Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմ կցուցադրվի Կաննի կինոշուկայում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմ կցուցադրվի Կաննի կինոշուկայում

Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմ կցուցադրվի Կաննի կինոշուկայում

Այս տարի Կաննի կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող կինոշուկայում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացնելու է Արցախյան պատերազմի մասին պատմող <<Թեւանիկ>> լիամետրաժ ֆիլմը:

Ֆիլմը 3 պատանիների կյանքի դրամայի մասին է՝ Արամի, Աստղիկի եւ Թեւանիկի: Դեպքերը տեղի են ունենում նույն գյուղում եւ միաժամանակ: Պատմությունները սկսվում են գրեթե զուգահեռ եւ ավարտվում, երբ սկսվում է մեծ գրոհը գյուղի վրա: Ֆիլմում ամեն մի դերասան մարմնավորում է մարդկային մի ճակատագիր: <<Թեւանիկ>> լիամետրաժ ֆիլմը բաղկացած է 3 փոքր ֆիլմերից: Ֆիլմի երրորդ մասի սցենարի հեղինակը Առնոլդ Աղաբաբովն է, մյուս երկու ֆիլմերի սցենարի հեղինակը դրամատուրգ, սցենարիստ Կարինե Խոդիկյանն է: Ամբողջ ֆիլմի հիմքում ընկած է Առնոլդ Աղաբաբովի «Թեւանիկ» սցենարը:

 

Aparaj.am-ի ի հետ ունեցած զրույցի ժամանակ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը տեղեկացրեց, որ ֆիլմի պրեմիերան Երեւանում նախատեսվում է մայիս ամսին: Իսկ Կաննի կինոշուկայում ֆիլմի ցուցադրությունը կայանալու է հենց ֆիլմի ռեժիսորի նախաձեռնությամբ, եւ դահլիճը, որտեղ նախատեսնում է ցուցադրել ֆիլմը, ռեժիսորն իր անձնական միջոցներով է ձեռք բերել:

Սրահում, որտեղ ցուցադրվելու է Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը, Ջիվան Ավետիսյանի հավաստմամբ՝ հրավիրված են լինելու համաշխարհային վաճառքի գործակալներ, կինոպրոդյուսերներ: Կաննի կինոշուկայում ֆիլմի ցուցադրության նպատակն է, որպեսզի այն ամբողջ աշխարհում տարածում գտնի: <<Կինոշուկայում ֆիլմի ցուցադրման հիմնական նպատակն է՝ հնարավորինս լայն շրջանակներում տարածել ֆիլմը: Չնայած ֆիլմը 80 րոպե տեւողություն ունի, սակայն սրահը վարձակալվել է 110 րոպեով,- նշեց Ջ. Ավետիսյանը եւ հավելեց,- <<Թեւանիկ>> ֆիլմի ցուցադրությունից հետո ներկայացնելու եմ նոր ֆիլմի նախագիծ. այն նույնպես Արցախի մասին է պատմում եւ կոչվում է <<Վերջին բնակիչը>>: 

Ջիվան Ավետիսյանը կարեւորում է Արցախյան գոյամարտի մասին ֆիլմեր նկարահանելը եւ այդ ֆիլմերի միջոցով աղճատված կյանքեր ներկայացնելը: Ռեժիսորի խոսքերուվ՝ այդ ֆիլմերը հնարավորություն են ստեղծում, որպեսզի մեր երկրի սահմաններից դուրս ապրող մարդիկ, օտար ազգերի ներկայացուցիչները գոնե հասկանան, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Արցախյան ազատամարտը:

 

Ի դեպ, <<Թեւանիկ>>-ը հայ-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է: Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնը եւ ԼՂՀ կառավարությունը:

1