Արցախյան հարցի լուծման բանակցային գործընթացում պետք է ընդգրկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում է գտնվում Հոլանդիայի Միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, Բելգիայում Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Պոլ Միրցը: Միջազգային իրավունքի մասնագետը միջազգային բանակցային գործընթացի թեմայով դասախոսություն է անցկացնում Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
«Արցախ իմ առաջին այցն անցյալ տարի մարտին էր՝ ապրիլյան պատերազմից 10 օր առաջ: Ես այստեղ էի Բելգիայի խորհրդարանականների հետ»,- նշել է Պոլ Միրցը: Այս 2 օրը փորձելու է ուսանողներին ներկայացնել, թե ինչ է նշանակում համագործակցությունն ու բանակցությունները երկրների միջև:
«Քանի որ հիմա մի կողմից Հայաստանի և Արցախի, մյուս կողմից Ալիևյան կլանի միջև բանակցությունները հնարավոր չեն, մենք պետք է ինչ-որ ուղիներ գտնենք հետագայում որոշ հարցերի շուրջ բանակցելու համար»,- համոզված է Պոլ Միրցը:
Խոսելով Արցախյան հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ, Պոլ Միրցը նշել է, որ հնարավոր չի լինի հարցը լուծել, եթե բանակցային գործընթացը չընդգրկի Հարավային Կովկասի բոլոր երկրները, պետք է ավելի լայն բանակցությունների սեղան լինի: «Բայց քանի որ Ադրբեջանում հիմա դեմոկրատիա չկա, սա անհնար է»,- ասել է հոլանդացի պրոֆեսորը: