Արցախի շրջիկ տիկնիկային թատրոնը 1 տարեկան է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի շրջիկ տիկնիկային թատրոնը 1 տարեկան է

Արցախի շրջիկ տիկնիկային թատրոնը 1 տարեկան է

«Երեք տարի առաջ, նոյեմբերի 20-ին, մի մառախլապատ օր Ստեփանակերտ եկանք: Ծանոթների միջոցով սենյակ էինք զբաղեցրել: Երբ հասանք, տեսանք կիսախարխուլ, կիսանկուղային տուն է:  Հայրս մեզ հետ էր: Տունը տեսնելով՝ ասաց՝ եկեք հետ վերադառնանք, այստեղ ապրելու տեղ չէ: Ես պնդեցի, որ մնալու ենք: Երկուսով վստահ էինք մեր կայացրած որոշման մեջ՝ անկախ ամեն ինչից:

 

Մի քանի օր հետո լավ բնակարան գտանք, իսկ ավելի ուշ մեր սիրելի Շուշի քաղաքում բնակարան գնեցինք,-  ասում է  Գոհար Թաթիկյանը ու ավելացնում, որ Արցախում ապրելու գաղափարը նրա մոտ ծագեց,  երբ առաջին անգամ Արցախ եկավ եղբոր բանակի երդմնակալության արարողությանը: Հետագայում գաղափարով նաեւ ոգեւորեց ամուսնուն՝ Էդգարին:

 

‹‹Մենք հանգստություն շատ ենք սիրում: Այստեղ այն տեղն է, ուր մենք շատ մոտ ենք մեր էությանը: Այստեղ ապրում, ստեղծագործում ու վայելում ենք կյանքը: Մեզ եկվոր, վերաբնակիչ չենք համարում: Մենք արցախցի ենք, ովքեր ապրում են Արցախի առօրյայով,  լավ ու վատով»,- շարունակում է Էդգար Թաթիկյանը:

 

Էդգարը ծնվել է Երեւանում, Գոհարը՝ Եղեգնաձորում: Սովորել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժնի նույն կուրսում: Միաժամանակ նաեւ աշխատում էին Երեւանի «Ագուլիս» տիկնիկային թատրոնում:

 

Արցախ տեղափոխվելուց հետո աշխատանքի անցան Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում:  

 

 

‹‹Թատրոնում աշխատելու ժամանակ ներկայացման համար անհրաժեշտ էր տիկնիկներ պատրաստել, իսկ թատրոնը բավարար գումար չուներ դրա համար, որոշեցի հանձն առնել այդ գործը, եւ ստացվեց››, — ասաց Գոհարը:

 

Գոհարն ասում է, որ տիկնիների նկատմամբ յուրահատուկ մոտեցում ունի:

 

‹‹Մանկությունս համընկավ պատերազմի եւ հետպատերազմյան ժամանակաշրջանի հետ: Փոքր ժամանակ ես՝ ինչպես հասակակիցներս, տիկնիկներ չունեի, եւ միշտ երազում էի տիկնիկներ ունենալ: Տիկնիկներ ստեղծելով, այսպես ասած, մանկական երազանքս իրականացրի,››,- ասում է Գոհարը:

 

Առաջին տիկնիկի պատրաստման հետ Գոհարի եւ Էդգարի մոտ  առաջացավ իրենց շրջիկ տիկնիկային թատրոնի ստեղծման գաղափարը: Թատրոնի շրջիկ լինելու գաղափարը Էդգարինն է, ասում է՝ դրա մեջ ռոմանտիկ բան է տեսնում:

 

 

 

 

‹‹Նախկինում գրեթե բոլոր թատրոնները շրջիկ էին, այդպիսով բոլորը՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղի բնակիչը, հնարավորություն էր ունենում թատրոն հաճախել››,- ասում է Էդգարը:

 

Իրենց ‹‹3 խնձոր›› տիկնիկային թատրոնի ծնունդը համարում են հուլիսի 14-ը. հենց այդ օրն էլ առաջին անգամ  ներկայացում բեմադրեցին:

 

Այսօր թատրոնում աշխատում են 4 հոգով՝ Էդգարը պիեսներն է գրում, աշխատում որպես դրամատուրգ եւ դերասան, Գոհարը ռեժիսոր, տիկնիկագործ ու դերասան է: Թատրոնում աշխատում են եւս երկու դերասաններ:

 

 

«Օսըմ» հիմնադրամի հովանավորությամբ բեմադրեցին «Արքայադստեր 100 համբույրը»: Տիկնիկային թատրոնով ներկայացումներ են բեմադրել սահմանամերձ գյուղերում՝ Մատաղիս, Թալիշ, Խրամորթ, Ուղտասար:

 

Պատմում են, որ երեխաները մեծ ոգեւորությամբ էին դիտում ներկայացումը, եւ նշում, որ անհամբեր  սպասում էին հաջորդ ներկայացումներին:

 

‹‹Մենք սիրով ներկայացում կբեմադրեինք նույնիսկ այն գյուղերում, ուր ընդամենը 4 երեխա կա: Պետք է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ բնակության վայրից, ունենա թատրոն հաճախելու հավասար հնարավորություններ, սակայն այդ հնարավորությունը, ցավոք սրտի, մենք չունենք՝ ելնելով ֆինանսական կարողությունից ››:

 

Էդգարը ափսոսանքով նշում է, որ միակ խնդիրը լեզվի խնդիրն է, որովհետեւ երեխաները բարբառով են խոսում եւ գրական հայերեն չեն հասկանում:

 

Թե ինչու թատրոնի անունը «3 խնձոր» կոչեցին՝ Գոհարը պատասխանում է, որ յուրահատուկ ոչինչ չկա: Յուրաքանչյուր հեքիաթի վերջում միշտ նշվում է, որ երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը գրողին, մեկը պատմողին, մեկն էլ լսողին՝ այս դեպքում իրենց պատանի հանդիսատեսին:

 

 

Այժմ զույգն աշխատում է  «Ով աշխատի՝ նա կուտի» ներկայացման վրա՝ հայկական ժողովրդական մոտիվներով: Ներկայացման մեջ արծարծվելու է, ինչպես հեղինակն է ասում, այսօրվա կարեւորագույն խնդիրները՝ արտագաղթ, անտարբերություն, ծուլություն:

 

Չնայած բազում խնդիրներին՝ Էդգար ու Գոհար զույգը վստահ է, որ տքնաջան աշխատանքի եւ մի քիչ էլ համբերության դեպքում ամեն բանի հնարավոր է հասնել, եւ կարևորը՝ հավատում են, որ  իրենց  ներկան ու ապագան միայն Արցախում է:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 
1