Արցախի նոր հայտնաբերված քաղաքը` մ.թ.ա. 7-րդ դարից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Արցախի նոր հայտնաբերված քաղաքը` մ.թ.ա. 7-րդ դարից

Արցախի նոր հայտնաբերված քաղաքը` մ.թ.ա. 7-րդ դարից

Շուրջ երկու տարի առաջ, Ստեփանակերտից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա  հայտնաբերվել է Կարկառ քաղաքը: Այն պատմության մեջ  վաղուց հիշատակվում էր եւ դրա մասին գիտեին շատերը: Գիտեին , որ կար նման քաղաք, բայց ստույգ վայրը բացահայտվեց ընդամենը 2 տարի առաջ:

 

<<Ամեն ինչ սկսվեց այս հերոս մարդուց` Վազգեն Աղաջանյանից, ով ցույց տվեց ինձ այս տեղանքը, որը բավականին հետաքրքրություն էր ներկայացնում>>, — մատնացույց անելով դաշուշենցի Վազգենին, ոգեւորված  քաղաքի պեղումների մասին` մեզ պատմում է հնագետ Գագիկ Սարգսյանը, ով 5 աշխատող-բանվորների հետ պեղում եւ բացահայտում է երկաթե դարյա քաղաքի տեսքն ու պատմությունը:

 

Մեր այցելության պահին արդեն շրջակայքի երրորդ տեղանք էին բացել եւ պեղումներ էին կատարում: Հենց մեր ներկայությամբ հնագետը ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության եւ պատմական  միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին էր ներկայացնում օրվա բացահայտումը` հայտնաներվել է Արցախի տարածքում առաջին կրակարանը:

 

Հնագետ Գագիկ Սարգսյանը  հավաստիացնում է, որ քաղաքը պատկանել է երկաթե դարի ժամանակահատվածին, սակայն պեղումները ցույց են տալիս, որ այն գոյություն է ունեցել նաեւ անտիկ ժամանակաշրջանում, ինչը վկայում են  պեղումների ընթացքում հայտապերված անտիկ եւ   հեթանոսական ժամանակաշրջանի նյութերը:

 

Պեղումները կատարվում են ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության եւ պատմական  միջավայրի պահպանության վարչության  հովանավորությամբ, սակայն, ինչպես հնագետն  է նշում, ավելի մեծ մասշտաբով պեղումների իրականացման համար լուրջ ռեսուրսներ են պետք:

 

<<Մենք պեղել ենք քաղաքի չնչին մասը միայն, ահռելի աշխատանք  կա  դեռ կատարելու, -ասում է հնագետ Գ. Սարգսյանը, — ասում է հնագետ Գ. Սարգսյանը:

 

Հնագետն իրեն այնպես էր պահում, ոնց որ <<կենդանի>> քաղաքում լիներ, անընդհատ կրկնում էր` <<մենք այժմ քաղաքում ենք…, հիմա քաղաքի կենտրոնական մասում ենք…, իսկ հիմա քաղաքի հարավային մասում…>>:

 Պեղումներ արդյունքում բացվել էին կլոր նեղ մուտքով սրահ, սենյակներ, կրակարան, պարիսպը:

 

Քաղաքն ուներ երկու` արեւելյան եւ արեւմտյան կողմերից բնական սահման եւ պաշտպանված էր, մյուս երկու կողմերից պարսպապատ էր:

Քաղաքն ունեցել է միջնաբերդ, որը պարսպապատ էր, ընդհանուր քաղաքն ապահովված էր հզոր պաշտպանական համակարգով:

 

Հնագետը նշում է, բացի բնական աղետներից, քաղաքն ավերվել է Շուշին եւ հարեւան գյուղերը կառուցելու ժամանակ: Նոր բնակավայրեր կառուցելու նպատակով քանդել եւ տեղափոխել էին  հին քաղաքի քարերը , ինչի պատճառով պահպանվել է միայն այն, ինչ հողի տակ էր մնացել:

 

Պեղումների ժամանակ հայտնաբերված որոշ բացառիկ նյութեր, զարդեր, ոսկորներ, խեցիներ, մեծ կարաս,իսկ կրակարանից գտնված մոխիրն ու փայտածուխը պետք է ենթարկվեն լուրջ ուսումնասիրության:

Հայտնաբերվել են նաեւ նյութեր, որոնք կարելի է համեմատել Տիգրանակերտում պեղված նյութերի հետ: Սակայն, ինչպես  հնագետն է ասում` մինչ  Տիգրանակերտի կառուցումը Կարկառն արդեն հզոր քաղաք էր, ավելի քան 500 տարի շուտ է  կառուցվել այն:

 

<<Քաղաքի նյութական մշակույթը հայկական է,— վստահ նշում է հնագետը եւ ավելացնում,- Կարկառ քաղաքի պեղումը առաջին նյութն է երկաթե դարից, որը պեղվել է Արցախում>>:

 

Կարկառ քաղաքի պեղումների աշխատանքային վայրում լրագրողների հարցերին պատասխանել է Զբոսաշրջության եւ պատմական  միջավայրի պահպանության վարչության  պետ Սերգեյ Շահվերդյանը:

 

<<Արդեն երկու տարի է , ինչ սկսվել են պեղումներն այս հատվածում: Այն կարող է  դառնալ բավականին հաջողված զբոսաշրջավայր: Ափսոս,  այս տարածքը ժամանակին աղավաղել են ադրբեջանցիները: Ուղակի տրակտորներ են մտցրել ու քանդել: Ինչպես հայկական շատ ու շատ հուշարձաններ, բնակավայրեր են ավերել ադրբեջանցիները, չի բացառվում, որ այս տարածքի եւ նրա նշանակության մասին  իմանալով, դիտավորյալ ավերել ու ոչնչացրել են նաեւ այս տարածքը>>:

 

Պատասխանելով մեր հարցին`  պարոն Շահվերդյանը նկատեց, որ այս եւ մյուս հնավայրերը, այն պեղումներ, ուսումնասիրություններ, որոնք կատարվում են ԼՂՀ-ում, ունեն նաեւ քաղաքական լուրջ նշանակություն` խոսքի տեղ ցցուն փաստերով հիմնավորելով բոլոր ժամանակներում Արցախի  տարածքի հայկականությունը:

 

Կարկառ քաղաքում պեղումներ դեռ շատ պիտի արվեն, բացահայտելու դեռ շատ նյութ կա, բայց ինչպես հնագետն է բնորոշում` <<այս քաղաքն ավելի մեծ է, քան Արցախի հնարավորությունները  /ֆինանսական – խմբ./>>:

 

 

Սեւակ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

1