Արցախյան ազգային-ազատագրական շարժում-88
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախյան ազգային-ազատագրական շարժում-88

Արցախյան ազգային-ազատագրական շարժում-88

Լրանում է  Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակը, որը Հայոց պատմության մեջ մնացել է որպես ազգային-հոգեւոր զարթոնքի եւ փառավոր հաղթանակի  մի զորավոր էջ: Այն իր նշանակությամբ վաղուց հատել է ազգայինի սահմանը եւ ստացել աշխարհաքաղաքական իմաստ` իր դրական եւ բացասական հետեւանքներով հանդերձ: Շարժման ընթացքում` Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում տանելով համոզեցուցիչ հաղթանակ, հայ ժողովուրդը  վերահաստատել է հայկական կենսատարածքում` Հայկական Բարձրավանդակում   իր ապրելու իրավունքը: Հաղթանակի շնորհիվ Հայաստանը (ներառյալ Արցախը) հնարավորություն  է ստացել աշխարհին արժանապատվորեն ներկայացնելու իր պահանջատիրությունը ոչ միայն ազատագրված Արցախի նկատմամբ, այլ նաեւ չլուծված Հայկական Հարցի: Ցավոք սրտի, հայկական դիվանագիտությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի զորու չեղավ միջազգային հանրությանը ըստ արժանվույն հրամցնելու հայ ազգի օրինական եւ իրավական պահանջները:  Ռազմի դաշտում տարած փառավոր հաղթանակը, հետագա պարտվողական քաղաքականության հետեւանքով («Հայաստանը հաղթել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը»- ՀՀ Բանակի գերագույն գլխավոր հրամանատար) հայկական դիվանագիտությունը չկարողացավ օգտագործել եւ պարտված Ադրբեջանին պարտադրել իր պահանջները: Հաջորդ իշխանությունները, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Հայկական Հարցից առանձնացրեցին  Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը՝ դարձնելով այն արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը, եւ հասան որոշակի հաջողությունների: Բայց, այսպես կոչված  ղարաբաղյա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները մտան փակուղի, ԼՂՀ-ն էլ դադարեց բանակցությունների լիիրավ կողմ լինելուց:

Ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդիրն այնպես, ինչպես ներկայացվում է, գոյություն չունի: Այն գերտերությունների կողմից արհեստականորեն ստեղծած քաղաքական ծուղակ է, որի նպատակն է` տարածաշրջանում պահպանել ազդեցությունը: Փաստն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն անկախացել է  եւ իրավական տեսանկյունից կորցրել իր ազդեցությունը բռնակցված Արցախի եւ Նախիջեւանի նկատմամբ: Նախիջեւանը հայաթափվել է, իսկ Արցախը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք է բերել փաստացի անկախություն եւ ազատորեն կարող էր վերամիավորվել Հայաստանին: Ադրբեջանը պատերազմել է Արցախի դեմ, տեղահանել Հյուսիսային Արցախի հայ բնակչությանը, գրավել Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասեր, բայց եւ կրել խայտառակ պարտություն:

Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ  արցախահայը, ազատագրելով իր հայրենիքի մի զգալի մասը, կառուցում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Թե դա ինչքանո՞վ է արդարացված կամ ճշմարիտ քայլ, թողնենք ժամանակի փորձությանը: Բայց մի բանում հայը հաստատ համոզվել է. ազգային, տարածքային հարցերը համազգային ու ռազմավարական նշանակություն ունեն, հետեւաբար, դրանք լուծվում են ոչ թե գրասենյակներում, վեհաժողովներում, միջազգային իրավունքի մասնագետների կամ դիվանագետների հիմնավորված թեզիսներով, այլ, նախ` ծրագրավորված ու նպատակաուղղված պայքարի միջոցով (հարկ եղած դեպքում` մարտի դաշտում), ապա ազատագրված հայրենիքը շենացնելու նպատակով հոգեւոր-մշակութային, քաղաքական, տնտեսական ասպարեզներում կատարած աշխատանքներով: Հույս պահել, որ միջազգային իրավունքի շնորհիվ գերտերությունները կլուծեն, այսպես կոչված, ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդիրը` ինքնախաբեություն է: «Ազգերի  ազատ ինքնորոշումը», «տարածքային ամբողջականության սկզբունքը» եւ նմանատիպ այլ սկզբունքներ պարզապես բարի ցանկություններ են, եթե չասենք` կեղծիքներ՝ հորինված փոքր, փոքրաթիվ եւ թույլ ազգերին  դիվանագիտորեն խաբելու, հպատակեցնելու կամ կախվածության մեջ պահելու համար: Եթե միջազգային իրավունքը երկու երես չունենար, ապա վաղուց  Փենջաբը, Ասամը, Քաշմիրը  անջատված կլինեին Հնդկաստանից, Տիբեթը` Չինաստանից,  Բասկիան` Իսպանիայից եւ Ֆրանսիայից,  քրդական բնակավայրերը`  Թուրքիայից, Իրանից ու Իրաքից, Կուրիլյան կղզիները`  Ռուսաստանից եւ այլն:

Երեսունամյա բարձունքից նայելով եւ ծանոթ լինելով Արցախյան ազգային- ազատագրական շարժման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, Շարժումը կարոտ է համակողմանի, գիտական ուսումնասիրման եւ ճիշտ գնահատականի:

Փորձենք Արցախյան ազգային-ազատագրական շարժումը ներկայացնել փիլիսոփայության եւ հոգեւոր-աստվածաբանական տեսանկյուններից:

Փիլիսոփայությունից հայտնի է, որ ազգային-ազատագրական հեղափոխությունը ծնունդ է առնում ազգային-ազատագրական շարժումից եւ ուղղված է.

— օտարերկրյա տիրապետության վերացման,

— ազգային անկախության նվաճման,

— ազգային- գաղութային ճնշման ու շահագործման ոչնչացման,

— ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման,

— ազգային պետության ստեղծման,

— այլ պետության հետ միավորման կամ համադաշնության ստեղծման:

Վերը շարադրվածից դժվար չէ եզրակացնել, որ Արցախյան ազգային-ազատագրական շարժումը վերածվել է հեղափոխության, եւ արդյունքում ստեղծվել է անկախ պետություն: Իսկ ինչու՞ չի վերամիավորվել Հայաստանին, մի՞թե մեր նպատակը անկախ պետության ստեղծումն է եղել: Նման բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում միակ եւ ճշմարիտ քայլը դա է եղել: Որպեսզի հարցի պատասխանը թերի չմնա, ավելացնում են նաեւ, որ «անկախ պետությունը» միջոց է նպատակին` «Միացմանը» հասնելու համար: Նախ` միամտորեն հարց տանք, որ եթե իրոք անկախ պետության ստեղծումն անհրաժեշտ քայլ է եղել, ապա ինչու՞ այդ քայլը առաջադրող կամ պարտադրող պետությունը կամ պետությունները Արցախի Հանրապետության անկախությունը մինչեւ հիմա չեն ճանաչել: Բացի դրանից, միջազգային փորձը ցույց է տալիս, որ անկախ պետություն ստեղծելու եւ միջազգայնորեն ճանաչվելու գործնթացը ավելի բարդ է, քան ճանաչված պետության կազմի մեջ մտնելը, մանավանդ որ առկա են թե´ իրավական, թե´ պատմական բոլոր հիմքերը: Գոյություն ունի շրջանառվող մի այլ տեսակետ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակումը փոխզիջում է: Այդ տեսակետի կողմնակիցների հիմնավորումը շատ թույլ է եւ խոցելի: Նախ` հետաքրքիր է իմանալ. Ադրբեջանը ընդունե՞լ է այդ փոխզիջումը եւ դրա փախարեն ի՞նչ է զիջել: Բացի դրանից` Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն, թե Արցախը բաժանվելուց հետո (իրավաբանորեն` վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1989թ. դեկտեմբերի 1-ին) անկախ պետություն է ստեղծում, թե միանում է այլ պետության:

 Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է գրել, որ Արցախյան ազգային-ազատագրական շարժումը կրել է տարերային բնույթ: Շարժումը ծնվել եւ ծավալվել է մեր` հայերիս մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով լիովին չի համապատասխանել հայության գաղափարական, քաղաքական եւ կազմակերպական հասունացմանը: Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը վերածվել է հեղափոխության, համահունչ չէր իր էությանը, մասնավորապես` բացակայել է հեղափոխության առաջատար եւ կազմակերպող ուժը` ավանգարդը, համայն հայությունը ըստ կարեւորության աստիճանի` իրազեկված եւ պատրաստված չի եղել համազգային նպատակասլաց պայքարի: Նշվածների  օգտին կարող են վկայել նաեւ այն  փաստերը, որ «Ղարաբաղ», «Միացում», «Կռունկ» կոմիտեները ստեղծվել են Շարժման ամենաեռուն տարիներին:

Մի կարեւոր հանգամանք եւս. հայկական դիվանագիտությունը, այսպես կոչված, ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի լուծման հարցում առաջնային է համարում ազգերի ինքնորոշումը՝ դրանով իսկ նսեմացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց, իրականում այդ սկզբունքները ոչ միայն չեն հակասում, այլ լրացնում են մեկը մյուսին: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք՝ հայերս, ազգային-ազատագրական պայքարի ենք ելել ոչ թե օտարի տարածքում ինքնորոշվելու, այլ վերացնելու օտարի գաղութային լուծը, որն առաջացել է անօրեն բռնակցման հետեւանքով, շահագործումը, վերականգնելու պատմական արդարությունը եւ վերամիավորվելու Մայր Հայաստանին: Ավելի պատկերավոր ասած՝ երկարությունը  չափելու համար փոխանակ օգտագործելու մետրը, օգտագործել եւ օգտագործում ենք մեր ձեռքի տակ եղած կամ օտարների կողմից մեզ տրված կիլոգրամը:

Ծանոթանալով  ՄԱԿ-ի անդամ դարձած պետությունների վերջին 50 տարիների պատմությանը, դժվար չէ համոզվել, որ դրանց մեծամասնությունը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ են թոթափել օտարների լուծը եւ ձեռք բերել անկախություն: Մի՞թե Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի հարյուրից ավելի պետություններ չեն պայքարել օտարների դեմ, ազատագրել իրենց հայրենիքը եւ շարունակել զարգանալ այն ուղղություններով, որ նախագծել էին: Հարց է ծագում. «Ինչու՞ Արցախը չէր կարող հետեւել նրանց օրինակին»:

Մի զարմանալի հանգամանք եւս՝ կապված Կոսովոյի անկախության հետ: Մինչեւ Կոսովոյի անկախության հռչակագրի ընդունումը՝ հայկական դիվանագիտության մեջ շրջանառվում էր այն տեսակետը, որ Կոսովոն կարող է նախադեպ դառնալ սառեցված հակամարտությունների լուծման համար: Իհարկե, «քաղաքական խաղի» տեսանկյունից կարելի է հասկանալ մեր դիվանագետներին եւ քաղաքական գործիչներին` ինչու՞ չօգտագործել ընձեռած ցանկացած հնարավորություն: Բայց Կոսովոյի անկախության հռչակումից հետո բոլորին պարզ դարձավ, որ հերթական անգամ կիրառվել են կրկնակի ստանդարտներ, որ Կոսովոն նախադեպ լինել չի կարող, ավելի ճիշտ` կարող է, եթե «վերեւից» այդպես ցանկանան: Մեր պարագայում՝ հաստատ չեն ցանկանա (մեր «ռազմավարական դաշնակից»` Ռուսաստանն է երկմտում, ինչ մնաց՝ օտարները):

Ուրիշ մի կարեւոր իրավական որոգայթ  էլ գոյություն ունի: Եթե Կոսովոն ընդունում ենք որպես նախադեպ, արդյո՞ք դա չի նշանակում, որ  հաստատում ենք այն դրույթը, որ Արցախի Հանրապետությունը  Կոսովոյի նման՝ օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքի հանրաճանաչ սկզբունքից, օտար պետության մեջ, օտար տարածքում է անկախացել:

Կյանքը ցույց տվեց, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից էլի նախադեպ չհանդիսացավ Արցախի համար: Բա մերն ուրիշ է, չէ՞:

Անաչառ գնահատելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքը, թերությունները եւ ներկա իրավիճակը, միեւնույն ժամանակ, պետք է գոհունակությամբ ու հպարտությամբ նշենք, որ եղած արդյունքներն էլ ազգային գոյապահպանության, հայկական պետականության կայացման, ազգային արժանապատվության վերականգնման տեսանկյուններից անգնահատելի են:

 Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դիտարկենք նաեւ այլ տեսանկյունից: Շարժման համառոտ ժամանակագրությունը հետեւյալն է.

1988թ. փետրվարի 13-ին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակ՝ պահանջելով Արցախի միացումը Մայր Հայաստանին:

1988թ. փետրվարի 20-ին տեղի է ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, որը որոշում է ընդունել` դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

1989թ. հունվարի 20-ից ԼՂԻՄ-ում մտցվել է Հատուկ կառավարման կոմիտե Ա. Վոլսկու գլխավորությամբ: Դադարեցվել են մարզի կուսակցական եւ պետական մարմինների լիազորությունները:

1989թ. օգոստոսի 16-ին տեղի է ունեցել համագումար` ընտրվել է Ազգային Խորհուրդ:

1989թ. դեկտեմբերի 1-ին կայացել է ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային Խորհրդի համատեղ նիստը:  Որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական

ԽՍՀ-ին վերամիավորելու մասին:

1990թ. հունվարի 15-ին Արցախում մտցվել է «Արտակարգ դրություն»:

1990թ. մայիսի 20-ին կայացել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավորների ընտրությունները: Պատգամավորներ են ընտրվել նաեւ ԼՂԻՄ-ից:

1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել է  Անկախության Հռչակագիրը, որտեղ մասնավորապես նշված է. «Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

1991թ. հունվարին սկսվել է ԽՍՀՄ ներքին զորքերի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացված «Օղակ» ռազմագործողությունը:

1991թ. մարտի 17-ին Ստեփանակերտի կոշիկի գործարանում տեղի է ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նիստը: Կազմակերպիչների նպատակն էր` դիմել Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդին, որպեսզի ԼՂԻՄ-ին տրվի ինքնավար հանրապետություն կարգավիճակ` Ադրբեջանի կազմում:

    1991թ. հունիսի 12-ին Ռուսաստանը հռչակել է իր անկախությունը:

1991թ. հուլիսի 20-ին ԼՂԻՄ շրջանների որոշ ղեկավարներ եւ մարզի պաշտոնատար այլ անձինք Պոլյոնիչկոյի ուղեկցությամբ ուղղաթիռով մեկնել են Բաքու, հանդիպել Ադրբեջանի ղեկավար Այազ Մութալիբովին:

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) ընդունել է պետական անկախության մասին հռչակագիր:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որն ընդունել է. «Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին»:

1991թ. հոկտեմբերին 18-ին Ադրբեջանն ընդունել է պետական անկախության մասին սահմանադրական ակտը:

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվել է հանրաքվե պետական անկախության վերաբերյալ:

Արցախյան ազգային-ազատագրական շարժման համառոտ այս ժամանակագրությունից էլ պարզ երեւում է, որ հայկական կողմի յուրաքանչյուր քայլ եղել է պարտադրված կամ, լավագուն դեպքում, կախված հակառակ կողմի   քայլերից, այլ ոչ թե նպատակաուղղված` ռազմավարական ծրագրի իրականացման քայլեր են եղել: Հակառակ դեպքում` ինչու՞ պիտի հայկական կողմը հրաժարվի 1989թ. դեկտեմբերի 1-ի  ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի եւ Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստի որոշման ընձեռող  փայլուն հնարավորությունից եւ ստեղծի երկրորդ հայկական անկախ պետությունը: Այդ քայլով, փաստորեն, Արցախն անջատվել է Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից: Եւ պատահական չէ, որ Մեծ Բրիտանիան 1991թ. դեկտեմբերի 31- ին ճանաչելով ՀՀ անկախությունը (անգլիական դիվանագիտական սուր  աչքը չի վրիպել), հատուկ շեշտադրում է արել եւ չի «վավերացրել» վերոհիշյալ որոշումը:

Չխորանալով փիլիսոփայության խորխորատներում, փաստենք, որ Արցախյան ազգային-ազատագրական շարժումը չի հասել իր բաղձալի նպատակին, այսինքն` վերամիավորում Մայր Հայաստանին տեղի չի ունեցել: Դեռ ավելին` ԼՂՀ-ն ընդունել է առաջին Սահմանադրությունը, որտեղ մի բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության եւ  մեր ամբողջական հայրենիքի մասին: Փաստորեն՝  էլ ավելի ենք  հեռացել Շարժման բուն նպատակից: Արդյունքը եղել է այն, որ օր-օրի խորացել են արհեստականորեն ստեղծված տարաձայնությունները եւ հակասությունները: Զավեշտը հասել է այն աստիճանին, որ Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ մանավանդ  հետընտրական փուլում, երբ ազգի մի փոքրիկ հատվածը 1998թ. պետականորեն նշում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը (ամբողջ տարին հայտարարված է Շարժման տարի), Երեւանում` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բազմահազարանոց միտինգներից մեկում, որպես Հայաստանի համար թշնամական կամ ոչ բարյացակամ ազգ նշվել է նաեւ «ղարաբաղցի» ազգը: Ում, եթե ոչ` բազմաթիվ մահացած եւ կենդանի ազգերի լեզուների քաջահմուտ գիտակ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտնի պիտի լինի, որ  ներկայիս Հայաստանը (ներառյալ՝ ազատագրված Արցախը), որը կազմում է պատմական Հայաստանի ավելի քան 10%-ը , հիմնականում ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Գուգարք նահանգների մի փոքր մասը, Արցախը եւ Ուտիքը` կիսով չափ եւ Սյունիքը ամբողջությամբ: Ներկայիս Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասը կազմում են պատմական Հայաստանի բոլոր նահանգներից  ներգաղթած մեր հայրենակիցները: Փաստ է նաեւ, որ ՀՀ բնակչության 350-370 հազարը արմատներով արցախահայեր են, որն իր թվաքանակով միայն համեմատելի է սյունեցիների հետ: Ազգը ըստ բնակության վայրի տարանջատող եւ ընդունող մեր հայրենակիցներին զգաստացնելու համար նշենք, որ անմտություն է ազգի մեծ հատվածը փոքրին հակադրելը, մանավանդ, որ մեծ հատվածի մեջ երեք անգամ ավելի շատ արցախահայեր են բնակվում, քան բուն Արցախում: Միտինգներում բազմաթիվ անգամ հնչեցվել է նաեւ այն տեսակետը, որ ազգի մի հատվածը կարելի է զոհաբերել հանուն ընդհանուրի բարօրության: Այսինքն` Արցախից ցանկացած գնով «ազատվելով», ազգի մնացած հատվածի` Հայաստանի Հանրապետության բնակչության համար կբացվեն նոր հեռանկարներ, եւ ազգը կբարգավաճի: Այդ տեսակետի կողմնակիցները նոր չեն ի հայտ եկել. առաջացել են Արցախյան ազգային-ազատագրական շարժման ժամանակ եւ արմատավորվել  պատերազմի տարիներին: Նրանց համար բերենք մի օրինակ:  Պատկերացնենք. մի մարդ  ունի չորս զավակ: Նրան առաջարկում են, որ զավակներից մեկին զոհաբերի կամ հանձնի իր ոխերիմ թշմանուն, որպեսզի մնացածը ապրեն  լավ ու բարեկեցիկ կյանքով: Ի՞նչ եք կարծում, այդ մարդը կզոհաբերի իր զավակներից մեկին, անկախ նրանից՝ այդ երեխան  ամենաաչքաբացը, ամենախելոքն ու խիզախն է, թե  հիվանդն է ու տկարը: Որպես բազմազավակ հայր՝ համոզված եմ, որ ոչ մի ծնող այդ քայլին չի դիմի, եթե հոգեկան խանգարումներ չունի կամ գոնե ունի տարրական կրթություն:  Վերջինս` այն պարզ պատճառով, որ հաստատ ծանոթ կլինի Հ. Թումանյանի «Չարի վերջի» աղվեսին, որը մեկ կկուի ձագ ստանալուց հետո հաջորդն է պահանջում, այն էլ ստանալուց հետո` վերջին ձագն է պահանջում:  Իսկ հայ ժողովրդի պատմությանը ծանոթները պետք է հիշեն Դավիթ Բեկի խոսքը. «Եթե կորցնենք Նախիջեւանը, Սյունիքը, Արցախը եւ Ուտիքը, Հայաստանը կվերանա աշխարհի երեսից»:

Հետաքրքիր է իմանալ՝ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը պարտադրի Ջավախքում ազգային- ազատագրական պայքար սկսել, արդո՞ք այն կկրի համահայկական բնույթ (ինչպես եղել է Արցախում), թե ՀՀ-ում բնակվող ազգի մի հատվածը, «կյանքի փորձից ելնելով», նրանց էլ կհամարեն «ջավախեցի» ազգ ու չեն միջամտի օտարի ազգային խնդիրներին: Ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում Նախիջեւանը համարյա մոռացության է մատնված: Մի՞թե այդքան կարճ է մեր պատմական հիշողությունը:

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դիտարկենք հոգեւոր-աստվածաբանական տեսանկյունից: Աստվածաշնչից հայտնի է` «Ձայն բազմաց, ձայն Աստծո» արտահայտությունը: Շարժման առաջին իսկ օրվանից հազարավոր մարդիկ հրապարակում հավաքված պահանջում էին Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին, այսինքն` խաթարված արդարության, ճշմարտության վերականգնում: Անկախ նրանից, որ այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը անհավատ էին կամ աթեիստներ, միեւնույն է`  նրանք կամա, թե ակամա առնչվել են Բարձրյալի հետ՝ այն պարզ պատճառով, որ կատարյալ արդարը եւ ճշմարիտը Աստված է: Եւ պատահական չէ, որ փետրվարի 13-ին է սկսվել Շարժումը (նախատեսված  էր  փետրվարի15-ին), որը ինչպես հայտնի է Տեառնընդառաջի օրն է: Շարժման սկզբնական տարիներին ժողովրդի մի ստվար մասը դարձի է եկել առ Աստված եւ դարձել Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ: 1989թ. կազմավորվել է ՀԱԵ Արցախի թեմը: Այդ տարիներին Մայր Հայաստանում  եւ Արցախում աննախադեպ  ազգային եւ հոգեւոր վերազարթոնք է եղել, որն էլ հանդիսացել է գրավականը մեր բոլոր հաղթանակների:

1988թ. մարտի 24-ին ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ին տրամադրել 400-450 միլիոն ռուբլի, որպեսզի այն նպատակաուղղվի մարզում կուտակված սոցիալ-տնտեսական եւ մշակութային հարցերը լուծելուն: Բնականաբար, արցախահայերը հրաժարվել են այդ գումարից:

Արցախյան ազգային-ազատագրական շարժման ամենաեռուն շրջանում Ադրբեջանի իշխանությունները սովի են ենթարկել արցախահայությանը: Բայց եղել է մի պահ, որ տոննաներով սննդամթերք եւ տարատեսակ խմիչքներ են ուղարկել: Ստեփանակերտի երկաթուղային կայարանում վագոնները բեռնավորված օրերով սպասել են, բայց ոչ ոք չի մոտեցել բեռնաթափելու: Վերը նշվածները համեմատելի են Հիսուսի՝ անապատում փորձության հետ:

Ըստ Ղուկասի ավետարանի՝ «Երբ նա քառասուն օր չկերավ ու չխմեց, եւ երբ դրանք լրացան, քաղց զգաց: Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա´, որ հաց լինի»: Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Գրված է՝ միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ` Աստծո ամեն խոսքով»:

 Առաջին լուրջ փորձությունը հաղթահարված էր: Դրան հետեւեց հաջորդը` ԽՍՀՄ ղեկավարությունը մի շարք հեղինակավոր հայորդիների հրավիրեց Մոսկվա եւ նրանց իշխանություն, բարձր պաշտոններ խոստացավ, Արցախում մտցվեց ԽՍՀՄ-ում  նախադեպը չունեցող իշխանություն` Հատուկ կառավարում, միայն թե  վերջ տրվի ազգային-ազատագրական շարժմանը: Արցախահայությունը այդ փորձությանն էլ դիմացավ, որի Աստվածաշնչյան զուգահեռը հետեւյալն է. «Եվ սատանան բարձրացնելով Նրան մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները եւ ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը եւ սրանց փառքը…Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինեն»: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. «Գրված է` քո Տեր Աստծուն պիտի երկրպագես եւ նրան պիտի պաշտես»:

Երրորդ փորձությունը, որին դիմացավ արցախահայությունը` դա պատերազմն էր: Յոթ միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը միջազգային հանրության եւ  աշխարհի գերտերությունների թողտվության պայմաններում հարձակվեց 150 հազար խաղաղ բնակիչ ունեցող Արցախի վրա: Մինչեւ պատերազմը սկսվելը «հայրենի իշխանությունները» զինաթափել էին արցախահայությանը, անգամ որսորդական հրացաններն էին նախօրոք առգրավել: Այս անգամ փորձության էր դրված Հայրենիքի պաշտպանությունը: Այդ ժամանակ Արցախում տարբեր լուրեր էին պտտվում, անգամ «հավաստի աղբյուրները» հաստատում էին, որ պատրաստ են արցախահայությանը քաղաքական ապաստան տրամադրել այլ երկրներում, մասնավորապես` Ավստրալիայում: Արցախահայերը կարող էին հանգիստ թողնել իրենց բնօրրանը եւ տեղափոխվել գոնե Հայաստանի Հանրապետություն, բայց նրանց մեջ արթնացել էր  Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Մխիթար Ապարապետի, Ավան հարյուրապետի, Դանիել Բեկ եւ Պողոս Բեկ Փիրումյանների, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, Արամ Մանուկյանի եւ այլ երեւելիների արյունը, Հայոց սրբերի ոգիները: Եւ հայը պաշտպանել է իր հայրենիքը… Իսկ Աստվածաշունչը այդ ուղղությամբ քանի-քանի դար հուշում է՝ «Եվ տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծո Որդի ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետեւ գրված է՝ «Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, որ քեզ պահեն, եւ իրենց ձեռքերի վրա կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. «Ասված է` քո Տեր Աստծուն պիտի չփորձես»: Այո´ Աստծոն չեն փորձում, ինչպես նաեւ փորձելու ենթակա չեն մեր ազգի ինքնության չորս հիմնասյուները` Հայրենիքը, Հայոց լեզուն, Հավատը՝ ի դեմս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայ Դատը (համայն հայության իրավունքների պաշտպանությունը):

Հոգեւոր տեսանկյունից գնահատելով ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության եւ անկախության ճանաչմանը ձգտող Արցախի Հանրապետության ներկա կացությունը` դժվար չէ նկատել, որ երկու պետությունների միջեւ ծագող հակասությունների հիմնական պատճառը եղել եւ մնալու է ազգի բաժանումը երկու միավորների: Ընդդիմախոսները կարող են նշել, թե դա զուտ քաղաքականությունից դրդված իրավիճակ է, ինչպես ընդունված է նշել` օտարների համար ենք մենք անկախ, իրականում միասնական պետություն ենք: Տա Աստված, այդպես լիներ: Աստվածաշնչում մեր պարագայի համար է գրված՝ «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն տուն` կործանվում»: Իհարկե, շատ խիստ է գրված, բայց Աստվածաշնչյան ճշմարտությունը պարտավոր ենք ընդունել: Ուստի, ժամանակն է, որ նորովի` ազգային- հոգեւոր լույսի ներքո  գնահատենք երկու հայկական պետությունների ներկան եւ վճռականություն ցուցաբերենք արագացնելու Արցախի վերամիավորման գործնթացը Մայր Հայաստանին:

Աշոտ Գ. Սարգսյան

1