Արցախում ամեն ինչ ճիշտ է ընթանում. Լարս Ադակտուսսոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում ամեն ինչ ճիշտ է ընթանում. Լարս Ադակտուսսոն

Արցախում ամեն ինչ ճիշտ է ընթանում. Լարս Ադակտուսսոն

Հունվարի 27-ին ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակության մամլո ասուլիսը:

Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատակիցներ Հեղինե Էվինյանն ու Աշխեն Ֆիքսովան:

Ասուլիսի սկզբում Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսսոնը հակիրճ ամփոփեց Արցախ կատարած այցը:

Պատվիրակությունն Արցախ է ժամանել 2 օր առաջ, այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի հետ, հանդիպել են նաև Արցախի Մարդու իրավունքի պաշտպանի հետ: Առավոտյան հանդիպում է կայացել նաև <<HALO trust>> ոչ կառավարական կազմակերպության հետ, որտեղ ծանոթացել են ականազերծման աշխատանքների կազմակերպմանը:

DSC_1496

«Ես Եվրոպական պառլամենտում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, միևնույն ժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ եմ և մարդու իրավունքներն իմ աշխատանքներում մեծ տեղ են զբաղեցնում: Եվ ուրախալի է տեսնել, որ Արցախում ամեն ինչ շատ ճիշտ է ընթանում»,- նշել է Լարս Ադակտուսսոնը:

Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, հանդիպումների ընթացքում քննարկել են նոր սահմանադրությանը, մարդու իրավունքին, հակամարտությանը վերաբերող հարցեր: «Շատ տպավորված եմ Արցախի ժողովրդով: Այստեղ մենք գործ ունենք մի հասարակության հետ, որը ճնշման է ենթարկվել, բայց սա մի ժողովուրդ է, որը ձգտում է ապրել լավ կյանքով և կառուցել ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված պետություն»,- ասել է Լարս Ադակտուսսոնը և ավելացրել, որ եվրոպացիները պետք է ավելի ակտիվ դեր խաղան խաղաղության տարբեր նախաձեռնություններում, որպեսզի երկխոսությունը ավելի ակտիվ և ճիշտ ընթանա:

Պատվիրակությունն Արցախ է ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ ու ջանքերով: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ այսպիսի նախաձեռնությունները պետք է շարունակվեն՝ Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի պաշտպանության համար։ «Այս շրջանում մեր հիմնական աշխատանքը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը հասնելն է, որը հնարավորություն կտա պարզելու հրադադարի ռեժիմը խախտող կողմին»,- նշել է Գասպար Կարապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում պետք է Արցախյան շարժման 30-ամյակին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Արցախի առաջին համագումարի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեն Եվրոպայում, Հայաստանում և Արցախում:

Այնուհետև լրագրողները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք հիմնականում վերաբերում էին Արցախի ճանաչմանը, Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը, Եվրոպայում Արցախի ձայնը հնչեցնելուն:

1