհատական նախաձեռնութիւն է։

 

— Նուռը շատ քիչ հորիզոնականներում է աճում: Բարեբախտաբար , մեր երկրի կլիման նպաստաւոր է այս մրգի աճեցման համար :

 

Հնարաւորութեան դէպքում, համոզուած եմ, բոլորն էլ կը տնկէին նռան այգիներ: Խնդիրն այն է, որ մէկ հեկտար նռան այգի տնկելու համար պահանջւում է 10 000 ԱՄՆ տոլար: Առաջին բերքը տալիս է միայն երեք տարի յետոյ:

 

Մենք արդէն պայմանաւորուածութիւններ ունենք իւրացման հետ կապուած: Իսկ նռան վերամշակման գործում բոլոր նախաձեռնութիւնները խրախուսում ենք:

 

— 2013 թուականը Արցախում նշանաւորուեց մոռացուած լաւագոյն աւանդոյթի վերակենդանութեամբ: Խօսքս գորգագործութեան մասին է, որը բոլոր ժամանակներում իր ուրոյն տեղն է զբաղեցրել արցախցու կենցաղում: Արդեօք գորգագործութեան արհեստանոցի բացումը մշակութային արժէքների պահպանման նպատակո՞վ է, թէ սա եւս տնտեսութեան հեռահար նպատակներից է։

 

— Ոչ միայն գորգագործութիւն, այլ մենք սկիզբ ենք դրել թեթեւ արդիւնաբերութեան: Սա կարեւոր ուղղութիւն է տնտեսութեան մէջ, ամէնից առաջ այն առումով, որ ստեղծում ենք աշխատատեղեր կանանց համար: Արտադրամասը տեղակայուել է նախկին «Ղարմետաքսկոմբինատ»ի տարածքում, որտեղ ունենք 15 000 քառ. մեթր տարածք: Նպատակ ունենք այստեղ ձեւաւորել պիզնէս միջավայր: Մենք տարածքը կը պատրաստենք ու գործարարներին կ’առաջարկենք, որպէսզի նրանք ներդրումներ կատարեն տեխնոլոգիաների մէջ:

 

— Արցախում աննախադէպ ծրագիր, որ մեկնարկեց մի քանի տարի առաջ, ՀԷԿ-երի կառուցման ծրագիրն էր: Արդիւնքները ինչպիսի՞ն են:

 

— Մինչեւ 2007 թ Արցախում արտադրւում էր ընդամէնը 100 միլիոն կվտ/ժ (kilowatt – ժամական) ելեկտրականութիւն: Այսօր արդէն մեր սեփական արտադրանքը հասնում է մեր պահանջարկին: Արտադրում ենք 220 միլիոն կվտ/ժ լեկտրականութիւն, սպառում ենք ՝ 240 միլիոն կվտ/ժ լեկտրականութիւն: Պէտք է նշել նաեւ, որ տարեկան արձանագրւում է 7 տոկոս սպառման աճ:

 

ՀԷԿ- երի կառուցումը շարունակական ծրագիր է: Մենք հնարաւորութիւն ունենք արտադրելու մինչեւ 800 մլն կվտ/ժ լեկտրականութիւն:

 

-Ասում են՝ ով մէկ անգամ լինում է Արցախում, անպայման նորից վերադառնում է: Ի՞նչ էք կարծում, մենք ունե՞նք նախադրեալներ զբօսաշրջութիւնը զարգացնելու համար:

 

— Այս ոլորտում հիմնական ուղղութիւնը կը լինի ՝ էկոտուրիզմը (ecotoursism): Սա նորութիւն է, որովհետեւ, նախկինում ենթակառոյցների բացակայութիւնը հնարաւորութիւն չէր տալիս այն խթանելու: Իսկ որ պէտք է զբօսաշրջութեանը առանձնայատուկ ուշադրութիւն դարձնել, դրա մասին խօսում են թուերը: Եթէ 2011 թուականին մեզ այցելել են 5000 զբօսաշրջիկ, ապա 2012-ին նրանց թիւը հասել է 15 000-ի: Արցախն ունի գրաւիչ, պատմամշակութային վայրեր ու յուշարձաններ, ինչը լաւ նախադրեալ է զբօսաշրջութեան զարգացման համար:Ուզում եմ նաեւ աւելացնել, որ այս տարի կը մեկնարկի Մարտակերտ Վարդենիս ճանապարհի կառուցումը: Սա եւս զգալի տեղաշարժ կը բերի Արցախի տնտեսութեան մէջ, մանսաւորապէս, զբօսաշրջութեան առումով:

 

-Դուք նշում էք, որ Արցախի տնտեսութեան տարբեր ճիւղերում ներդրումները հեռանկարային են ու շահաւէտ: Միւս կողմից ՝ Ատրպէյճանի նախայարձակ քաղաքականութիւնը, պատերազմ վերսկսելու կոչերը կասկածներ են առաջացնում ներդրողների մօտ :

 

— Ես հիմա յայտարարում եմ, որ յառաջիկայ 50 տարին Ատրպէյճանը միայն խօսելու է, ոչ մի գործողութեան չի գնալու: Իսկ մենք, պարզապէս, պիտի հասկանանք, որ յաղթող երկիր ենք, պէտք է վայելենք այդ յաղթանակը ՝ հզօրացնելով մեր երկիրը:

 

Աստուածաշնչում գրուած է՝ մեծացրու զաւակիդ բարերար հողի վրայ: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ փնտռտուքների մէջ են, պարզապէս վեր կենան ու գան Արցախ: Իսկ մնացածներին խորհուրդ եմ տալիս, ապրել, արարել, բայց ուշադրութիւնը դէպի Արցախ պահել:

 

-Այստեղ տեղին կը լինի անդրադառնալ վերաբնակեցման խնդրին:

 

-Արցախի պիւտճէն ի վիճակի չէ մեծ գումարներ յատկացնել այս խնդրին: Մենք ունենք հազարաւոր չլուծուած ընկերային խնդիրներ, հաշմանդամներ, զոհուած ազատամարտիկների ընտանիքներ, դեռեւս չվերականգնուած ենթակառուցուածքներ :

 

Այս տարի առաջին անգամ նախաձեռնել ենք ազգային պետական վիճակախաղ՝ «Շահում ես դու, շահում է երկիրը» :

 

Այս վիճակախաղից ստացուած եկամուտները կ՚ուղղուեն ՝ վերաբնակեցման ծրագրին եւ աշխատատեղեր ստեղծելուն, յատկապէս թեթեւ արդիւնաբերութիւնում:

 

Փառք Աստծոյ, ըմբռնումով են մօտեցել այս վիճակախաղին եւ արդիւնքներից գոհ ենք:

Սա կը լինի շարունակական: Բացի դրանից, մտադիր ենք, տարուայ ընթացքում մի քանի նման վիճակախաղ կազմակերպել:

 

Սա ընդամէնը մի ձեւ է , հայութեան ուժերը սեւեռելու Արցախի ազատ տարածքների վերակենդանացման համար: Ես ստիպուած եմ խոստովանել, որ Արցախում ապրում է 140 000 «պահակ», ովքեր հնարաւորութիւն են տալիս բոլոր հայերին հպարտ քայլելու:

Սատարէք Հայրենիքի պահապաններին:

 

 

ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՎԱՐԵՑ՝ ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԵԱՆ

horizonweekly.ca

1