Արցախյան պատերազմի արդյունքում արցախահայությունը լուծել է խնդիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախյան պատերազմի արդյունքում արցախահայությունը լուծել է խնդիրը

Արցախյան պատերազմի արդյունքում արցախահայությունը լուծել է խնդիրը

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում։ «Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս», – այս մասին հայտարարել է նա:

Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը մատնանշեց, որ Արցախը երբեք էլ Ադրբեջանի մաս չի եղել: «Ոչ մի իրավական բան չկա, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում: Մինչև Ադրբեջանի Սովետական Հանրապետության ստեղծվելը՝ 1917 թվականին Արցախում արդեն ստեղծվել էր ազգային իշխանություն, որը 1918 թվականի հուլիսին վերջնական տեսքի բերվեց։ Արցախը մինչև խորհրդային կարգերի հաստատումը պայքարեց իր անկախության համար, և պետք է ասեմ, որ այս հարցում հաջողեց»,- ասաց նա:

Ըստ նրա՝ միջազգային հանրության հետ պետք է ավելի ակտիվ աշխատել՝ իր նշած ճշմարտությունները հասցնելու համար: «Մենք էլ պետք է լավ աշխատենք, միջազգային հանրությանը դա պետք է ներկայացնենք: Վերջիվերջո ինքնավար մարզերը որոշակի կարգավիճակ ունեին խորհրդային համակարգում,- ասաց նա՝ պնդելով, որ հենց այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նախագահի ասածները ոչ մի իրավական հիմք չունեն,- միջազգային հանրությունը բոլորովին վերջերս Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրում ընդունել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծվի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»:

Արցախի խորհրդարանի փոխնախագահի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարություններ է անում ոչ այնքան արտաքին, որքան ներքին լսարանի համար: «Այդ մեկնաբանություններն ուղղված է Ադրբեջանի հասարակությանը, որն ընդհանրապես անտեղյակ է քաղաքական զարգացումներից, պարզապես դրանք արվում են հասարակությանը մոլորեցնելու համար»,- ասաց նա:

Վահրամ Բալայանը հիշատակեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնականում գերտերությունները առաջ են բերել իրենց ազդեցությունը տարբեր հիմնախնդիրներում պահելու նպատակով, սակայն միևնույն ժամանակ նրանք ընկալում են, որ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք:

«Նրանք ընդունում են, որ ժողովուրդները, որոնք ապրում են իրենց հայրենիքում պետք է ազատ ապրեն»,- նշեց նա:

Արցախում Ալիևի ասածներին հանգիստ են վերաբերում: Վահրամ Բալայանի խոսքով՝ արցախահայությունը 1991-1994 թվականներին արցախյան պատերազմի արդյունքում լուծել է խնդիրը:

«Արցախն ունի իր պետականությունը, հարաբերություններ է ձևավորում աշխարհի տարբեր երկրների հետ՝ չնայած որ ճանաչված չենք: Ապրիլյան իրադարձություններից հետո տարբեր երկրներից պատվիրակություններ ենք ընդունել: Աշխարհն արդեն փորձում է մեզ հետ խոսել, տեսնում է, որ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա է կառավարվում և որը տարածաշրջանում անվտանգության երաշխավորներից է․Արցախի գոյությունը տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պահպանող գործոն է»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

1