Արցախում այս տարի ևս գրանցվել է զբոսաշրջիկների թվաքանակի աճ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախում այս տարի ևս գրանցվել է զբոսաշրջիկների թվաքանակի աճ

Արցախում այս տարի ևս գրանցվել է զբոսաշրջիկների թվաքանակի աճ

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը դեկտեմբերի 25-ին  հրավիրեց մամլո ասուլիս` ամփոփելով 2012 թվականին վարչության կատարած աշխատանքները և նախանշելով գալիք տարվա անելիքները:

 

 

 

Վարչության պետը տեղեկացրեց, որ գալիք տարում վարչությունը կդադարի լիազոր մարմին լինել թանգարանային ոլորտում. այդ ոլորտը տրամադրվելու է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

 

 

 

Վարչության պետը զբոսաշրջության ոլորտում այս տարվա արդյունքները գոհացուցիչ գնահատեց` հավելելով, որ գրեթե պահպանվեցին ոլորտի զարգացման անցած 3 տարվա տեմպերը: Այսօրվա դրությամբ գրանցվել է զբոսաշրջիկների թվաքանակի 35 % աճ` նախորդ տարվա համեմատ: Դա նշանակում է, որ եթե անցած տարի ունեցել ենք 11 000 զբոսաշրջիկ, այս տարի այն կգերազանցի 15 000. դա նշանակում է` լուրջ  դրամական ներդրում երկրի տնտեսական զարգացմանը : Միայն զբոսաշրջիկների կողմից այս տարի 6 մլն դոլար է ներդրվել  երկրի տնտեսության մեջ:

 

 

 

Վարչությունը ԼՂՀ-ն ներկայացրել է երկու միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում` Լոնդոնում և Փարիզում` հաղթահարելով բավականին մեծ դժվարություններ:

Վարչության կողմից տարվել է տեղեկատվական- քարոզչական մեծ աշխատանքներ` կայքէջի, Facebook սոցցանցում էջի, youtube-ում էջի բացում: Շարունակվել են հրատարակչական աշխատանքները. այս տարի հրատարակվել են ևս 3 զբոսաշրջային բրոշյուրներ` Հունոտի կիրճի, Տիգրանակերտի, Ղարաբաղի հյուրանոցների մասին:

 

 

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ պատմական հուշարձանների պահպանության ոլորտը դեռ կանոնակարգման ընթացքի մեջ է, քանի որ 70 տարի չկար որևէ առաջխաղացում տվյալ  ոլորտում: Վարչության պետը ոլորտի այս տարվա ձեռքբերումներից մեկը համարեց Կարկառ բերդաքաղաքի հայտնաբերումը  Ստեփանակերտի մատույցներում: Պեղումները սկսվել են անցած տարի և շարունակվել այս տարի: Շարունակվել են հնագիտական պեղումները Տիգրանակերտում: Կաշենի հանքավայրի տարածքում հայտնաբերվել է  19-րդ դարի աղյուսե շինություն, որը գտնվում է պեղումների բուն վայրից հեռու և վտանգված չէ: Հուշարձանների վերականգման աշխատանքները ևս շարունակվեցին այս տարի: Վարչությունը կենտրոնացել էր 3 հուշարձանների վրա` Գտչավանքի, Տողի մելիքական ապարանքի և Սարուշենի Փիրումաշեն եկեղեցու:

 

 

 

Վարչության պետը խոսեց նաև պատմական հուշարձանների նկատմամբ հասարակության անտարբերության մասին` նշելով, որ այս առումով մենք շատ անելիքներ դեռ ունենք` համապատասխան մշակույթ ձևավորելու համար:

 

 

 

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ նաև ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության պաշտոնական կայքի շնորհանդեսը: Այսուհետ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն Արցախի մասին ավելի մանրամասն ու ստույգ տվյալներ, տեղեկություններ ստանալ karabakh.travel.am կայքի միջոցով:

 

 

 

Կայքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ռեսուրսները: Կայքէջը եռալեզու է` հայերեն, ռուսերեն, անգլերեն, և բաղկացած է երկու մասից: Այն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած տեղեկություն, որը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին` տեղեկություններ տեսարժան վայրերի, հյուրանոցների, խոհանոցի, պատմության, աշխարհագրության, կլիմայի, թանգարանների և այլնի մասին:

 

 

 

Ամեն մի տեղեկություն ապահովված է նկարներով: Կայքում առանձին ներկայացված է զբոսաշրջության բաժին, որտեղ ներկայացված են զբոսաշրջության այն տեսակները, որոնք զարգացած են Ղարաբաղում: Կա առանձին բաժին, որտեղ ներկայացված են Ղարաբաղի մասին ֆիլմեր, երգեր: Ներկայացված է Ղարաբաղ այցելելու համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկություն` համապատասխան հեռախոսահամարներով: Կայքի այցելուն կարող է համապատասխան հեռախոսահամարներով կապվել  զբոսաշրջային տեղեկատվական կենտոնների հետ` իրեն հետաքրքրող ցանկացած հավելյալ տեղեկություն ստանալու համար:

 

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

1