Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքում

Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին։ Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Սրցախի թեմի աոաջնորգ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետ նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպումների ժամանակ քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան- Արցախ – Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ, ով եւս ներկա է եղել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։

– Պարոն Իշխանյան, Դուք մասնակցել եք Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։ Արդյո՞ք Ձեր սպասելիքները, ակնկալիքները կատարվել են։

– Դուք ասում եք՝ սպասելիքներ կամ արդարացում, բայց շատ սովորական, պարզ հանդիպում էր՝ նախօրոք հայտարարված ձեւաչափով Արցախ այցելելու եւ հանդիպումներ ունենալու մասին։ Արմեն Սարգսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր պատկերացումները, տեսլականը որպես թեկնածու ՀՀ նախագահի եւ խոսեց Արցախի հիմնահարցի ու, ընդհանրապես, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այսպես իր մոտեցումներն ու պատկերացումները ներկայացրեց։

-Իսկ այդ մոտեցումները որքանո՞վ էին համընկնում նաեւ Ձեր, արցախցիների պատկերացումներին:

— Կարծում եմ այդ հարցերին անդրադառնալը որպես համընկնել դեւեւս վաղ է, քանի որ շատ սովորական եւ շատ պարզ մոտեցումներ են:

– Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հայտարարել էր, թե Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով:

– Հարցի լուծման գործընթացը բոլորն էլ տեսնում են բանակցային գործընթացի միջոցով, եւ այն ինչ բարձրաձայնեց պարոն Սարգսյանը, կարծում եմ ՝ այլընտրանք չունի: Մանավանդ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հենց այդ օրերին տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ հաջորդ օրն իսկ հանդիպում ունեցան նաեւ Արցախի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ վերահաստատվեցին բանակցային գործընթացքով հարցի լուծման մոտեցումները:

– Ձեզ համար՝ որպես արցախցու, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ էին առկա Արմեն Սարգսյանի ելույթում հանդիպման ժամանակ։

– Այն, ինչ մեր պատկերացումների մեջ էր, եւ կցանկանայինք լսել Արմեն Սարգսյանից, կարծում եմ՝ լսեցինք։ Եվ կարծում եմ՝ եթե թեկնածուն դառնա նախագահ, մենք ավելի գործնական կարող ենք այն սկզբունքների շուրջ, որոնց մասին ինքը ներկայացրեց իր տեսակետները՝ ավելի համագործակցելով, նաեւ ունենալ հաջողություններ։ Ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս մեր պատկերացումների մեջ մեկ անգամ եւս՝ Արցախյան շարժման այս 30-ամյակի շեմին, տեսնում ենք, որ Արցախը կարող է համահայկական իրականության մեջ ունենալ այն կարեւոր առանցքը, որի շուրջ կարող է համախմբել եւ կենտրոնացնել հայության ներուժը։

– Սակայն ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ նախագահն ավելի ներկայացուցչական պաշտոն է, եւ որոշումներ կայացնողը վարչապետն է։ Այս առումով Արցախի համար ավելի կարեւո՞ր չէ, թե ով է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո։

– Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Ով էլ որ լինի Հայաստանի նախագահը կամ վարչապետը, Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքում, եւ Արցախի ժողովուրդը հենց 30 տարի առաջ այս օրերին իր տեսակետը եւ իր կամքը ներկայացրեց:

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթ

1